Բաժիններ՝

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW մակնիշի բեռնատարին: Բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի ուղևորը:

«Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը դեռ պետք է գնահատվի։ Երթևեկությունը դադարեցվել է մի քանի ժամով, ինչը հանգեցրել է գնացքների երթևեկության ժամանակացույցի խախտման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննչական մարմինները քրեական վարույթ են հարուցել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով։

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ պատահարի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։ Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է ավտոտրանսպորտի վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերով անցնելիս՝ քաղաքացիների կյանքը, առողջությունը և գույքը պահպանելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս