«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի լավագույն քաղաքական կենդանին է՝ քաղաքական ժանգլյոր». Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի լավագույն քաղաքական կենդանին է, և բոլոր նրանք, ովքեր թերագնահատում են Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական ժանգլյոր, խորապես սխալվում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում կառավարության 2022թ. ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հակասական հայտարարություններին:

«Ընդդիմության մշտական և պերմանենտ պարտությունը նրանում է, որ նրանք գնահատում են Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական կենդանի, և փորձում են Փաշինյանի հետ խոսել այլ հարթության մեջ: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության և քաղաքական դաշտի հետ մտել է «մարտեր՝ առանց կանոնների»-ի մեջ, իսկ դրան պետք է պատասխանես նույն կերպ՝ մարտեր՝ առանց կանոնների: Միայն այդ դեպքում դու կարող ես փորձել ադեկվատ հարթության վրա լինել մի մարդու հետ, որը մի նախադասության սկզբում կարող է ասել մի բան, այդ նույն նախադասության վերջում հակասել իր ասածին: Նա մարդ է, ով ասում էր՝ ես սկսում եմ բանակցություններն իմ զրոյական կետից, ով Կապանում հայտարարում էր, որ մադրիդյան սկզբունքներն ընդունելի են, մարդ, ում կառավարության ծրագրում մադրիդյան սկզբունքները ներառված են՝ որպես ԼՂ հակամարտության լուծման հիմնաքար, երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընդհանրապես որևէ բան չի բանակցել: Մարդ, ով 2009թ. կոչ էր անում Սահակաշվիլուն հեռանալ, այն, ինչ պատերազմից հետո ասում է քաղաքական ադեկվատ դաշտը, հասարակության ադեկվատ հատվածը, նույնիսկ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին այսօր սատարող Էդմոն Մարուքյանն էր ասում, որ պարտության խորհրդանիշը չի կարող վարել բանակցություններ, իսկ այսօր նա թաքնվում է ժողովրդի հետևում, ասում է՝ քանի դեռ ժողովուրդը ինձ ընտրելու է, ես շարունակելու եմ Հայաստանը կործանելու իմ քաղաքականությունը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ եթե փորձենք Փաշինյանի ելույթի քվինտեսենցիան հանել, կստացվի, որ ըստ Փաշինյանի՝ մեղավորը ժողովուրդն է, իսկ ինքն այն է, ինչ կա, չի թաքցնում իր ծրագրերը, որոնք պատրաստ է կյանքի կոչել. «Հայտարարեց, չէ՞, Ադրբեջանն ուզում է ամեն ինչ, և մեղավորը ժողովուրդն է, որ շարունակում է վստահության քվե տալ իրեն: Այսինքն՝ զարմանալ Նիկոլի արած հայտարարությունների հակասություններից, նույն բանն է, որ զարմանալ, որ ամեն օր լույս է բացվում: Ընդդիմադիր դաշտն էլ ոչ թե պետք է ամեն անգամ զարմանա, փորձի Նիկոլին բռնացնել իր ասած մտքերի հակասությունների մեջ… Ինքը չի ամաչում, ինքը չունի բարոյական կարմիր բարձիկներ, կարող է ասել՝ այո, խաբել եմ, լավ եմ արել, ինչպես ասաց՝ եթե ես գայի և ասեի՝ այս հողերը կտանք, մենք կունենայինք նույն ելքը, ուղղակի առանց զոհերի: Այսինքն՝ տպավորություն էր, որ զոհերից ամեն մեկը մի տան սյուն չէր, այլ՝ դե զոհեր էին, էլի՝ պլյուս-մինուսով, հասկանո՞ւմ եք: Ոչ թե պետք է զարմանալ նրա ասածների հակասություններից, այլ պետք է ճիշտ աշխատել հասարակության այն ադեկվատ հատվածի հետ, որի հետ աշխատելու պորտալարը ընդդիմությունը դեռևս չի կարողանում գտնել: Դրա համար այս մարդն անում է այն, ինչ ուզում է»:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը չպետք է լիներ խորհրդարանում. «Խորհրդարանական հատվածում հաղթել ժանգլյորության, քաղաքական մանիպուլյացիայի նոբելյան մրցանակակրին, անիմաստ զբաղմունք է: Նրա քաղաքական թիմը չունի բարոյական կարմիր գծեր, իսկ դիմացը նստած են մարդիկ, ովքեր, այդուհանդերձ, ունեն բարոյական կարմիր գծեր և այդ գծերը չեն անցնում: Երբ դու չես անցնում այդ գիծը, քեզ ստիպված իջեցնում են այն հարթակի վրա, որտեղ իրենք են, որտեղ չկան բարոյական կարմիր գծեր, և այդ հարթակում քեզ ջախջախում են»:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ նաև 2021թ. ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ Փաշինյանն ասում է, որ թեկուզ իրեն գժի տեղ դնելով, թեկուզ ոչ ադեկվատ թվալով՝ պետք է կանվեերի վրայից դուրս պրծնի: Նա նշեց, որ այդ ձայնագրությունը ներկայացրել էին իրենց դեմ, բայց փորձագետների գնահատմամբ՝ ընտրություններից առաջ օգնել է իրենց:

Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ նորմա՞լ է, որ երկրի ղեկավարն ասում է՝ իրեն դրել է գժի տեղ, և, որ դա նրան օգնել է, որ վերընտրվի:

«Նորմալ է այն 10 տոկոսի համար, ովքեր Նիկոլ Փաշինյանի սեկտայի ներկայացուցիչներ են: Ես ասել եմ՝ նիկոլիզմը Հայաստանի ամենավտանգավոր աղանդն է, բայց բարեբախտաբար, նրանց տոկոսը շատ փոքր է, և այդ տոկոսի համար, այո, նորմալ է, որ երկրի ղեկավարը կարող է հայտարարել, որ իրեն դրել է գժի տեղ: Բայց հասարակության գերակշիռ մեծամասնությունը հասկանում է, որ մենք կանգնած ենք աղետից մինուս մեկ պակաս: Այսօր կա մի Նիկոլ, իսկ նրա քաղաքական թիմը ծայրից ծայր զրո է, և պետք է մենք կարողանանք իսկապես ձևավորել անտինիկոլ ճակատ: Կկարողանա՞ ընդդիմությունը մի կողմ դնել իր ամբիցիաները՝ ես սրա բոյը չեմ սիրում, ես սրա ռեյտինգը չեմ սիրում, և այլն, և ձևավորել անտինիկոլ ճակատ, մենք հնարավորություն կունենանք փրկելու Հայաստանը, որովհետև այստեղ արդեն դրված չէ Նիկոլի հարց, այստեղ դրված է Հայաստանի լինել-չլինելու հարց, որովհետև երեկ Նիկոլն ինքը հայտարարեց ԱԺ ամբիոնից, որ Ալիևն ուզում է ամեն ինչ»,- ի պատասխան՝ ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս