«Եթե այդ անձը ժամանակին զբաղվեր նորմալ լրագրությամբ, ոչ թե զրպարտությամբ, ուսումնասիրեր Մադրիդյան սկզբունքները, կտեսներ՝ որևէ ենթակետով Արցախն Ադրբեջանի կազմում չէր ուրվագծվում». Բելլա Լալայան
168.am–ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական, հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանը։
– Տիկին Լալայան, ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ Արցախից եկող հայտարարություններն իրենց համբերությունը հատում են, նկատի ուներ օրերս Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների տարածած համատեղ հայտարարությունը։ Ինչպե՞ս կարձագանքեք ՀՀ ԱԺ պատգամավորի այս հայտարարությանը։
– Արցախի Ազգային ժողովը շատ կոռեկտ, ես կասեի՝ շատ մեղմ է անդրադարձել Հայաստանի քաղաքական վերնախավի արցախադավ հայտարարությանը։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի բորբոքված ելույթին, թե իրենց համբերությունը հատել է, ապա պետք է ասեմ, որ նման դեպքերում սառը ջուր են խմում։ Քաղաքականության մեջ զգացողությունների վրա հիմնված հայտարարություններ չեն անում, այդ իշխանական պատգամավորն իր համբերությունը կարող է կիրառել տան անդամների հետ։ Իսկ ԱԺ ամբիոնը հիմնավորված ու ծանրակշիռ խոսքի համար է։ Բացի այդ, երբ սույն անձը դիմում է արցախցիներին՝ սիրելի, հարգելի բնորոշումներով, ապա թող հիշի, որ ինքը 120.000 արցախահայերի պատրաստ է զոհաբերել 3 մլն հայության փրկության համար։
Եթե ձեռքս հասներ, պիտի երկու աչքերի բիբը խառնեի այդ պահին, որովհետև իմ համբերությունն էլ այդ պահին էր հատել։ Այնպես որ, բացատրեք երկար տարիների քաղաքական գործունեության փորձ ունեցողին, ինչպես ինքն է իրեն բնութագրում, որ ԱԺ ամբիոնը դրամատիկական թատրոնի բեմը չէ։ Չնայած ինչ եմ ասում՝ այդ իշխանությունն ամբողջ Հայաստանն է դարձրել տրագիկոմեդիկ էժանագին ներկայացումների բեմահարթակ։ ԱԺ ամբիոնից Հայաստանի պաշտպանության մասին վերամբարձ խոսքեր է հնչեցնում մեկը, ում քաղաքական թիմը թշնամուն հասցրել է Սյունիքի մարզի Տեղ համայնք, որտեղ իր դիրքում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինվոր է զոհվում։ Եթե այսքանից հետո նա համարձակվում է օրենսդիր մարմնի ամբիոնից նման ճառեր ասել և ողջ մնալ, ուրեմն՝ խնդիրն իր մեջ չէ, այլ հասարակության։ Ուրեմն՝ այդ հասարակության զգալի մասը ծանր հիվանդ է։ Ավելին՝ այնքան ժամանակ են այսպիսիք նման լկտի ու ցինիկ պահվածք ունենալու, մինչև հասարակությունը չսթափվի ու պատասխան չպահանջի ասած յուրաքանչյուր ստի համար։
Մեկ դիտարկում ևս՝ եթե տվյալ պատգամավորը շեշտում է, որ իրենց առաքելությունը Հայաստանը պահելն է, ուրեմն՝ թող առհասարակ սսկվի ու Արցախի անունն այլևս չտա ոչ մի ենթատեքստով։ Իսկ առհասարակ, Արցախի մասին ցանկացած քննարկման հիմքում պետք է ընկած լինի Արցախի ժողովրդի կամքը, որն արտահայտվել է հանրաքվեի միջոցով։ Բոլոր մյուս մոտեցումները թրքաբարո ու ազգադավ կեցվածք են։
– Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ խմբակցությունների հայտարարության վերաբերյալ ասաց, որ հավանաբար իր ասածներն Արցախում սխալ են հասկանում, իսկապե՞ս Արցախում Նիկոլ Փաշինյանի ասածների վերաբերյալ սխալ ընկալում կա։
-Կարծում եմ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Արցախի ԱԺ-ն ոչ թե պետք է լսեր, արձագանքեր, գնահատական տար ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարություններին ու դիրքորոշումներին, այլ պարտավոր էր արգելել մեզ պարտության տարած անձին զբաղվել Արցախի հարցով, հանդես գալ Արցախի անունից կամ որևէ բանակցություն վարել։
Այսինքն՝ քանի դեռ մեզ պարտության տարած ղեկավարն է որոշում Արցախի ճակատագիրը, պարզ է և տրամաբանական, որ մենք միշտ ունենալու ենք կորուստներ և մնալու ենք պարտվածի դերում՝ ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում, ինչը մենք տեսնում ենք։
Ի՞նչն է խնդիրը, որ Արցախի իշխանությունները չեն արգելում ՀՀ իշխանություններին առհասարակ միջամտել Արցախի հարցերին։ Հայաստանը մինչև այսօր ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին, կարծում եմ՝ պատճառը սա է։ Նախ, մի կողմ թողնենք այն բոլոր հանգամանքները, թե ինչու են այդ ֆինանսական աջակցությունը ցուցաբերում, ինչ հիմքով, ինչքանով է դա պարտավոր անել և այլն։ Միայն մեկ բան կարող եմ ասել՝ մենք կարող ենք նաև հրաժարվել այդ ֆինանսական աջակցությունից, որպեսզի ՀՀ օրվա իշխանությունը չխեղճացնի դրանով Արցախին։
Տվյալ պարագայում մենք ունենք 10 մլն հայկական սփյուռք, նրանք պետք է իրենց վրա վերցնեն Արցախի ֆինանսական, տնտեսական խնդիրները, պահեն Արցախին, հոգան նրա խնդիրները, մինչև այս հարցը լուծվի, որովհետև Արցախում է որոշվում հայ ազգի լինելիության, հայոց պետականության հայրենիք ունենալու հարցը։ Եթե սփյուռքն ուզում է ունենալ հայրենիք, չդառնա քոչվոր, մնա պատմության ու մշակույթի կրող ազգ, պետք է հոգա Արցախի համար։ 120 հազար արցախահայերի ֆինանսական հարցերը հոգալու խնդիրը մեծ խնդիր չէ, 10 մլն հայի համար։ Պարզապես կամք է պետք այս որոշումը կայացնելու, կամք սփյուռքի կողմից՝ այդ խնդիրն իր վրա վերցնելու համար։
– Նիկոլ Փաշինյանը նաև ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Դուք բավականին երկար ժամանակ հասարակական-քաղաքական գործունեությամբ եք զբաղվում Արցախում, երբևէ նման հարց քննարկվե՞լ է՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։
– Եթե այդ անձը ժամանակին կարողանար զբաղվել նորմալ լրագրությամբ, այլ ոչ թե զրպարտությամբ ու բամբասանքով, չլիներ դեղին մամուլի թղթակից, ապա կկարողանանար ուսումնասիրել Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ ոչ թե որևէ կետով, այլ նույնիսկ որևէ ենթակետով Արցախն Ադրբեջանի կազմում չէր ուրվագծվում։ Դրա մասին ոչ մի խոսք ու ենթախոսք, տող չկար, կար Արցախի ինքնորոշման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։ Ավելին ասեմ, ենթադրենք, թե Մադրիդյան սկզբունքներով նախատեսվում էր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ եք մոռանում, որ այդ անձը, Մադրիդյան սկզբունքներում ինչ-որ պատճառներ փնտրողը, 2018 թվականին գալով իշխանության՝ հայտարարում էր, որ բանակցությունները սկսում է զրո կետից և այդպես էլ արել է։ Բացի դրանից, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ լավ են անում, ինչ ուզում, այն էլ բանակցում են։ Ինչո՞ւ է հիմա խնդիրներ փնտրում Մադրիդյան սկզբունքներում, նախկիններում, մամոնտներում, ցիկլոպներում, Ադամի ու Եվայի մեջ, ինչո՞ւ։ Նույնիսկ այս իրավիճակում, երբ Արցախի այս մի հատվածը գտնվում է պաշարման մեջ, գերի է վերցված 120 հազար մարդ, որոնցից 30 հազարը երեխաներ են, 20 հազարը՝ ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք, և նման իրավիճակում, երբ արցախցին չունի բնականոն կյանքի պայմաններ, զրկված է ջեռուցումից, արտաքին աշխարհի հետ կապից, նույնիսկ այս պարագայում Արցախում չի քննարկվում, որ Արցախը կարող է Ադրբեջանի հետ գնալ համակեցության, սա աբսուրդի ժանրից է։
Այսօրվա դրությամբ էլ արցախցին պատրաստ է համբերել, դիմանալ բոլոր տառապանքներին ու անցնել բոլոր դժվարությունների միջով, միայն թե պահի Արցախի այս հատվածը՝ իր ինքնությունը, հայկականությունը, դրոշը, հիմնը, լեզուն, պետականությունը։ Եթե նկատել եք, այս ամենն արցախցին անում է անտրտունջ, առանց հիստերիայի մեջ ընկնելու, ավելորդ նվնվոցների։ Միակ խնդիրը, որ երբեմն-երբեմն իրեն զգացնել է տալիս՝ հուսահատությունն է, որը բխում է անորոշությունից, որովհետև մենք պայքարում ենք, դիմանում դժվարություններին, բայց հաջորդ վայրկյանին լսում ենք, որ Հայաստանի իշխանությունը բանակցում է Արցախի փոխարեն և Արցախը խցկում է Ադրբեջանի կազմ։ Միայն այս դեպքում է հիասթափությունը հայտնվում Արցախում այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը կրկին ինքն իրեն հավաքում է։
Եթե Հայաստանի ղեկին այսօր լիներ պետականամետ, ազգային գաղափար կրող իշխանություն, ապա հեշտությամբ ամբողջ աշխարհին կարելի էր ցույց տալ, որ Արցախը, իր շինարար ու խաղաղասեր ժողովրդով, չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մի երկրի կազմում, որի ղեկավարն իրականացնում է ահաբեկչական քաղաքականություն, որի ղեկավարը մարդասպան է, ամեն օր ռազմատենչ հայտարարություն է անում։ Նորից գալիս եմ իմ այն մտքին՝ որպեսզի Արցախը կարողանա ոտքի կանգնել, առաջին հերթին պետք է արգելի Հայաստանի ղեկավարությանը հանդես գալ իր անունից և առհասարակ բանակցել Արցախի համար։