Դիմորդները կարող են հայտագրվել, հետևել շարժին, փոխել և՛ բուհը, և՛ մասնագիտությունը. մեկնարկել է միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը
Ապրիլի 15-ից մեկնարկել է 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը:
Բուհը և մասնագիտությունը նշելու, նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունները մուտքագրելու համար պետք է ունենալ ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ն առցանց եղանակով դիմում-հայտ լրացնել Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում: ԳԹԿ անձնական համար ստանալու համար 12-րդ դասարանցիները դիմում են իրենց ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս տարի ձմեռային փուլում միայն քննություններ էին հայտագրում, չէին նշում մասնագիտությունն ու բուհը, իսկ հիմա պետք է ձմռանը քննություն հանձնած դիմորդները հայտագրեն իրենց ընտրած մասնագիտությունը և բուհը, իսկ եթե ցանկանում են պահել ձմռանը հավաքած միավորը, կարող են երկրորդ անգամ հանձնել այդ առարկաները և մրցույթին կմասնակցի ավելի բարձր գնահատականը:
«Դիմորդները կարող են հայտագրվել, հետևել շարժին, հայտում փոփոխություն անել, կամ հետևել և վերջում հայտագրվել: Դիմում-հայտում փոփոխություններ հնարավոր են մինչև հայտագրման ժամկետի ավարտը կատարել: Կարող են փոխել և՛ բուհը և՛ մասնագիտությունը, ըստ այդմ՝ նաև քննությունները»,- նշեց ԳԹԿ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ դիմորդների հայտագրումը տևելու է մինչև մայիսի 10-ը։ Այս փուլում քննություններին մասնակցում են դպրոցների, քոլեջների, ուսումնարանների այս տարվա և նախորդ տարիների շրջանավարտները։ Բոլոր դիմորդները հայտագրվելուց առաջ բանկում վճարում են միասնական և ներբուհական քննությունների համար 1500-ական դրամ: Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին գումար հարկ է փոխանցել միասնական քննությունների համար: Եթե երեխան ներբուհական կամ նաև ներբուհական քննություներ է հանձնելու, պետք է զանգահարել այդ բուհ, իմանալ հաշվեհամարը և բանկում վճարել այդ համարին: Անհրաժեշտ է վճարել դիմորդի անունով, որովհետև, եթե սխալմունք լինի, այդ գումարը վերադարձնելիս դժվարություններ կլինեն:
Ընդգծենք, որ միասնական քննությունները հանրակրթական առարկաներից են, այսինքն՝ այն, որոնք երեխան ուսումնասիրում է դպրոցում: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, մարզական մասնագիտություններով դիմողները՝ Կոնսերվատորիայի, Թատերականի, Ֆիզկուլտինստիտուտի, Գեղարվեստի ակադեմիայի, Մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետի որոշ մասնագիտությունների դիմորդները: