«Փաշինյանը տեղով մեկ սուտ է, մեր գյուղի 70-80 հեկտարի վրա համոզվեցի, որ նա կյանքում ճիշտ բառ խոսացած չկա». Տեղ համայնքի բնակիչ
Մարտի 30-ին Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զինուժն այդ գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Այդ օրվանից սկսած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սկսել էին առաջանալ դեպի Տեղ համայնքի տարածք ու հենակետեր տեղադրել։ Թշնամու առաջխաղացման հետևանքով բնակիչների դաշտերը, արոտավայրերը մնացել են նրա հսկողության տակ, 80 հեկտարից ավելի հող այս պահին թշնամու հսկողության տակ է։
Այսօր կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը խոսելով Տեղ գյուղում թշնամու առաջխաղացման մասին՝ ասել էր, որ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը:
«Սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է՝ որոշակի խնդիրներ են առաջացել։ Որոշ տեղերում, ըստ մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում:
Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2 կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, և իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:
Մասնավորապես 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կիլոմետրի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցը, ում հողերի մի մասը ևս մնացել է թշնամու հսկողության տակ, ասաց, որ իրավիճակը տեղում նույնն է, ինչպես եղել է մարտի 30-ին։
«Թշնամին շարունակում է ավելի ամրապնդվել, համոզված եմ՝ ինչքան գնաց, այնքան վատ է լինելու մեզ համար»,- նշեց Արարատ Շեգունցը։
Մեր դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ 12 կիլոմետրից 7 կիլոմետրում տեղակայման կետերը հստակեցված են, Արարատ Շեգունցն անմիջապես ընդհատեց՝ ասելով.
«Այսինքն՝ լսում եք Հայաստանի դավաճանի՞ն, ես մի բան գիտեմ՝ Փաշինյանը տեղով մեկ սուտ է, նա մի բառ չունի ճիշտ։ Հետևաբար՝ նրա ինչի՞ն եք լսում, ինչի՞ն եք հավատում, ես մեր գյուղի 70-80 հեկտարի վրա համոզվեցի, որ նա կյանքում ճիշտ բառ խոսացած չկա, դրա ինչի՞ն եք հավատում, ես չեմ հասկանում։ Եթե ես տեսնում եմ՝ դա է խոսում, ես անմիջապես ալիքը փոխում եմ, դրան չեմ նայում»։
Տեղ համայնքի բնակիչը շեշտեց՝ ինքը հող է կորցրել, ու դրա պատասխանատուն ո՞վ է։
«Սահմանապահներին է բերել ու կանգնեցրել, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է ապահովում, երբ մեր բոլոր արոտավայրերը մնացել են թշնամու հսկողության տակ, ո՞վ ռիսկ կանի այդ հատվածներում անասուն տանի։ Մենք այլ արոտավայր չունենք առհասարակ»,- հավելեց Ա. Շեգունցը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և առհասարակ իշխանությունների հայտարարություններին, որ հավատարիմ են խաղաղության օրակարգին ու պատրաստ են Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության պայմանագիր», Արարատ Շեգունցը նկատեց՝ թող ստորագրելով ու հողերը հանձնելով՝ գնան, բայց մինչև ո՞ւր ու մինչև ե՞րբ։
«Մինչև որտե՞ղ պիտի տանեն այս ժողովրդին։ Համոզված եմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի պատերազմը կրկին պայմանավորված էր, Իշխանասարում թշնամու առաջ գալը՝ նույնպես։ Իշխանասարին երկու օր թուրքը չի մոտիկացել, թե մեր «արտիլերիան» ինչ էր արել, ասելու չէ, ինքս ականատես եմ եղել այդ ամենին, բայց հրաման չկար, որ մեր զորքն առաջ գնար, այդպես էլ թուրքն առաջ եկավ, կանգնեց ու հիմնավորվեց։
Վաղն էլ կանգնելու են ասեն՝ բա Նորավանի ասֆալտը վերցրել են, ի՞նչ անենք, իսկ կարելի էր, չէ՞, սկզբից այդ հողերը չտային։ Ես այլ բան չեմ խոսում, որն իրական է, այն եմ ասում, թող գան, դեմս կանգնեն, այսքան բանն իրենց մոտ ասեմ։ Ինքս վախենալու բան չունեմ։ Աչքիս դեմն է, այսքան հող ինչպե՞ս տվեցին, ի՞նչ ռիսկով տվեցին, ես սովորական մարդկանց չեմ կպնում, դավաճանին եմ ասում։ Ասում են՝ 44-օրյա պատերազմի ժամանակ դավաճաններ ենք ունեցել, բա ինչո՞ւ չեք ձերբակալում նրանց»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։