Երբ թղթերով էլ ամեն ինչ կարգին չէ
Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանի հանցավոր գործունեության «էպիկրիզին» մեկ անգամ անդրադարձել ենք: Սակայն ամեն նոր դրվագ առանձին անդրադարձի կարիք ունի, քանի որ իրավախախտ ռեցիդիվներով աչքի ընկնող կրթական հաստատության տնօրենը շարունակում է աշխատել և իրեն զգալ՝ ինչպես ձուկը ջրում:
Ով էր այդ դպրոցի տնօրենը «հեղափոխությունից» առաջ
2018 թվականի «Առավոտ» օրաթերթի մարտի 3-ի համարում տպագրված հոդվածի վերնագիրն ավելի քան խոսուն է. «ՊԵԿ նախագահը պատրաստվում է պաշտոնի դնել իր բարեկամուհուն»: Նյութում կարդում ենք. «Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գյումրու թիվ 32 դպրոցի 5 տարվա տնօրեն Գայանե Մելոյանը: Մեզ հասած տեղեկություններով, նրա փոխարեն պատրաստվում են տնօրեն կարգել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի բարեկամուհուն` Արմինե Սուքիասյան ազգանունով ԲՀԿ-ական մի տիկնոջ, որին թիվ 32 դպրոցում ոչ մեկը չի ճանաչում»: Առանցքային բառը՝ կարգելն է:
«Առավոտ» օրաթերթի արդեն 2013թ. օգոստոսի 8-ի հրապարակման վերնագիրն ավելի սարսափելի էր՝ գուժող մոտալուտ դպրոցաքանդությունը. «ՊԵԿ-ի նախագահի բարեկամուհին դարձավ Րաֆֆու անվան դպրոցի լիարժեք տնօրեն»: Նյութում ասվում է. «Այսօր Գյումրու Րաֆֆու անվան թիվ 32 դպրոցում տեղի է ունեցել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթ, որին միայն մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի բարեկամուհին` Արմինե Սուքիասյանը, ու հաղթել է մրցույթում»:
Այս ամենը վկայում է, որ Արմինե Սուքիասյանի միակ «բրենդը և թրենդը» եղել և մնում է ՀՀ նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տիպաբանական նույնականացմամբ` նրա հովանոցային բրենդի տակ թաքնվելը:
Ավելին, Գագիկ Խաչատրյանը ոչ միայն իր այս բարեկամուհու հովանավորն է, այլև նրա հոր՝ Գյումրու հղկող հաստոցների գործարանի նախկին ու կիսատ դատված տնօրեն Վրույր Սուքիասյանի: Բանն այն է, որ Գյումրու հղկող հաստոցների գործարանի ահռելի մի տարածք ֆորմալ պատկանում է Վ. Սուքիասյանին, որն այժմ նաև Հայրենական պատերազմի վետերանների Գյումրու խորհրդի նախագահն է: Սակայն հղկող հաստոցների գործարանի տարածքի իրական սեփականատերը հենց Գագիկ Խաչատրյանն է: Այդ մասին Գյումրիում գիտեն բոլորը, ինչպես այդ նույն տարածքը հսկող պահակները, այնպես էլ Գյումրու նախկին գործարանների նախկին տնօրենները, դրանց հին աշխատակիցները: Թե ինչպե՞ս, աճուրդի մեկնարկային և վերջնական ի՞նչ գնով, քանի՞ քառակուսի մետր տարածք ու գույք է օտարվել գործարանի ֆորմալ սեփակատիրոջը 90-ականների վերջերին, Հայաստանի Հանրապետության ոչ մի պատկան մարմին չկարողացավ ասել. մեր՝ տասից ավելի հարցումներին որևէ կառույց չպատասխանեց ըստ էության: Սա փաստում է՝ ինչպես նախա-, այնպես էլ «հետհեղափոխական» Հայաստանում մկներն ու ձկները ոչ միայն պլստում են, այլև կոռուպցիոն նոր բներ ու բուրգեր ստեղծում:
Ով է դպրոցի տնօրենը «հեղափոխությունից» հետո
2018թ. սեպտեմբերի 12-ին Գյումրու թիվ 32 դպրոցի կառավարման խորհուրդը՝ թիվ 11 որոշմամբ, հայտարարեց տնօրենի թափուր տեղի ընտրության մրցույթ: Այն պետք է կայանար նույն թվականի նոյեմբերի 13-ին: Դպրոցի կառավարման խորհրդի որոշման մեջ ասված է. «Մրցույթի մասին հայտարարությունը սահմանված կարգով հրապարակել ԶԼՄ-ներում՝ «Հինգշաբթի», «Շրջապատ» շաբաթաթերթեր, azdarar.am կայք»:
Ուշադրություն դարձրեք, մրցութային հայտարարության մեջ չեն նշվում Գյումրիի «Շանթ», «Ցայգ» հեռուստառադիոընկերությունները, որոնք միշտ անդրադարձել են քաղաքի դպրոցների տնօրենների ընտրություններին: Սա, ինչպես այժմ են ասում, «сугубо մերոնցով միջոցառում» անցկացնելու վկայություն է: Լրատվամիջոցներին պատշաճ չիրազեկելը վրիպում չէ, այլ կոնկրետ միտումով՝ պլանավորված գործողություն: Պե՞տք էր լրացուցիչ վկաների ներկայությունն ու հավելյալ խոսելիքի առիթը:
Ի պատասխան մեր հարցմանը, Շիրակի մարզպետարանի պաշտոնյան՝ փաստաթուղթը՝ կից, նշում է Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի մրցույթի վերաբերյալ միայն քաղաքային «Հինգշաբթի» շաբաթաթերթում տպագրված փաստը՝ չհիշատակելով հրատարակման պարբերականությունը: Ընդհանրապես չի էլ նշում azdarar.am կայքի անունը, որում հայտարարարություն տպագրելը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ: Ստացվում է ՝ անցկացվող մրցույթը թաքցվե՞լ է ՀՀ կառավարությունից: Այն թատերականացված ա՞կտ էր, որը պետք էր «մթին» անել, որովհետև «Համոն փողը տվե՞լ էր»:
Հաջորդը. դպրոցի կառավարման խորհրդի որոշման մեջ նշված է՝ տնօրենի մրցույթի հայտարարությունը պետք է տպագրվի նաև «Շրջապատ» շաբաթաթերթում: Շաբաթաթերթի խմբագիրը մեզ պատասխանել է. «Ոչ. «Շրջապատ» շաբաթաթերթի՝ 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համարներում Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարության տպագրության առաջարկ չի եղել»: Այսինքն, Շիրակի մարզպետարանի աչքի առաջ և քթի տակ(?) չի կատարվել դպրոցի կառավարման խորհրդի որոշումը: Այսպիսով, ամեն ինչ արվել է ծածկադմփոցով տնօրեն կարգելու արդեն փորձված սցենարը վերստին խաղարկելու համար:
Եթե չէր ապահովվել մրցույթի վերաբերյալ հրապարակայնությունը, ապա գրանցված դիտորդներ չէին կարող լինել. ո՞վ և ինչպե՞ս կարող էր իմանալ մի «բունգալային» կեղծ ընտրության վերաբերյալ: Իսկ թե ինչո՞ւ մրցույթը լուսաբանող լրատվամիջոցներ և դիտորդներ չեն եղել, ստույգ ու պարզ է այնպես, ինչպես ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում՝ Հայաստանում առկա համակարգային կոռուպցիայի փաստումը:
Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի ընտրության հաջորդ խայտառակ փաստը վերաբերում է ՀՀ կրթության, գիտության նախարարության ներկայացուցչին: ՀՀ ԿԳ նախարարին ուղղել էինք՝ «Ի՞նչ կարգավիճակով է դպրոցի տնօրենի ընտրությանը մասնակցել Սուրեն Ավդալյանը, ո՞ր հիմնարկում կամ կազմակերպությունում է նա աշխատել, ի՞նչ կրթություն է ունեցել և ի՞նչ պաշտոն է զբաղեցրել մրցույթին մասնակցելու/ներկա լինելու պահին: Ի՞նչ փաստաթղթի (ո՞ւմ կողմից տրված) հիման վրա է կոնկրետ անձը ներկայացել Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթին» հարցը: Շիրակի մարզպետարանն անորակ «ուշիմությամբ» պատասխանել էր. «ՀՀ ԿԳ նախարարի N955 Ա հրամանի համաձայն՝ Սուրեն Ավդալյանը նշանակվել է ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցիչ»:
Ինչպես տեսնում եք՝ մեր հստակ հարցերին չեն տրվել պատասխաններ: Մինչդեռ, հայտնի է, որ տվյալ անձն աշխատել է ՀՀ Շիրակի նախկին փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի ընդունարանում՝ քարտուղար, մրցույթին մասնակցելու օրվա դրությամբ, չի ունեցել մասնագիտական կրթություն: Նրան նախարարության ներկայացուցիչ դարձնելու հրամանը թխվել է ոտքի վրա, «մոմենտի տակ»՝ հենց Շիրակի մարզպետարանում՝ ընդհատված մրցույթի պարագայում: Արդյունքում՝ տնօրենի մրցույթը հետաձգվել և անցկացվել է երեք ժամ ուշացումով: Իսկ «իրադարձության վայր»՝ Գյումրու թիվ 32 դպրոց, ՀՀ ԿԳ նախարարության ներկայացուցչին Շիրակի մարզպետարանից հասցրել են դպրոցի երկու բանագնաց ուսուցիչները՝ իրենց ավտոմեքենայով:
Ամենաթողության, զարհուրելի անպատժելիության մթնոլորտում է «սղղացվել» Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի հետհեղափոխական ընտրությունը ևս: Այն, ըստ էության, անցել է մեկ ապիկար դերասանով և դպրոցի բռնակն անգամ բռնելու իրավունք չունեցող անձի մասնակցությամբ:
Ուշագրավ հաջորդ փաստն այն է, որ մրցույթից ընդամենը մի քանի ամիս առաջ, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հանձնարարականով, Շիրակի ներկայիս մարզպետ Մուշեղ Մուրադյանի կողմից իրականացված ֆինանսական աուդիտի և Սարուխանյանի՝ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենին հայտարարված նկատողության տեքստից հետո, Գագիկ Խաչատրյանի բարեկամուհի տնօրենը պետք է հանգիստ ու առանց փոշի հանելու հեռանար դպրոցից: Նկատողության տեքստն այսպիսին է. «…հիմք ընդունելով ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ոչ առևտրային կազմակերպությունում իրականացված ֆինանսական աուդիտի արդյունքում 2018թ. հուլիսի 3-ին կազմված հաշվետվությունը, անհիմն համարելով Արմինե Սուքասյանի 2018թ. հուլիսի 13-ի բացատրությունը, որոշում եմ՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Սուքիասյանին հայտարարել նկատողություն: Նկատողության էկրանանկարը՝ ներքևում:
Սակայն հենց այս մարզպետի օրոք և հենց այս նկատողությունից հետո, Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի համար կազմակերպվեց այդ ցածրորակ շոու ընտրությունը: Բայց, ինչպես ասում են, հեղափոխականների ամենաթողությունից փչող քամին գերում է հանցակիցներին: Փաստորեն, կարևոր չէ, որ թղթերով էլ ամեն ինչ ու ոչինչ կարգին չէ, կարևորը՝ գործ դզել-փչելն է:
Արմինե Սուքիասյանը սեփական «հեղափոխությունն» է անում
2019թ. դեկտեմբերի 20-ին Շիրակի մարզի դատախազության թիվ 64/586d-19 գրությամբ՝ ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժին ստացված դիմումի հիման վրա, Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցվել էր թիվ 68151520 քրեական վարույթը: Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Այն է՝ պաշտոնեական կեղծիք՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 314.-ով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ քանի դրվագով՝ խմբակային հափշտակություն), ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածով (Յուրացնելը կամ վատնելը. 1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝ 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) խոշոր չափերով): Սա տնօրենին մեղսագրվող քրեական հոդվածների, կետերի ոչ լրվ մեջբերումն է:
Քննիչի ձևակերպած եզրույթով, «խմբի» մեջ են մտել տնօրենի հարազատները, բարեկամները, հաշվապահը, հաշվապահի, համակարգչային օպերատորի ընտանիքի անդամները, ընկերուհիները:
Բայց Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը նորից ու կրկին կողաշրջեց Հայաստանի իրավապահ համակարգը՝ նախաքննության հանցավոր թույլտվության շնորհիվ ոչ միայն քրեական վարույթի ողջ ընթացքում մնալով իր պաշտոնին, մարդ ընդունելով, հաստիքացուցակ և տարիֆիկացիա ստորագրելով, այլև խմբակային հափշտակության հոդվածներով հարուցված քրգործը երեք տարի Շիրակի քննչական վարչության տարբեր քննիչների սեղանների վրա չլելով: Վերջում էլ՝ քրեական վարույթը վաղեմության և տնօրենի ոչ արդարացման հիմքերով կարճվեց:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բարեկամուհի քննիչ Ռիմա Դավթյանն իր «գոսացած» ձեռքով կատարեց ստանձնած առաքելությունը: Վկա՝ քրեական վարույթի նյութերում քննիչի կողմից ցցուն կողմնակալության փաստերը:
Զավեշտն այն է, որ այդ դպրոցի տնօրենը՝ իր քրեական բեռով, շարունակում է աշխատել տնօրենի պաշտոնում:
Շիրակի մարզի նորանշանակ դատախազը 03.02.2023թ.՝ ի պատասխան մեր հարցմանը, գրել է. «Քրեական վարույթով ավարտական որոշումները կայացնելուց հետո՝ դեռևս 2022 թվականի հունիս ամսվա ընթացքում (իսկ վարույթն ավարտվել է 30.05.2022 թվականին, այսինքն, վարույթը կարճելուց ընդամենը օրեր անց- մեկնաբանությունը՝ Լ.Ա.-ի), Շիրակի մարզի դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել Շիրակի մարզպետարան, որով, ի թիվս այլնի, բարձրացվել է Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց ՊՈԱ կազմակերպության տնօրեն Արմինե Սուքիասյանի և հաշվապահ Լյուդմիլա Պետրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցի քննարկման անհրաժեշտությունը»:
Իսկ հիմա կարդում ենք Շիրակի մարզպետարանի՝ փնթի ձևաթղթի վրա, մեզ ուղղված պատասխանը և համոզվում, թե կոռուպցիոն շղթան ինչպիսի պասերով է աշխատում: Ասվում է. «Ձեր դիմումում նշված՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազության միջնորդության հիման վրա հանրակրթական պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի լիազորությունների դադարեցում հնարավոր չէ»:
Ինչպես ասում են գյումրեցիները, հերթը սրան հասավ, գործը գլուխ եկավ:
Փաստորեն, ինչպես նախկինում, այնպես էլ 2018 թվականից հետո, արդարամիտ, կոռուպցիայի դեմ անողոք պայքարող Շիրակի «թազա» բոլոր մարզպետները վերբալ աննախանձելի գալարումներ են անում նշված տնօրենին աթոռին պահելու համար, այն դեպքում, երբ Գյումրիի մի շարք այլ դպրոցների տնօրենների պարագայում, հեշտությամբ, անարգել ու անխափան «չոքել են» Շիրակի մարզի դատախազության միջնորդությունների առջև: Ի՞նչ շահ ունեն մարզի իրավապահները, մարզպետները, մարզպետարանի կոնկրետ չինովնիկները՝ հովանավորելով հաստիքային կոռուպցիոներ, խմբակային հախակերության մեջ հմտացած, համակազմը քեֆային, կեղծ ցուցմունք տված յուրայինների և բուռ չմտնողների բաժանած այդ տնօրենին:
Անպատժելիությունն ունի սկիզբ, բայց չունի ավարտ: Ինչպես ասվում է, և վերջին թարմ բալը տորթի վրա այն է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2022թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը Գյումրու թիվ 32 դպրոցում ստուգման արդյունքում, պարզվել է, օրինակ. «V դասարանի սովորող Մխիթար Գրիգորյանը 2021թ. մարտի 24-ից ազատվել է դպրոցից՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով: Տնօրենի 30.08.2021թ. №90 հրամանով ընդունվել է դպրոցի VI դասարան: Նշված ժամանակահատվածում Մ. Գրիգորյանի՝ կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր առկա չեն եղել»:
Հաջորդը. «Տնօրենի 04.04.2022թ․ № 25 հրամանով Արփինե Մովսիսյանն ընդունվել է դպրոց՝ որպես ուսուցչի օգնական: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, շնորհվել է ինժեներ-տեխնոլոգի որակավորում: Ստուգման ընթացքում չի ունեցել համապատասխան աշխատանքային ստաժ և ստուգման պահին շարունակում էր աշխատել», ինչպես նաև այլ խախտումներ: Փաստաթուղթը՝ կից:
Հանցավոր ռեցիդիվներով, դեռևս տնօրեն աշխատող Գյումրու թիվ 32 դպրոցի դեմքը ներկայացնող այս տիկնոջ օրինակը՝ որպես համակարգային կոռուպցիայի փաստ, ներկայացրել եմ Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանում Եվրամիության դեսպանին: Ակնհայտ է, որ առանց պետական և իրավապահ համակարգի հովանավորների, Արմինե Սուքիասյանն իր «խարաբ» գործունեության խայտառակ փաստերով և դա հիմնավորող փաստաթղթերով չէր մնա իր պաշտոնում: ՀՀ ԿԳՄՍ նախարարության նոր հայտնաբերած փաստերն էլ՝ գումարած:
Տեղեկացնեմ նաև, որ այս տնօրենի վերաբերյալ փաստեր հավաքելիս, որպես հետաքննող լրագրող, ենթարկվել եմ հարձակման Գյումրու Մուսայելյան 84 հասցեում գտնվող շենքում, որն ապօրինի զավթել է այս տնօրենի հետ խնամիական կապ ունեցող ոստիկանների ընտանիքը: Բայց այդ մասին կներկայացնեմ հետաքննության հաջորդ հրապարակմամբ:
Լիլիթ Աղեկյան