Գողացել էին երկու սառնարան, էլեկտրական ջրատաքացուցիչ և անկողնային պարագաներ
Մարտի 23-ին, ժամը 22.17-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Արտավազ բնակավայրի 1-ին թաղամասի շենքերից մեկի իր բնակարանից գողություն են արել:
Մեկնել էին ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության կարգախումբը: 58-ամյա տանտերը, որը նշված բնակարանում չի բնակվում, հաղորդում էր տվել, որ 2022 թ. հոկտեմբերից այս տարվա մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում, բնակարանի մուտքի դռան ճաղավանդակի փականը, կախովի կողպեքը և խոհանոցի դռան կողպեքը կոտրելու միջոցով, մուտք են գործել բնակարան և գողացել երկու սառնարան, էլեկտրական ջրատաքացուցիչ և անկողնային պարագաներ:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Հանքավան բնակավայրի 31-ամյա բնակիչը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ապրիլի 12-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ հայտնել է, որ նշված բնակարանից գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը թաքցրել է իր բնակարանում:
Հանքավանցի 31-ամյա երիտասարդը ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նախաքննությունը շարունակվում է: