Հայտնի է՝ երբ Բայդենը կհայտարարի երկրորդ ժամկետով վերընտրվելու իր մտադրության մասին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է նախագահական ընտրարշավին իր մասնակցության մասին հայտարարել արդեն հաջորդ շաբաթ:

«Բայդենի մերձավոր խորհրդականների և դաշնակիցների նեղ շրջանակը երեքշաբթի օրը պատրաստվում է տեսահայտարարության, որը կհամընկնի 2019 թ.-ին Բայդենի կողմից քարոզարշավի մասին հայտարարության օրվա հետ», – հաղորդում է CNN-ը` վկայակոչելով չորս իրազեկ աղբյուրների:

CNN-ի տվյալներով՝ «սենտիմենտալ և տարեդարձներ սիրող Բայդենը» հավանություն է տվել պլանին՝ իր մտադրությունները պաշտոնական դարձնել արդեն ապրիլի 25-ին. 4 տարի առաջ հենց այդ օրն էր նա մեկնարկել իր քարոզարշավը:

Խորհրդականները զգուշացնում են, որ հայտարարության ժամկետը կարող է փոխվել անկանխատեսելի իրադարձությունների պատճառով, սակայն, ըստ դեմոկրատների բարձրաստիճան ներկայացուցչի, որոշում է ընդունվել, որ «ժամանակն է հայտարարելու ակնհայտը՝ նա առաջադրվում է»:

Լրատվամիջոցը նշում է, որ պաշտոնական հայտարարությունից հետո կսկսվի պայքար՝ համոզելու հանրությանը, որ Բայդենն ի վիճակի է 80 տարեկանից հետո էլ շարունակել ծառայությունը:

Ըստ աղբյուրների՝ Բայդենի քարոզարշավի կենտրոնակայանը կլինի նրա ծննդավայրում՝ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում:

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թ.-ին: Մինչ այդ յուրաքանչյուր կուսակցություն կանցկացնի ներքին ընտրություններ՝ փրայմերիզ, որի ժամանակ կորոշի իր թեկնածուին։

Առայժմ միայն ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր որդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը և գրող Մարիաննա Ուիլյամսոնն են հայտ ներկայացրել Դեմոկրատական ​​կուսակցության նախագահական փրայմերիզին մասնակցելու համար։

Հանրապետական կուսակցությունից ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Տեսանյութեր

Լրահոս