Մեր հայրենիքի ամեն մասնիկի հետևում մարդկային ճակատագիր է, հայրական տուն, ընտանիք. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը գրում է. «Մեր Հայրենիքի ամեն մասնիկի հետևում մարդկային ճակատագիր է, հայրական տուն, ընտանիք:

Ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայության հետեւանքով Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում։

Մարդիկ զրկվել են օրենքով իրենց պատկանող վարելահողերն ու արոտավայրերը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:

Մոտ 4 տասնյակ ընտանիքներ ունեն սեփականության իրավունքի վկայականներ, բայց չեն կարողանում մոտենալ անգամ իրենց հողերին։

Ապացույցները հաստատում են` ավելի քան հարյուրավոր հեկտար վարելահող ու արոտավայր կա´մ անմիջականորեն ադրբեջանական օկուպացիայի ներքո են, կա´մ գտնվում են ադրբեջանական զինված ծառայողների վերահսկողության (դիտարկման) ներքո։

Մենք ուսումնասիրել ենք մարդկանց տրված օրինական վկայականները, որոնք հաստատում են մարդկանց սեփականության իրավունքը հողատարածքների նկատմամբ:

Ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, ադրբեջանակա զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացուցում են, որ Ադրբեջանը չունի խաղաղության մտադրություններ:

Շարունակում եմ պնդել, որ բացարձակ հիմնավորված են նրանց հեռացնելու և խաղաղ բնակչության պաշտպանության համար անվտանգության գոտու ապահովման պահանջները»։

Տեսանյութեր

Լրահոս