Պեկինը G7-ի արտգործնախարարներին մեղադրում է Չինաստանին նսեմացնելու մեջ
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ Ճապոնիայում Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Պեկինին զրպարտելու նպատակ է ունեցել։
«G7-ի ԱԳ նախարարների հանդիպումը հաշվի չի առել ո՛չ Չինաստանի պաշտոնական դիրքորոշումը, ո՛չ օբյեկտիվ փաստերը: Նրանք միջամտել են երկրի ներքին գործերին՝ չարամտորեն զրպարտելով Չինաստանին», – ասել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Վան Վենբինը:
G7-ի երկրների արտգործնախարարները Ճապոնիայում կայացած հանդիպման արդյունքների շուրջ համատեղ հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել Չինաստանի միջուկային զինանոցի ընդլայնման առնչությամբ և Պեկինին կոչ են արել ԱՄՆ-ի հետ բանակցել ռազմավարական ռիսկերը նվազեցնելու շուրջ։ Դիվանագետները նաև հաստատել են ռազմական նպատակներով օգտագործման ենթակա առարկաների և տեխնոլոգիաների վերահսկման կարևորությունը՝ գլխավորապես արտահանման վերահսկման բազմակողմ ռեժիմների օգնությամբ:
Բացի այդ, Մեծ յոթնյակի արտգործնախարարները վերահաստատել են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը և Պեկինին կոչ են արել զերծ մնալ սպառնալիքներից։ Հայտարարության մեջ նրանք նշել են Թայվանի հետ կապված խաղաղության և կայունության կարևորությունը՝ որպես գլոբալ անվտանգության անփոխարինելի տարր: