Ինչո՞ւ Հայաստանը երեկ 4 զոհ տվեց. պարզաբանում է Սուրեն Պապիկյանը
Այսօր Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, որը մասնավորապես վերաբերում էր նրան, թե Տեղ գյուղում տեղի ունեցած զինված բախումը կարելի էր բացառել, եթե նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները նորմալ իրականացվեին։
«Մասնավորապես՝ օգոստոսյան պայմանավորվածությունները, որ ապրիլի 1-ից այդ ճանապարհը պետք է այլևս չօգտագործվեր, պատճառ է դարձել ադրբեջանցիների առաջխաղացման։ Արդյո՞ք կրկին կան նման հատվածներ, որտեղ կարելի է նախատեսված աշխատանքները նախապես իրականացնել»,- նշեց Սերգեյ Բագրատյանը։
Պատասխանելով հարցին, Սուրեն Պապիկյանն ասաց, խնդիրը հիմնականում այն է, որ ապրիլմեկյան պայմանավորվածությունները չկատարելու և մարտի 29-ից Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի Զինված ուժերի տեղակայման արդյունքում որոշակի ճշգրտումներ են իրականացվում՝ ՀՀ սահմանապահ ուժերի և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև։
«Բնականաբար, քանի որ այնտեղ որոշակի անճշտություններ կային, ՀՀ Զինված ուժերն իրենց պարտականությունները կատարելու նպատակով նաև տեղակայվել են այս տեղամասում, ժամանակավորապես, մինչև խնդրի վերջնական ճշտումը։ Այդ ճշգրտումների ընթացքում, վերջին մեկ շաբաթվա, տասն օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքի բերումով՝ թե՛ հակառակ կողմը, թե՛ յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են։ Սրա արդյունքում է, որ ունեցանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են, և խնդիրներ չկան։ Նմանատիպ մի ճշգրտման արդյունքում է, որ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում