
Ուրախ եմ, որ ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Փաշինյանի շնորհավորել է ասորական համայնքին Նոր տարվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն հաղորդում մեր երկրին: Մաղթում եմ, որ ասորական հին ու հզոր մշակույթի ժառանգորդները Հայաստանում պահպանեն, զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:
Թո՛ղ սիրո և պտղաբերության այս պայծառ գարնանային տոնը խինդով և ջերմությամբ լցնի ձեր տները, հեռու պահի բոլոր փորձություններից և սկիզբ դառնա նոր ձեռքբերումների:
Հայաստանի ասորական համայնքին, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն, բարօրություն և խաղաղություն»: