Բաժիններ՝

«Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է զրոյական օրվա էքսպլոյտի կիրառմամբ ծածկագրիչների գրոհներ

«Կասպերսկի» ընկերության փորձագետները 2023-ի փետրվարին հայտնաբերել են Microsoft Common Log File System (CLFS) ֆայլային համակարգի նախկինում անհայտ խոցելիության օգտագործմամբ գրոհ։ Չարագործները Nokoyawa շորթող ծրագիրը տարածելու փորձեր իրականացնելու նպատակով օգտագործել են էքսպլոյտ, որը մշակվել է Windows ՕՀ-ի տարբեր տարբերակների և փաթեթների, ներառյալ՝ Windows 11-ի համար։ Microsoft-ն այս խոցելիությանը տվել է CVE-2023-28252 համարը, այն արդեն փակված է: Թիրախների թվում են եղել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի երկրների փոքր և միջին ձեռնարկությունները։

Ընկերության փորձագետները պարզաբանում են, որ ամենից հաճախ զրոյական օրվա խոցելիություններն օգտագործվում են թիրախային գրոհներ իրականացնելու համար, սակայն այս մեկը կիրառվել է առաջ անցած կիբեռխմբի կողմից՝ շորթող ծրագրերի օգտագործման միջոցով ֆինանսական օգուտներ քաղելու նպատակով:

Այս խումբը արդեն վաղուց օգտագործում է նմանատիպ, բայց եզակի CLFS էքսպլոյտներ։ Ընկերության փորձագետները տեսել են այս կարգի առնվազն հինգ տարբեր էքսպլոյտ։ Դրանք օգտագործվել են մանրածախ և մեծածախ առևտրի, էներգետիկայի, արտադրության, առողջապահության, ծրագրային ապահովման մշակման ոլորտների վրա գրոհներում:

«Եթե նախկինում զրոյական օրվա էքսպլոյտները հիմնականում օգտագործվում էին բարդ թիրախային գրոհներ իրականացնելու համար, ապա այժմ չարագործներն ունեն դրանք ձեռք բերելու և հաճախակի կիրառելու ռեսուրսներ: Կան նաև ծրագրավորողներ, որոնք պատրաստ են օգնել նրանց և մշակում են էքսպլոյտը էքսպլոյտի հետևից: Մենք խորհուրդ ենք տալիս ընկերություններին հնարավորինս շուտ ներբեռնել Microsoft-ի վերջին շտկումները և ուժեղացնել պաշտպանությունը, մասնավորապես, Endpoint Detection and Response (EDR) լուծումների միջոցով»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության  փորձագետ Բորիս Լարինը:

«Կասպերսկի» ընկերության լուծումները հայտնաբերում և պաշտպանում են նշված խոցելիության և դրա հետ կապված վնասաբեր ծրագրերի շահագործումից:

Տվյալ խոցելիության կիրառմամբ գրոհներից բիզնեսը պաշտպանելու համար ընկերության փորձագետները խորհուրդ են տալիս պարբերաբար թարմացնել Microsoft Windows-ը; օգտագործել աշխատատեղերի պաշտպանության հուսալի լուծում, որն ունի էքսպլոյտներից պաշտպանելու, կասկածելի վարքագծի հայտնաբերման և վնասաբեր գործողությունների հետադարձման գործառույթներ; կիրառել համալիր պաշտպանական լուծումներ, որոնք թույլ կտան կառուցել անվտանգության ճկուն և արդյունավետ համակարգ, որն իր մեջ կներառի աշխատատեղերի հուսալի պաշտպանության ապահովումը, վաղ փուլերում ցանկացած բարդության գրոհների հայտնաբերումն ու դադարեցումը, աշխարհում կիբեռգրոհների մասին արդիական տվյալների հավաքագրումը; ներդնել EDR լուծում և ծառայություն, որը կարող է բացահայտել և դադարեցնել գրոհները վաղ փուլում՝ կանխելով չարագործների կողմից էական վնաս հասցնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս