Մեծ փորձանք են բերում. ադրբեջանցիները քայլելով կհասնեն Կասկադ, իսկ Փաշինյանը դա կարձանագրի այնպես, ինչպես արձանագրեց Տեղ գյուղում կատարվողը. Կիվիրյան
Մարտի 6-ին Պենտագոնի պաշտոնական կայքում հրապարակվեց տեղեկություն առ այն, որ Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին։ Ավելի ուշ, սակայն, ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում կատարվեց խմբագրում և Հայաստան անունը հանվեց «Defender 23» զորավարժության մասնակից երկրների ցանկից։
Ըստ ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ընդգծեց՝ Պենտագոնի հայտարարությունը խմբագրվել է և Հայաստան անունը դուրս է բերվել մասնակիցների ցանկից, որովհետև հայկական կողմը հասկացել է, որ անցնում է կարմիր գծերը։
«Եթե չխմբագրվեր, կարծում եմ, այսօր Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի չէր ունենա»,- ասաց Կիվիրյանը։
Հիշեցնենք՝ ըստ ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության՝ այսօր կայացած Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:
Կիվիրյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանության քայլերը պետության անվտանգությունն ապահովելու հարցում հաշվարկված չեն և բերում են փորձանքների, ուստի գնալով էլ ավելի հիմնավոր է դառնում այն պնդումը, որ այս իշխանությունն ուղղակիորեն իրականացնում է իր վրա դրված ծրագիրը, քանզի անհնար է համառորեն իրականացնել սխալ քայլեր, որոնք Հայաստանի համար դառնում են ճակատագրական։
«Այն մեխանիզմները, որոնք, իբրև թե, իշխանությունը փորձում է գտնել, մեզ կարող է բերել ավելի մեծ փորձանքի, որի օրինակը մենք տեսնում ենք այժմ Ուկրաինայում, իսկ 2008 թվականին՝ Վրաստանում, երբ ռուսական տանկերը հայտնվեցին Թիֆլիսից 40 կմ հեռավորության վրա։ Կարող է բանը հասնել նրան, որ ռուսներն իրենց ծակ անվտանգային հովանոցով ուղղակի ծեծեն այս իշխանությանը, որը թեկուզ թերություններով, բայց գործող անվտանգային հովանոցը կամ համակարգը փլուզում է՝ չունենալով դրա այլընտրանքը»,- ասաց Կիվիրյանը՝ ընդգծելով՝ Ռուսաստանին պետք է ասել դաշնակցային հարաբերություններում առկա բացթողումների մասին, բայց փլուզել անվտանգային համակարգը՝ չունենալով դրա այլընտրանքը, կործանարար է մեզ համար։
«Այս իշխանությունը, սակայն, անգամ Հայաստանի տարածքը պաշտպանելու ցանկություն չունի. այսպես շարունակվելու դեպքում ադրբեջանցիները քայլ առ քայլ կհասնեն Կասկադ. Փաշինյանն էլ դա ընդամենը կարձանագրի այնպես, ինչպես արձանագրում է Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացումը»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։