Բաժիններ՝

«Թալիբան»-ը ոչնչացրել է 2021 թ.-ին Քաբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչության կազմակերպչին

Թալիբները ոչնչացրել են 2021 թ.-ին Քաբուլի օդանավակայանում ավելի քան 170 աֆղանստանցու և 13 ԱՄՆ զինծառայողի կյանք խլած ահաբեկչության կազմակերպչին: Նման տեղեկություն են տարածել ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ:

Associated Press-ի տվյալներով՝ «Իսլամական պետության» պարագլուխը թալիբների կողմից ապրիլի սկզբին սպանվել է Աֆղանստանի հարավում` ահաբեկչական խմբավորման դեմ անցկացված մի շարք ռազմական գործողությունների ժամանակ։ Ըստ լրատվամիջոցի՝ սկզբում ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ «Թալիբան»-ը չգիտեին, որ ահաբեկչության կազմակերպիչը մահացած է: Սակայն վերջին օրերին, ըստ Associated Press-ի աղբյուրի, ԱՄՆ հետախուզությունը հաստատել է, որ ԻՊ-ի պարագլուխը ոչնչացված է:

CNN հեռուստաալիքն իր հերթին մեջբերում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբիին, որը չի նշել ԻՊ-ի պարագլխի անունը, սակայն նրան անվանել է «այս սարսափելի գրոհի կազմակերպիչ»։ Քիրբին չի հստակեցրել, թե երբ են թալիբները սպանել ԻՊ-ի պարագլխին։ Նա այդ իրադարձությունն անվանել է ԻՊ-ի «բարձրագույն ղեկավարության շրջանում այս տարվա կորուստներից մեկը»:

2021 թ.-ի օգոստոսին, երբ Աֆղանստանից հեռացան ԱՄՆ զորքերը, և իշխանությունն անցավ թալիբներին, ամերիկացի զինվորականների կողմից տարհանումների ժամանակ ահաբեկչություն տեղի ունեցավ Քաբուլի օդանավակայանի մերձակայքում։ Զոհվեց ավելի քան 170 աֆղանստանցի, այդ թվում՝ «Թալիբան» շարժման անդամներ և խաղաղ բնակիչներ, ինչպես նաև 13 ամերիկացի զինվորական։ Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ խմբավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս