
ՊԵԿ-ը նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի անցակետի գործարկմանը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, որ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում մաքսային ընթացակարգերը սահուն հունով կիրառվեն:
Այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ընթացող բանակցությունների մասին գիտեք: Եվ մենք հիմա այլ պետական մարմինների հետ միասին նախապատրաստվում ենք, որ երբ վերջնական որոշումը կայացվի, հնարավորինս արագ սահմանային կետը գործի: Այսինքն՝ իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ մաքսային ընթացակարգերն այդտեղ սահուն հունով կիրառելու համար»,-ասաց Բադասյանը:
Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի սկիզբը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։