Հրթիռների գործով մոտ 4 ժամ որպես վկա հարցաքննել են Սեյրան Օհանյանին. որևէ հարցի պատասխան չի եղել ի վնաս Դավիթ Տոնոյանի

Երեկ՝ ապրիլի 4-ին, Հակակոռուպցիոն դատարանում կայացել է հրթիռների գործով հերթական դատական նիստը, արդեն վկաներին լսելու փուլն է սկսվել: Երեկ որպես վկա՝ հարցաքննվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

168.amգրել էր, որ նախորդ նիստին դատարան էին հրավիրվել վկաներ, որոնցից մեկը հենց Սեյրան Օհանյանն էր, սակայն նա չի հարցաքննվել:

Նշենք, որ նա և՛ գործով վկա է, և՛ անջատված մասով նրա նկատմամբ մեղադրանք կա:

Իսկ ապրիլի 4-ին կայացած դատական նիստից հրթիռների գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը 168.am-ին որոշակի մանրամասներ է հայտնել:

Կարդացեք նաև

«Մոտ 4 ժամ հարցաքննվել է Սեյրան Օհանյանը, դրանից հետո Զինված ուժերի ավիացիայի վարչության ինժեներներից մեկը: Երկուսի հարցաքննությունն էլ մեզ համար էական էր այն առումով, որ ցուցմունքների մի մասն օգտագործվել էր կալանքի միջնորդության քննարկման ժամանակ, ինչը յուրովի կերպով էր մեկնաբանվել քննիչի, հետագայում՝ նաև դատախազի կողմից:

Այդ հանգամանքների որոշ մասը նաև դրված է առաջադրված մեղադրանքի հիմքում: Վկաների հարցաքննության արդյունքում իրականությունն առավել շատ ի հայտ եկավ, և միաժամանակ հերքվեց առաջադրված մեղադրանքը:

Շատ չմանրանամ, բայց, մասնավորապես, հնչեցին հրթիռների գնի հետ կապված հարցեր, որոնց տրվեցին մեղադրանքը հերքող և ի նպաստ մեզ պատասխաններ, ներկայացվեցին տվյալներ հենց նույն հրթիռների պահանջարկի, որակի, պիտանիության ժամկետի վերաբերյալ և այլն: Իսկ ինժեներին առավել մասնագիտական հարցադրումներ արվեցին, և որևէ հարցի պատասխան չի հնչել ի վնաս Դավիթ Տոնոյանի կամ որևէ այլ մեղադրյալի: Բոլոր պատասխանները եղել են ի նպաստ մեզ, և սա 100 տոկոսով, այսինքն, ոչ մի հարցի պատասխան ի վնաս մեզ չի եղել: Որքանով էր դա էական, պարզվեց, որ վկաների հարցաքննությունները նախաքննության ընթացքում կատարվել են ոչ ամբողջական կերպով, ինչի արդյունքում թյուրըմբռնում է ձևավորվել վարույթն իրականացնող մարմնի մոտ, որը վերացավ: Եվ այլևս դատարանի կողմից ընդունելի էին նոր տրված ցուցմունքները, և դա էր պատճառը նաև, որ վկաներից որևէ մեկի նախաքննական ցուցմունքը չհրապարակվեց: Այսինքն, դատաքննության ընթացքում բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տրվեցին: Կրկնում եմ՝ բոլոր հարցերի սպառիչ պատասխանները՝ առանց բացառության, մեղադրանքը հերքող և ի նպաստ մեզ էին, որոնք արտացոլում են օբյեկտիվ իրականությունը»,- ասաց փաստաբանը:

Հավելենք, որ 168.am-ը դեռ հունվարին էր գրել, որ հրթիռների գործով վկաների թիվը հասնում է 15-ի, և, որ նրանց թվում են, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մակար Ղամբարյանը, վերջինի հետ է կայացել Դավիթ Տոնոյանի միակ առերեսումը:

Տեսանյութեր

Լրահոս