Էրդողանի խոսնակը՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքական արտաքին քաղաքականության հարյուրամյակը» խորագրով կոնֆերանսի շրջանակներում անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Հիշեցնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ Քալընը նշել է. «Մենք Հայաստանի հետ նույնպես կարգավորման գործընթաց սկսեցինք, որ բոլորս միասին՝ Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և մյուս տարածաշրջանային դերակատարները, այստեղ Իրանին էլ եմ ներառում, տարածաշրջանում նոր խաղաղության, հանգստության, բարօրության, կայունության մթնոլորտ ձևավորենք»։
Ըստ նրա՝ Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» ստորագրումը երկու կողմի օգտին է լինելու, սակայն էլ ավելի շատ Հայաստանին է տնտեսական առումով ձեռնտու լինելու։
«Սա մեր հարաբերությունների վրա էլ դրականորեն կանդրադառնա, և հավատացե՛ք Հայաստանն ու հայ ժողովուրդն էլ դրանից օգուտ քաղող և շահող կողմ են լինելու։ Այդ իսկ պատճառով մենք և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը, և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցություններին այսուհետև ևս շարունակելու ենք աջակցել»,- ընդգծել է Էրդողանի խոսնակը։