Տեղ համայնքի որոշ հատվածներում թշնամին փշալարեր է քաշել. Նիկոլի փոխարեն մի հովիվ դնեն, երկիրն ավելի լավ կկառավարի. Արարատ Շեգունց
Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք, իշխանությունները, իշխանամետ լրատվամիջոցներն ու քարոզիչները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանը «լայնորեն լուսաբանեցին», տարածեցին համացանցի հնարավոր բոլոր հարթակներով: Նա ֆեսյբուքյան իր էջում մեկը մյուսի հետևից հրապարակում էր տարբեր գյուղերի այցի մասին պատմող տեսանյութերը՝ ներկայացնելով շփումներն ու զրույցները տեղի բնակիչների, երեխաների հետ։ Տեղ համայնք կատարած այցի վերաբերյալ ևս տեսանյութեր հրապարակվեցին, սակայն պարզվում է՝ նրա այցից առաջ բնակիչների մեծ մասը տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է այցելի գյուղ:
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի այցի մասին իմացել է այն ժամանակ, երբ նա անվտանգության մեծաթիվ ուժերով ու բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ մտել է Տեղ։
«Նկատեցի, որ գյուղ մտավ՝ դե, մի հազար թիկնապահներով ու մի երկու հազար ոստիկաններով, բայց ժողովրդի հետ առհասարակ չի խոսել։ Եկել մտել է շտաբ, այնտեղից դուրս է եկել, երեխաների հետ գնացել է խանութ, դե, երեխաներ են, իրենց ի՞նչ կարող ես ասել։ Այսպիսով այցը մեր գյուղ ավարտվել է, մեր գյուղից կա՞ կադր, որ ինքը մի մեծահասակ մարդու հետ զրուցում է։ Հավատացեք, որ ինձ նման մարդիկ ցանկանային նրան հարց էլ տային՝ չէին կարողանալու, չէին թողնի, որովհետև գիտեն՝ ինչ պետք է ասենք, չգիտեմ, երևի նրան մարդ էլ չի մոտիկացել»,- նշեց Արարատ Շեգունցը։
Արարատ Շեգունցը նաև փոխանցեց, որ Ադրբեջանը Տեղ համայնքի որոշ հատվածներում, որտեղ վերցրել է իր հսկողության տակ՝ փշալարեր է քաշել, մինչդեռ դեռևս մայիսին չէր թողնում, որ նույնն աներ նաև հայկական կողմը։ Որոշ տարածքներում դեռևս այդ փշալարերը չկան։
«Մի ամսից ավելի է՝ այդ փշալարերը քաշել են, Փաշինյանն առհասարակ Տեղ այցելելիս այդ հատվածներ չի գնացել, գնա ի՞նչ անի, ինքն է այդ հողերը տվել, գնա ի՞նչ հետաքրքրվի, ամեն ինչ պարզ չէ՞, հո մենք այդքան հիմա՞ր չենք, որ չհասկանանք։ Ես մի բանի վրա եմ զարմանում, մեր ազգի զոմբիացման, բթացման վրա, ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։ Ասածս հիշեք, սա հայրենիքի հերը վերջնականապես անիծելու է, այն, ինչ արել է, նախերգանքն է, այս ամենը նա պետք է հասցնի մինչև վերջին կետին։ Նիկոլը երբ մեր գյուղ մտավ, զանգահարեցի Արգամ Հովսեփյանին, ասացի՝ դավաճանը գյուղ է մտել, մենք մինչև խոսեցինք ավարտեցինք, նա արդեն գնաց։ Բա դավաճանը գա գյուղ մտնի, ու մարդիկ իրենց պաշտոնը չկորցնելու համար նրան դիմավորե՞ն, մեկը չասաց՝ ի՞նչ գործ ունես։ Պաշտոն զբաղեցնողները ռիսկ չեն անի մի բան ասեն, որ պաշտոնը չկորցնեն, բայց մի պաշտոն չկորցնելու համար երկիր ենք կորցնում»,- նշեց Արարատ Շեգունցը։
Նրա փոխանցմամբ, երբ Նիկոլ Փաշինյանը Քարաշեն է այցելել, բնակիչներից մեկը նրան հարց է ուղղել, թե ի՞նչ է կատարվել, ինչպե՞ս ստացվեց, որ առանց մեկ կրակոցի՝ թուրքը հայտնվեց Տեղի տարածքում։ Սակայն այդ հարցը հրապարակվող տեսանյութերում չեն ներառել։
«Ես միշտ ասել եմ՝ Նիկոլի փոխարեն մի հովիվ դնեն, երկիրն ավելի լավ կկառավարի։ Այն տեսանյութերը, որոնք դուք տեսնում եք, այնտեղ ամեն ինչ չէ, որ ներառված է»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 30-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են Տեղ համայնքին պատկանող դաշտեր և սկսել են դիրքավորվել, իսկ արդեն ապրիլի 11-ին նրանք կրակ էին բացել հայկական դիրքերի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր։ Ադրբեջանական կողմի ներխուժման արդյունքում Տեղ համայնքի բազմաթիվ բնակիչներ կորցրել են իրենց դաշտերը, քանի որ դրանք անցել են ադրբեջանական զինուժի հսկողության տակ։