Գյումրու դրամատիկական թատրոնը ապրիլի 1-ին հանդիսատեսի դատին կներկայացնի «Տունը սահմանին» քաղաքական սատիրան
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ապրիլի 1-ին հանդիսատեսի դատին կներկայացնի երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանի «Տունը սահմանին» քաղաքական սատիրան: Ի տարբերույթուն լեհ հեղինակ Ս. Մրոժեկի ստեղծագործության, Գյումրիի դրամատիկականի փոքր բեմում պիեսն ավելի լավատեսական ավարտ կունենա: Ներկայացման նկարչական ձևավորումը և զգեստները Լուսինե Խաչատրյանինն է, երաժշտական ձևավորումն՝ Արտուշ Միքայելյանի, դերերում` Արսեն Սաղաթելյան, Նառա Սանթոյան, Վարագ Գևորգյան, Գայանե Մանուկյան, Հասմիկ Սուվարյան, Արկադի Ղարագուլյան, Վալենտին Պետրոսյան:
Ներկայացումը չնայած շատ արդիական է Հայաստանի համար, բայց նաև շատ համամարդկային է: Այս մասին լրագրողների հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նշեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ այն երկար կմնա թատրոնի խաղացանկում: «Շատ հետաքրքիր ու բուռն ստեղծագործական ընթացք ենք ունեցել: Վաթսունական թվականներին գրված պիես է, բայց շատ մերօրյա ու արդիական՝ սահմանազատում ու սահմանաբացում, բայց չենք փորձել տեղայնացնել ու հայաֆիկացնել՝ սա համամարդկային թեմա է ու բոլորին հուզող»,-անկեղծացավ ներկայացման ռեժիսոր Արտուշ Միքայելյանը:
Ասուլիսին անդրադարձ եղավ նաև օրերս կայացած «Արտավազդ» մրցանակաբաշխությանը. 22-րդ անգամ անցկացված միջոցառումից աճեմյանցիները վերադարձել են հինգ մրցանակով՝«Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Ջեմմա Ադամյան՝ «Սպասում», «Լավագույն դերասանուհի»՝ Տաթև Ղազարյան՝ «Միզերի», «Լավագույն երիտասարդական ներկայացում» և «Լավագույն ռեժիսուրա»՝ Գոռ Մարգարյան՝ «Միզերի» և «Բովանդակություն», «Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Նարեկ COSMOS՝ «Միզերի» և «Բովանդակություն»:
«Տարին հետաքրքիր ու կարևոր էր՝ նոր գաղափարների ու նոր մտքերի տարի էր, ունեցել ենք 4 հրավիրված ռեժիսորներ: Այս նույն տրամաբանությամբ պետք է շարունակենք 2023 թվականին, իսկ թատերական տարին ամփոփեցինք աննախադեպ արդյունքերով՝ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունից հինգ անվանակարգերում մրցանակներ ունեցանք, ինչն ուրախացնում ու պարտավորեցնում է »,-իր խոսքում նշեց Լյուդվիգ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով թատրոնին ու թատրոնի կողքին միշտ կանգնած կառույցներին:
Առաջիկայում ևս խոստանում են՝ հանդիսատեսը չի ձանձրանա. նոր ռեժիսորներ, նոր ներկայացումներ ու նոր մոտեցումներ կլինեն՝ չմոռանալով հնարավորություն տալ երիտասարդներին: Թատրոնը կունենա նաև հյուրախաղեր, իսկ հունիսին երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանը կմասնակցի «Չեխովյան փառատոն»-ին, կմասնակցի նաև երիտասարդ ռեժիսորների համար նախատեսված դասընթացներին:
«Թատրոնի համար շատ եմ կարևորում ստեղծագործական ազատությունը և նյութը: Կարևոր է նաև, որ մենք կրթենք հանդիսատեսին ու չգնանք հանդիսատեսի հետևից: Կարող եմ ասել, որ տարեկան արել ենք հինգ ներկայացում ու դրանցից ոչ մեկը կոմերցիոն չեն եղել»,-հավելեց Լյուդվիգ Հարությունյանը:
«Վերջին տարիներին թատրոնի վարած քաղաքականությունը գալիս է ապացուցելու, որ կարող ենք դուրս չգալ քաղաքից ու լճացում չունենալ, որովհետև այս համագործակցությունը՝ տարբեր ռեժիսորների ու տարբեր թատրոնների արտիստների հետ շարժիչ ուժ է դառնում թատրոնի, ինչպես նաև հանդիսատեսին թատրոնի հետ կապելու համար»,-խոսելով վերջին տարիներին դրամատիկականի ունեցած հաջողությունների մասին, նշեց թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը:
Արմենուհի Մխոյան