«Այո՛, երեկ զոհեր ենք ունեցել, բայց մեկ է՝ պետք է համակեցության ճանապարհը գտնենք». Նիկոլ Փաշինյան
Այսօր Կառավարության հարցուպատասխանի ժամանակ իշխանական խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում տնտեսության վիճակը՝ նախորդ տարվա համեմատությամբ։
«ՀԴՄ կտրոնների հետ կապված իրավիճակն ինչպիսի՞ն է, ասենք, եթե վերցնենք ՀԴՄ կտրոնների թվաքանակը և համեմատենք ՀՆԱ-ի հետ, անցած տարի և 2018 թվականին ի՞նչ դինամիկա է ապրել»,- հետաքրքրվեց Հովիկ Աղազարյանը։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսը ձեռքին, ինչ որ բան փնտրելով՝ մոտեցավ ԱԺ ամբիոնին: Հետո բացատրեց, թե ինչ էր փնտրում հեռախոսի մեջ՝ ՊԵԿ նախագահի ուղարկած տեղեկանքը ՀԴՄ կտրոնների մասին, բայց վստահ չէր, որ կհասցնի գտնել նշված տեղեկանքը, որպեսզի պատգամավորի հարցին ավելի կոնկրետ պատասխան տա, չնայած դրան՝ միանշանակ ասաց, որ լուրջ դինամիկա կա։
«Վիճակագրության կոմիտեն, եթե չեմ սխալվում, առևտրի աճի 18 տոկոս աճ էր արձանագրել՝ չէ՞, պարոն Քերոբյան, չէ՞, 30-ից ավելի։ Սա ինչ է նշանակում, որ այդ աճն արձանագրվում է երկու բանի հաշվին՝ ՀԴՄ-ներ և հաշվարկային փաստաթղթեր։ Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք տնտեսական ակտիվություն,. Ունենք ստվերի կրճատում։ Մենք փոխվարչապետի հետ նոր մտքեր էինք փոխանակում, 19 մլրդ դրամի թոշակառուները հունիսից այս կողմ առևտուր են արել, դրա մի մասը միանշանակ ստվերից կրճատվում է։ Ես կառավարության նիստում թոշակառուներին նաև շնորհակալություն եմ հայտնում, որովհետև համարում եմ, որ կառավարություն-թոշակառուներ համագործակցություն է՝ ընդդեմ ստվերի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է մնալ երկնիշ տնտեսական ցուցանիշի մեջ։
«Փոխվարչապետի հետ մտքեր էինք փոխանակում, և ես ասում էի, որ անվտանգային միջավայրի պայմաններում նման տնտեսական աճ ունենալը նշանակում է, որ երբ մենք անվտանգային հարցերը լուծենք, դուք պատկերացնում եք, թե մեր երկիրը տնտեսական զարգացման ինչ տեմպի մեջ է լինելու։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր մեր երկիրը մեծ տեմպերով է զարգանում։
Այո, երեկ միջադեպ է տեղի ունեցել, մենք զոհեր ենք ունեցել, բայց միևնույն է, ես արձանագրում եմ հետևյալը, զոհեր ունեցել են նաև ադրբեջանցիները, ավելի շատ, ըստ ամենայնի, ավելի շատ կրկնակի զոհեր։ Ես սա ինչո՞ւ եմ ասում, որ միևնույն է, մեր ռազմավարական խնդիրն այն է, որ մենք համակեցության բանաձևը գտնենք, ուրիշ տարբերակ չկա։ Որևէ միջադեպ մեր ռազմավարական նպատակը չի փոխում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում