«Մենք չենք կարծում, որ նման հայտարարությունները տեղին են… Պետք է չշտապել». Գարեգին Բ

«Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է,- Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում նշեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ նկատելով,- Այս առումով, անշուշտ, հստակ է հայաստանաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը»:

Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը հույս հայտնեց, որ այս առումով արդեն ներդրված ջանքերը պիտի շարունակվեն, և խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ջանքերի արդյունքում պիտի ունենա իր կարգավորումը։

Լրագրողի խնդրանքով անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախկին իշխանությունները Մադրիդյան սկզբունքներով Արցախն արդեն ճանաչել են Ադրբեջանի կազմում, նա ընդգծեց.

«Մենք չենք կարծում, որ նման հայտարարությունները տեղին են և որևէ կերպ կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար։ Պետք է չշտապել. ընդհակառակը, ամեն կերպ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը»:

Կարդացեք նաև

Գարեգին Բ-ն շեշտեց՝ չի կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

«Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի Արցախի հայաթափում։ Մենք ամեն ջանք ու գործ պիտի ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը»,- ամփոփեց ՀԱԵ առաջնորդը:

Տեսանյութեր

Լրահոս