Ապրիլի 29-ը՝ «Քաղաքացու օր». խորովածո՞վ, թե՞ առանց

Ընդամենը 2 օրից Հայաստանում կնշվի «Քաղաքացու օրը»: Փաշինյանի և նրա թիմակիցների իշխանության գալուց շուրջ 1 տարի անց՝ 2019 թվականի մարտին, իրեն հեղափոխական հռչակած Կառավարությունը լրացում կատարեց «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» և ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»:

Անցնող տարիներին «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներն իրենց ծավալով ամենամասշտաբայինը եղել են 2019-ին: Այդ տարի Քաղաքացու օրվա տոնակատարությանը  մասնակցում էր նաև Փաշինյանը, Երևանում՝ Մաշտոցի պողոտայում, խորոված անողներին օգնելով, խորհուրդներ տալով և շնորհավորելով.

«Օրվա ընթացքում դեմ չեմ լինի, եթե Մաշտոցի պողոտայում մանղալները շարած լինեն ու խորոված լինի, այնպես որ, ով սենց գաղափար ունի, թող չկաշկանդվի: Անկեղծ ասած՝ ուզում էի ինքս անել, բայց գիտեք՝ բազմաթիվ սահմանափակումներ կան»:

Ի դեպ, Փաշինյանը Կառավարության նիստում օրենքում լրացումների քննարկման ժամանակ  «Քաղաքացու օրը» համեմատել էր Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոների հետ. «Որևէ հատուկ ոչ աշխատանքային օր չի նշվում, այլ նշվում է տաղավար տոն»:

Կարդացեք նաև

Անցնող 5 տարիներին Քաղաքացու օրը մեծ շուքով նշվել է միայն 2019 թվականի ապրիլի 27-ին: Միջոցառումների կազմակերպման համար այդ տարի Կառավարությունը 124 մլն դրամ էր հատկացրել։ Այդ օրը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կազմակերպվել էին մի շարք  միջոցառումներ՝ վազքի, բռնցքամարտի, սուսերամարտի մրցումներ, տարբեր թեմաներով քննարկումներ,   և բոլորն էլ մեկ կարգախոսով՝  «Միտքդ վառ պահիր»:

2020 թվականին տոնը չնշվեց. պատճառը կորոնավիրուսի համավարակն էր:  Փետրվարի 17-ից  մեկնարկած սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը գյուղեգյուղ, քաղաքից քաղաք  ընկած՝ հայտարարում էր, թե՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի», կամ էլ՝ «կորոնավիրուսներին պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք»:

Եվ  կորոնավիրուսի համավարակը մեր հանրապետության դուռն էլ թակեց իր բազում խնդիրներով, մարդկային հազարավոր կյանքեր խլելով:

2021-ին էլ քաղաքացու օրը համընկավ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի հետ, և որոշվեց այն նշել ապրիլի 25-ին։

Այդ օրը նշանավորվեց  նրանով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց վարչապետի պաշտոնից, որպեսզի  իրավական հիմք ստեղծեր հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

2022 թվականին պետական բյուջեով Քաղաքացու օրվա տոնական միջոցառումների համար որոշվել էր հատկացնել է 40 մլն դրամ և  հայտարարվել էր համապետական շաբաթօրյակ:

Այս տարի ևս Կառավարությունը պատրաստվում է քաղաքացու օրը նշել, և այդ նպատակով ապրիլի 29-ին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ընդհանուր առմամբ՝ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։

Միայն պետք է հասկանալ, թե ո՞ր քաղաքացու օրն են նշում՝ շրջափակման մեջ գտնվո՞ղ, թշնամու ուղիղ թիրախի տակ հայտնվա՞ծ, սեփական հայրենիքը կորցնելու շեմին գտնվո՞ղ, ոստիկանների բռնություններին ենթարկվո՞ղ քաղաքացու… կամ գուցե  միայն իշխանափոխությունից հետո պաշտոններ ստացած՝ բարձր պարգևավճարների արժանացած  քաղաքացու օրն է: Գնահատականը թող տա հենց Հայաստանի Հանրապետության քաղաքացին…

Տեսանյութեր

Լրահոս