![](/banners/BeFunky-design.jpg)
Դատապարտում ենք միակողմանի քայլերը․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումների մասին
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1109805.jpg)
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան շեշտում է՝ Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում Կոլոնան նշեց՝ շատ կարևոր է դատարանի որոշումը հարգելը, որովհետև դա է իրավական իրականությունը, իսկ որոշման չկատարումը խաթարում է առանց այդ էլ անվստահության առկա մթնոլորտը։
Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումներին ՝ Կոլոնան ընդգծեց, որ Ֆրանսիան դատապարտում է նմանատիպ միակողմանի քայլերը։ «Ֆրանսիան դատապարտել և դատապարտում է նման միակողմանի քայլերը։ Մենք դա ասում ենք այստեղ, ես դա հանրայնորեն ասել եմ նաև երեկ Բաքվում։ Դատապարտում ենք միակողմանի քայլերը, դատապարտում ենք դատարանի որոշման չկատարումը։ Դատարանը իր վճիռն է կայացրել, շատ կարևոր է հարգել այդ վճիռը, որովհետև դա է իրավական իրականությունը և որովհետև չկատարելը նաև խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը»,- ասաց նախարարը։