85-90 տոկոս դեպքերում ծխողների մոտ կարող է առաջանալ թոքի քաղցկեղ. Կանանց ու տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղի դեպքերը հավասարվել են. թոքային վիրաբույժ
«Դժբախտաբար, թոքի քաղցկեղը մինչ այսօր իր հիվանդացությամբ և մահացությամբ գտնվում է առաջին հորիզոնականում: Աշխարհում ամեն տարի մոտավորապես 1.8 միլիոն մահ է գրանցվում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է 230.000 թոքի քաղցկեղի նոր դեպք և 135.000-ից ավելի մահվան դեպք: Եվրոպայում՝ 310.000 նոր դեպք և 265.000 մահ: ՀՀ-ում 2021թ. գրանցվել է 900 թոքի քաղցկեղի նոր դեպք, 50 տոկոսից ավելին՝ 4-րդ փուլում»,- «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը» սեմինար-քննարկման ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, թոքային վիրաբույժ Արմեն Խանոյանը:
Նրա փոխանցմամբ՝ դեռևս 1953թ. թոքի քաղցկեղը մահացությամբ հայտնվել է առաջին հորիզոնականում՝ քաղցկեղով հիվանդ տղամարդկանց շրջանում, իսկ արդեն 1985թ.՝ առաջին հորիզոնականում նաև կանանց շրջանում:
«Այսօր մահացությամբ թոքի քաղցկեղը գրեթե 2 անգամ գերազանցում է կրծքագեղձի քաղցկեղին: Կանանց ու տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղը հավասարվել է: Ժամանակին տղամարդկանց մոտ էր ավելի շատ հայտնաբերվում: Բավականին լուրջ է աղտոտվածությունը, գիրությունը, ճառագայթումը: Գենետիկ տվյալները ևս կարող են բերել թոքի քաղցկեղի առաջացման: 85-90 տոկոս դեպքերում ծխողների մոտ կարող է առաջանալ թոքի քաղցկեղ:
Ապացուցվել է, որ երկարատև ծխելուց հետո չծխելը նվազեցնում է թոքի քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն միևնույն է, մնում է ավելի բարձր, քան չծխողների շրջանում: 15 գլանակից ավելի 30 տարի ծխողները գտնվում են ռիսկի խմբում: Բազմաթիվ էքսպերտային խմբերի կողմից ապացուցվել է, որ թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերումը հիմնված է հետևյալ գաղափարների շուրջ. թիրախային խմբերի առանձնացում՝ հիմնված ռիսկի գործոնների առկայությամբ, և ցածր դոզավորման ՀՇ (CT) հետազոտություն իրականացնել թիրախային խմբերում»,- նշեց Արմեն Խանոյանը:
Թոքային վիրաբույժն ընդգծեց՝ ռիսկի գոտում են նաև պասիվ ծխողները կամ, այլ կերպ ասած՝ չծխողները:
«Ռիսկի գործոն կա պասիվ ծխողների մոտ: Այսինքն, նույն սենյակում նստած մարդիկ, ովքեր չեն ծխում, բայց օդն աղտոտված է, իրենց մոտ էլ միանշանակ կարող է առաջանալ թոքի քաղցկեղ: Կորոնավիրուսի ժամանակ, երբ մեր հանրությունը սկսեց կատարել համակարգչային տոմոգրաֆիա՝ հայտնաբերվեցին բազմաթիվ դեպքեր՝ առաջին փուլում, որոնք հիմա գտնվում են մեր հսկողության ներքո: Դժբախտաբար, վաղ փուլում որևէ ախտանիշ թոքի քաղցկեղը չի ունենում»,- հավելեց Արմեն Խանոյանը: