«Ասեց, որ պետք ա ոտք չդնեի էլ հյուրանոց». Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանելու համար ձերբակալված, ապա ազատ արձակված երիտասարդին գործատուն ազատել է աշխատանքից

«Նիկոլ-դավաճան» բղաված քաղաքացին՝ Սամվել Վարդանյանը, որը միջադեպից հետո ձերբակալվել, ապա իրավապաշտպանների միջամտությունից հետո ազատ էր արձակվել, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է միջադեպին և դրան հաջորդած իրողություններին:

«Ուզում եմ գրել երեկվա մասին ավելի հանգիստ։

Ես գոռալու պահին հստակ պատկերացրել եմ՝ ինչ կարա լինի։ Ոստիկանությունում առաջին անգամ չէի։ Ովքեր չեն տեսել, քոմենթում լինքեր կդնեմ՝ это я летом շարքից։

Ընդամենը մի պահ ոստիկանությունում մտածեցի՝ վսյո՜, ընկա խոշորացույցի տակ, բայցև նույն վայրկյանին հիշեցի, որ ես վաղուց եմ խոշորացույցի տակ, օրինակ՝

• էն պահից, երբ մեր վարչական շրջանը հունվարի 28-ի հետ կապված միջոցառում ա կազմակերպում ու կռված/«կռված» տղերքի հրավիրում, ինձ՝ չէ))) էն դեպքում երբ սեպտեմբերի 28-ից նոյեմբերի 9-ը Արցախում եմ եղել։

• էն պահից, երբ ԵՊՀ Ամերիկագիտություն բաժնում, որտեղ մագիստրատուրա էի ու կիսատ թողեցի, հանդիպում ա լինում ԱՄՆ դեսպանի հետ ու ես չեմ ներառվում՝ անգլերենի սինխրոն թարգմանիչ լինելով հանդերձ։

• էն պահից, երբ բաժնում ինչ-որ պարեկ իմ կամքին հակառակ իր Ipad-ով ինձ նկարում ու նույնականացնում ա։

Հա ֆեյքային գրոհներ էլ եմ պատկերացրել ու դեռ շա՜տ ավելի վատ բաներ, բայց իմ պայքարը միայն օնլայն չի։

Ոստիկանությունն իր ռեպերտուարի մեջ էր, տարբերությամբ, որ էս անգամ առանց ֆիզիկական բռնության, բայց ագրեսիվ-վերբալ (բացառությամբ մի երկուսի)։ Ոստիկաններից մեկը, ով պնդում էր, որ ցույցերից ենք իրար ճանաչում, հանեց հեռախոսն ու ինձ նկարեց, ասեցի՝ «դուք դրա իրավունքը չունեք, ասեց «ունենք»։

Պնդում էին, որ կուսակցական եմ, որևէ երիտթևից եմ, մութ գործերի մեջ եմ։

Հեռախոսս, որի վրա իմիջիայլոց կոդ չկար, պայուսակով հանդերձ մոտ 30 րոպե ինձ մոտ չէր։

Վերջում թուղթ էին տալիս ստորագրեմ, որ իմ իրավունքներին ծանոթացրել են, ինչը հրաժարվեցի անել, որովհետև ակնհայտ սուտ էր, էդ թուղթն առնվազն մի քանի կետով խախտել էին, անգամ զանգի հնարավորություն չտվեցին։

Մի խոսքով, երբ բաժնից դուրս եկա՝ Ռուբեն Մելիքյանն ու Քրիստինե Վարդանյանը բաժնի դիմաց էին, ինչը հստակ ցուցիչ ա, որ ցանկացած նման գործողության դիմող քաղաքացի, այսինքն՝ նիկոլենց գործունեության հետ կապված բարձրաձայն գնահատական հնչեցնող, միայնակ չի մնալու բաժնում։ Թեպետ սա նաև ինչ-որ չափով կապված էր նրա հետ, որ հասցրել էի կարճ ձայնային ուղարկել ընկերոջս։

Քանի որ աշխատանքից ուշացել էի, եկա հասկանալու՝ շարունակո՞ւմ եմ աշխատել, թե՞ ոչ, քանի որ գործատուն «քաղաքականությամբ չզբաղվող» ա։ Գործատուն, երբ իմացավ՝ անմիջապես ագրեսիվացավ, շուրջ 40 րոպե բորբոքված խոսել ենք, ասեց, որ պետք ա ոտք չդնեի էլ հյուրանոց, որ սխալ եմ, ո՞նց եմ ընտրված նախագահին (բառացի եմ ցիտում) բան ասում և այլն։ Վերջում էլ թե բա՝ «կսպասեմ քո օբյեկտի դեմը տենց բան գոռաս, ես էլ յութուբով տենամ», դե ես էլ ասի, որ որտեղ պետք ա՝ գոռում եմ, յութուբում էլ կամ))

Ամենավերջում էլ ասում ա «սկի սահմանից եկածներն իրանց տենց չեն պահում»։ Ի՜նձ Կառլ, ինձ ա տենց բան ասում))

Finita la historia. Ֆինիտան խիստ հարաբերական, իհարկե»։

Հիշեցնենք, որ երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր՝ երիտասարդի են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանելու համար:

Ավելի ուշ, երբ քաղաքացին ազատ էր արձակվել, իրավապաշտպանը մանրամասնել էր. «Քաղաքացին ինձ պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Չարենց- Սայաթ Նովա խաչմերուկին, այնտեղՔՊ-ի գրասենյակն է, պատահաբար քաղաքացին նկատել է եւ իր կարծիքն է հայտնել ընդամենը դավաճան վանկարկելով եւ միանգամից եկել են, տարել են, այդ պահին չտեղեկլացնելով, թե ինչի համար են բերման ենթարկում: Նրան բերել են բաժին եւ 1.5 ժամ նրան պահելով ազատ են արձակել»,- ասաց նա:

Իրավապաշտպանը հավելել էր՝ ազատ արձակման որոշում կա, որտեղ գրված է, որ քաղաքացուն բերման են ենթարկել սառը զենք կրելու կասկածով եւ եթե քաղաքացին ցանկություն հայտնի, իրենք կբողոքարկեն այդ որոշումը:

«Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են՝ Փաշինյանը դավաճան է, ինչ է իրենց գրպանում սառը զենք պե՞տք է ունենան, բնականաբար դա եղել է պատրվակ քաղաքացուն ճնշելու, պարզելու, թե նա որ քաղաքական ուժին է հարում: Քաղաքացին որեւէ քաղաքական ուժի չի հարում»,- ասել էր նա:

Հ.Գ. Սամվել Վարդանյանի գրառումը հրապարակում ենք իր թույլտվությամբ։

Տեսանյութեր

Լրահոս