Հեղուկ գազի գինը կրկին բարձրացել է
Անցած ամիս վարորդներից շատերն ինչքան տխրել էին ԱՊՊԱ-ի գների տատանումից, այնքան ուրախացել էին գազի գնի նվազումից, սակայն ուրախությունը կարճ տևեց. հեղուկ գազի գինը, որը տատանվում էր 80-120 դրամի սահմաններում, օրերս կրկին թանկացավ՝ հասնելով 130 դրամի:
«Դե, հույս չունեի, որ 88 դրամով ենք միշտ գազ գնելու: Մեկ շաբաթ է՝ արդեն 120-130 դրամ է: Ոչ մի վերահսկողություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
Մեկ այլ վարորդ նշեց, որ սեղմված գազի գինն էլ 250-300 դրամ է:
«Երկու շաբաթ առաջ 230 դրամով եմ լցրել, երեք օր առաջ՝ 280 դրամով, չնայած տեղեր կային, որ մինչև 340 դրամ էր: Գյումրիում, օրինակ, սեղմված գազի գինը 280-300 դրամ էր: Պատահում է նաև 310-320 դրամ»,- նշեց նա:
Ավելի վաղ զրուցել էինք նաև գազալցակայաններում աշխատողների հետ: Նրանք, ովքեր գազը վերցրել են Ռուսաստանից, ասացին, որ միշտ եղել է 120 դրամ: Հիմա շուկայում կա նաև պարսկական գազ, և գուցե հիմա ավելի շատ շուկայում ռուսական գազն է, ու գնի նվազում է եղել: Իսկ երբ կրկին ակտիվանա պարսկական գազը, ապա կլինի գնի բարձրացում:
«Հիմա մեծ մասամբ ռուսական գազ է, չնայած ես նախընտրում եմ պարսկականը, քանի որ ռուսականը ծանր է»,- հավելեց մեկ այլ վարորդ: