Արցախի տնտեսությունը կրել է 220 միլիոն դոլարի վնաս՝ շրջափակման այս օրերի ընթացքում. Վարդան Արամյան
Մի խումբ տնտեսագետներ հայերեն և անգլերեն ներկայացրել են «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների» գնահատման զեկույց, որտեղ 1,5 ամսում 4 տարբեր մեթոդներով գնահատական է տրվել Արցախի կրած սոցիալ-տնտեսական ծախքերին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը ներկայացրեց «Արցախի տնտեսության կորուստների» գնահատման երկլեզու զեկույցից հատվածներ:
Զեկույց, որ իր մեջ ամփոփում է 3 ուղղություններով ծախքեր՝
– ՀՆԱ կորուստը՝ ներառյալ մուլտիպլիկատիվ էֆեկտ,
– Սոցիալական առաջնային ծախսերը և բարեկեցության կորուստը,
– Բյուջեի լրացուցիչ ծանրաբեռնվածության հետ կապված ծախքեր:
Որպեսզի նյութի արդյունքները չկորցնեն իրենց արդիականությունը, բոլոր ծախքերը բերվել են օրականի, այսինքն՝ ստացված ծախքերը տարեկանացվել են՝ հաշվի առնելով նաև սեզոնայնությունները, որից հետո բերվել են օրականի։ Սա հնարավորություն է տալիս շրջափակման ցանկացած տևողության համար (կամ, ասենք, եթե վաղը ճանապարհը բացվի և մի քանի օր/շաբաթ/ամիս անց նորից փակվի որոշակի ժամանակահատվածով) հաշվարկելի դարձնել Արցախի կրած վնասները։
Հաշվարկներում բացակայում են երկու ուղղությամբ ծախքեր՝
1․ Արցախի ՀՆԱ պոտենցիալի կորուստը (ընդ որում, որքան երկարում է շրջափակումը, այնքան ավելի մեծ վնաս է հասցվում ՀՆԱ պոտենցիալին),
2․ Նմանատիպ ցնցումներից ապագայում խոսափելու կամ հետևանքները մեղմելու հնարավոր բուֆերների ստեղծման հետ կապված ծախքերը (ֆինանսական, պարենային և դեղորայքային պաշարներ, այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ և այլն):
Ստացված արդյունքները հետևյալն են՝
– Ընդհանուր ֆինանսա-տնտեսական կորուստներ` օրական նվազագույնը 651.3 մլն դրամ (շուրջ 1.6 մլն ԱՄՆ դոլար), այդ թվում՝
-հարկերի կորուստը՝ օրական 81 մլն դրամ կամ շուրջ 204 հազար ԱՄՆ դոլար,
-լրացուցիչ առաջնային մինիմալ սոցիալական ծախսերը՝ շուրջ 36.3 մլն դրամ (92 հազար ԱՄՆ դոլար),
-Գործազրկության աճ՝ առնվազն 16.2 հազարով:
– Եթե հաշվի ենք առնում նաև բարեկեցության կորուստը (որովհետև մեկ այլ բան է, երբ անձը զբաղված էր և ստանում էր, օրինակ, 300 000 դրամ աշխատավարձ, մեկ այլ բան է, երբ դառնում է գործազուրկ և պետությունից ստանում է 68,000 դրամ փոխհատուցում), ապա ընդհանուր կորուստն օրական կտրվածքով գնահատվել է նվազագույնը 752 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)
Ստացվում է, որ , այս 116 օր շրջափակման մեջ պահելու արդյունքում Արցախին հասցվել է առնվազն 220 մլն ԱՄՆ դոլարի վնաս։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։