
Ալիևը հերթական անգամ առիթը բաց չի թողել կեղծիք տարածելու և «Արևելյան Զանգեզուր» խոսույթը շրջանառելու համար

Ներկայումս Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման հարցը մեզ համար կարևոր առաջնահերթություն է, և ես իմ շրջագայությունների մեծ մասը շրջաններ կատարում եմ հենց այդ տարածքներում. ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկացնելով, որ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում վերականգնողական լայնածավալ աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսվածի, Ալիևը նշել է. «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում կատարված աշխատանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք՝ այդ հողերի տերերը, վերադարձել ենք մեր նախնիների հողերը: Հայաստանը երեսուն տարի կեղեքել է այս հողերը, քարը քարի վրա չի թողել, զբաղված է եղել ավազակությամբ ու գողությամբ, բարբարոսությամբ։ Իսկ մենք՝ այս հողերի տերերս, եկել ենք կառուցելու, արարելու։ Ուստի պատերազմի ավարտից անմիջապես հետո աշխատանքների մեկնարկն արդեն տրվել էր։
Ընդգծելով, որ երկու բնակավայրում՝ Աղալի և Թալիշ գյուղերում, արդեն բնակեցված են նախկին տեղահանվածները, Իլհամ Ալիևն ասել է. «Այս գյուղերի օրինակով մենք ընդհանուր առմամբ տեսնում ենք Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ապագա տեսքը, այն է՝ բարեկեցիկ գյուղեր, խելացի կառավարման հիման վրա ստեղծված ենթակառուցվածքներ: Այսինքն՝ այս ամենն ակնհայտ է։ Եվս մեկ անգամ ասեմ՝ այս երկու նախագծերն արդեն ցույց են տալիս Ադրբեջանի ողջ բնակչությանը և ամբողջ աշխարհին, թե ինչպիսին է լինելու Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ապագա պատկերը»։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը