Ջալալ Հարությունյանի գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել
168.am-ը գրել էր, որ Արցախի ՊՆ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործի նախաքննությունն ավարտվել է, և, որ հսկող դատախազի հաստատումից հետո կուղարկվի դատարան: Այսօր ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է այս տեղեկությունը:
«Հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու»,-նշված է ՔԿ հաղորդագրության մեջ: Նա մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու:
Մենք փորձեցինք Քննչական կոմիտեից ճշտել՝ արդյոք ՊԲ մյուս նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործի քննությունն ավարտվե՞լ է՝ առանձին դրվագ կամ ամբողջությամբ, ինչին ի պատասխան՝ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց.
«Դեռ ոչ, դրանով քննությունը շարունակվում է, մեղադրանքի երկու դրվագով էլ»:
Հավելենք, որ Ջալալ Հարությունյանին ևս պատերազմական երկու դրվագով է մեղադրանք առաջադրվել:
Առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդ դրվագը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Ի դեպ, մամուլը գրում է, որ Ջալալ Հարությունյանը հրավիրվելու է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, նրան չեն կալանավորել: