Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման գործից
Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնոհմանը վերաբերվող գործից։
Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումից, «$ 5655 սեփականաշնորհում «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման առնչությամբ նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում 2022 թվականի հոկտեմբերի 18-ին հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փող. 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով։«ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցի ապահովում կիրառելու մասին հայցվոր Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ ՀՀ կադաստրի կոմիտեին վիճելի հասցեների անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ:
ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարողը 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշում է կայացրել, որով արգելվել է ՀՀ կադաստրի կոմիտեին Երևան քաղաքի Արամի 3 և 5 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելը:
Ուսումնասիրության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Արամի փողոց թիվ 3 և 5 շենքերը, թեև գրանցվել են որպես «Աստղիկ-1» կոպերատիվի սեփականություն, սակայն դրանք Երքաղխորհրդի գործկոմի 1995թ. դեկտեմբերի 15-ի թիվ 47/34 որոշմամբ «Աստղիկ-1» կոպերատիվին սեփականության իրավունքով չեն տրամադրվել, ինչի արդյունքում 21.04.2022 թվականի ապրիլի 21-ին ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու, անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հարցերը քննարկելու համար։
2022 թվականի մայիսի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով»,- նշված է հաղորդման մեջ։