«Այդ մարդիկ պիտի հասկանան, որ ժողովրդին ծառայողներ են, ոչ թե Օլիմպոսի գագաթին բազմած գերաստվածներ, որոնց վարքագիծը պիտի մատնվի անպատժելիության». Աննա Կոստանյան
Ապրիլի 2-ին, երբ Ալեն Սիմոնյանն իր թիկնապահներով շրջում էր Կասկադում, սփյուռքահայ Կարեն Մկրտչյանը տեսնելով ԱԺ նախագահին՝ նրան անվանել է «դավաճան»։ Ալեն Սիմոնյանի հրահանգով նրա անվտանգության աշխատակիցները բռնել էին Մկրտչյանին, իսկ ինքը, մոտենալով քաղաքացուն, նվաստացրել էր նրան՝ հայհոյելով ու թքելով դեմքին։
Ի դեպ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում միջադեպը ներկայացնող տեսանյութ էր հրապարակվել, բացի այդ, հենց Կարեն Մկրտչյանն անձամբ Ֆեյսբուքում պատմել էր դեպքի մանրամասները: Եվ այն ընթացքում, երբ հանրությունը քննարկում էր տեղի ունեցածը, Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե արարքի համար չի փոշմանել, քանի որ իրեն որևէ մեկը չի կարող անվանել դավաճան, որովհետև ինքը դավաճան չէ։ Քննարկումները և ՀՀ ԱԺ նախագահին դատապարտող հայտարարությունները չէին դադարում և միայն միջադեպից մեկ շաբաթ անց Ալեն Սիմոնյանը գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում, նշելով, որ քանի որ այդ միջադեպը շարունակում է քննարկվել, ինքը որոշել է ներողություն խնդրել ՀՀ բոլոր քաղաքացիներից։
168.am–ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ զարմանում է, որ դեռ որևէ մեկը զարմանում է ՀՀ իշխանության ներկայացուցիչների պահվածքից, առավել ևս՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող սուբյեկտի պահվածքից, քանի որ առաջին անգամ չէ, որ նա նման պահվածք է դրսևորում։
«Ոչ վաղ անցյալում, 7-րդ գումարման Ազգային ժողովում նա փոխնախագահ էր և բառացիորեն փողոցային բառամթերք էր օգտագործում հենց ԱԺ նիստերի դահլիճում։ Այսինքն՝ այդ մարդու փողոցում գտնվելու ժամանակ՝ իր կարգավիճակը չէր կարող զսպել, որ նման անթույլատրելի վարքագիծ դրսևորեր։ Այնպես որ, ես չեմ զարմանում, բնականաբար, որևէ ադեկվատ մարդ, քաղաքացի այսպես ի գիտություն չի ընդունելու իր ներողությունը, որովհետև սա ընդամենը ձևական բնույթ է կրում։ ԱԺ նախագահի պահվաքծն այս իշխանության վարքագծի տրամաբանության մեջ տեղավորվող դրսևորում է։ Նույնիսկ իշխանական կին պատգամավորներ են եղել, որոնք հանձնաժողովի նիստի ժամանակ կնոջը ոչ հարիր բառամթերք են օգտագործել, ավելին՝ խրախուսել են իրենց տղամարդ պատգամավորների՝ քաղաքացու նկատմամբ նման անթույլատրելի վարքագիծ դրսևորելը և բառամթերք օգտագործելը»,- շեշտեց Աննա Կոստանյանը։
Հարցին, թե որևէ ժողովրդավարական երկրում ի՞նչ պատասխանատվության կենթարկվեր այն պաշտոնյան, որը թքում է իր քաղաքացու վրա, և մասնավորապես՝ գործող իշխանությունների բնորոշմամբ՝ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, Աննա Կոստանյանը պատասխանեց, որ ժողովրդավարական երկրում առաջինն էթիկայի հանձնաժողով ձևավորելն ու պաշտոնյայի նման վարքագիծը քննարկելը կլիներ։
«Որևէ մեկը, անկախ զբաղեցրած պաշտոնից, նման վարքագիծ դրսևորելուց հետո չի կարող զբաղեցնել որևէ պաշտոնական դիրք։ Այդ մարդիկ պիտի հասկանան, որ իրենք ժողովրդին ծառայողներ են, այլ ոչ թե Օլիմպոսի գագաթին բազմած գերաստվածներ, որոնց վարքագիծը պիտի մատնվի անպատժելիության։ Էթիկայի հանձնաժողով պիտի ձևավորվեր ու քննարկվեր պատգամավորների պահվածքի հարցը, ընդհուպ՝ մինչև նրանց մանդատներից զրկելը, որպեսզի դա օրինակ լիներ այն մարդկանց համար, որոնց նույնիսկ մտքի ծայրով կարող է անցնել նման վարքագիծ դրսևորել այն քաղաքացիների հանդեպ, ում հարկերի շնորհիվ իրենք ապրում են, իրենց հաճույքներ են թույլ տալիս, հարստանում են և այլն»,- եզրափակեց Աննա Կոստանյանը։