Աստծու խոսքը մեզ վրա թույլ ներգործելու պատճառների մասին
Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խոսքն է: Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն: Եվ որոնք որ ապառաժի վրա են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ` հեռանում: Իսկ այն, որ փշերի մեջ ընկավ, այդ նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով` խեղդվում և անպտուղ են լինում: Իսկ այն, որ պարարտ հողի վրա է, նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը` ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս (Ղուկ. Ը 11-15):
Ինչո՞ւ է այսօր Աստծու խոսքը թույլ ներգործում մեզ վրա: Ինչո՞ւ հնում քրիստոնյաներն ավելի զգայուն էին նրա նկատմամբ: Առաջին խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որ Աստծու խոսքն աճի և հասունանա մարդու սրտում, ծուլությունն ու անփութությունն են: Հիսուս Քրիստոս Իր սերմնացանի առակում այս մասին ասում է. «Մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին» (Ղուկ. Ը 5): Ճանապարհը խորհրդանշում է ծույլ ու անբան մարդու սիրտը (ըստ ս. Հովհ. Ոսկեբերանի մեկնության): Ինչպես ճանապարհին թափված սերմն է անցորդների ոտքի կոխան դառնում, այդպես էլ ծույլ ունկնդիրը ուշադրություն չի դարձնում Աստծու խոսքին: Նրա համար դատարկ և ունայն պատմություններն ավելի ախորժելի են, քան իրեն քրիստոնեական կյանքի մեջ հաստատող խրատները: Ահա նման անփութության մի օրինակ:
Մի հույն վարժապետ չէր կարողանում հասնել այն բանին, որ ժողովուրդն իրեն ունկնդրեր, երբ խոսում էր պետական կարևորագույն գործերի մասին: Այդժամ նա սկսում է պատմել մի մտացածին պատմություն այն մասին, թե ինչպես մի պատանի ամռանը մի մարդու ավանակ է վարձում, որ մի քաղաքից մյուսը գնա: Երբ կեսօրին արևը սկսում է կիզել, երկուսն էլ ցանկանում են շոգից պատսպարվել ավանակի ստվերի ներքո, սակայն վիճելով` սկսում են հրմշտել իրար ստվերի համար: Պատանին ասում է, որ ինքն է վարձել ավանակը, ուստի նրա ստվերը ևս իրեն է պատկանում, իսկ տերը, թե` վարձով է տվել առանց ստվերի: Պատմելով այսքանը` վարժապետը թողնում է իր տեղը, որ հեռանա, սակայն ժողովուրդը ետ է պահում նրան` պահանջելով, որ ավարտի պատմությունը և ասի, թե ինչպես լուծվեց վեճը: Այդժամ վարժապետը ծիծաղում է և ասում. «Ի՜նչ մարդիկ եք դուք: Ավանակի ստվերի մասին լսել ուզում եք, իսկ հայրենիքի փրկության մասին` ոչ»:
Այդպիսին են որոշ քրիստոնյաներ. երբ նայում են, լսում կամ կարդում ունայն բաներ, բնավ չեն ձանձրանում, թեկուզ այն տևի մի ամբողջ օր: Իսկ Աստծու խոսքը կարդալու կամ լսելու ժամանակ չունեն:
Մյուս խոչընդոտը, որը թույլ չի տալիս, որ Աստծու խոսքն արմատավորվի մարդկանց սրտերում և պտղաբերի, խստասրտությունն է: Հիսուս Քրիստոս խստասիրտ մարդկանց նմանեցնում է քարերի. «Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա. երբ բուսավ, չորացավ խոնավություն չլինելու պատճառով» (Ղուկ. Ը 6): Ինչպե՞ս է մարդը դառնում քարի նման: Մեղքի մեջ հարատևելով: Իմաստունն ասում է. «Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը» (Առակ. ԺԸ 3), այսինքն` երբ մարդը վարժվում է անօրեն գործերի, չի լսում ո՛չ խղճի խայթոցները, ո՛չ էլ քարոզիչների հանդիմանությունները:
Երրորդ խոչընդոտը կենցաղային հոգսերն ու հաճույքներն են: Փրկիչը այս ամենը արտահայտեց «փշեր» բառով. «Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ. ու փշերը նրա հետ բուսելով` այն խեղդեցին» (Ղուկ. Ը 7): Քիչ չի պատահում, երբ մարդիկ խանդաղատանքով, երբեմն էլ արցունքով են իրենց մեջ ընդունում Աստծու խոսքը, թվում է` ուզում են մաքրագործվել մեղքերից ու ճշմարիտ ուղի գտնել: Հետագայում, սակայն, չցանկանալով զրկվել որևէ ժամանակավոր բարիքից կամ էլ ցանկանալով առավել բազմապատկել հարստությունը, իրենց հոգևոր տկարության պատճառով մնում են այնպիսին, ինչպիսին եղել են: Ուստի Տերն ասում է. «Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մատթ. Զ 24): Մանավանդ մարմնական կրքերն ու արծաթասիրությունը թույլ չեն տալիս, որ Աստծու խոսքը պտղաբերի մարդու սրտում: Սրանք են փրկարար սերմերի` Աստծու խոսքի ընդունման և հոգում պահելու հիմնական խոչընդոտները:
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից