Եթե սկսվի Իրանի ռմբակոծությունը, իսկ այն երկար չի հետաձգվի, Ադրբեջանը կարող է կտրել Զանգեզուրի միջանցքն ու ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին. Արթուր Խաչիկյան

«Սա կա՛մ ոչ կոմպետենտություն է, կա՛մ պարզապես ծրագիր է, սա պարզապես Հայաստանի հանձնման ծրագիր է»,- այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին ու ռեգիոնալ հնարավոր զարգացումներին, ձևավորվող նոր դաշինքներին:

Նա նշեց, որ Հայաստանն այսօր փաստացի գտնվում է Իրանի ու Ռուսաստանի հետ դաշինքում, անկախ նրանից՝ սիրո՞ւմ է Արևմուտքը, արևմտյան երաժշտությունը, ֆիլմերը, թե՞ ոչ, իսկ ՀՀ-ի դեմ հանդես են գալիս ԱՄՆ-ը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ադրբեջանն ու Թուրքիան:

Խաչիկյանը հիշեցրեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի օրերս արած հայտարարությունը, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական աջակցություն ցուցաբերի Ադրբեջանին, քանի որ իրենք այնտեղ շահեր ունեն, քանի որ Ադրբեջանն Իրանի հակառակորդն է:

«Այսինքն՝ հայաստանյան քարոզիչների երկու տեսություն լիովին տապալվեց: Նրանց առաջին տեսությունն այն էր, որ եթե դուրս գաք Ռուսաստանի հետ դաշնակցությունից, կօգնի Արևմուտքը: Տեսեք՝ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, կա պաշտոնական համաձայնագիր, այստեղ այս հարաբերությունների անվանումը, բառերը ոչինչ չեն փոխում, կա դաշինք, բայց դա բացարձակապես չի խանգարում ԱՄՆ-ին Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերել: Այսինքն՝ այն, ինչ մեզ ներկայացնում էին, լիակատար հիմարություն էր: Եթե ԱՄՆ-ը ցանկանար օգնել մեզ, կօգներ:

Կարդացեք նաև

Եվս մեկ տեսություն, որը կրախի է ենթարկվել, դեմոկրատ աշխարհի տեսությունն է: Մեզ ասում էին՝ դեմոկրատիան մեզ կօգնի, մենք պետք է լինենք դեմոկրատական աշխարհի հետ, պետք է պաշտպանենք դեմոկրատական արժեքները:

Դեմոկրատիա մենք բոլորս սիրում ենք, բայց պարզվում է, որ դեմոկրատիան սիրում է Ալիևին, իսկ Ալիևին անվանել դեմոկրատ՝ շատ բարդ է: Նա փաստացի ավտորիտար ղեկավար է, և պարզվում է, որ Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, նրա մեջ տեսնում են իրենց դաշնակցին: Այս տեսությունը ևս տապալվեց»,- մեկնաբանեց Արթուր Խաչիկյանը:

Քաղաքագիտության դոկտորը գտնում է, որ և՛ ռեգիոնում, և՛ աշխարհում տեղի է ունենում լրջագույն բևեռացում և մեծ էսկալացիայի, մեծ պատերազմի չափազանց լուրջ ռիսկ կա:

Նրա համոզմամբ, ներկայումս չի կարելի հիմար և միամիտ լինել: «Մեր ժողովուրդը սխալ հաշվարկելու պատմական միտում ունի, մենք մշտապես սխալ ենք հաշվարկում և առաջնորդվում ենք զգացմունքներով, հավատում ենք հեքիաթների, ինչպես եղավ 1920 թվականին, երբ հայկական հանրապետության կեսը կորցրեցինք՝ մենք կորցրեցինք Կարսը, Արարատը, կորցրեցինք Ղարաբաղը, այլ տարածքներ… ներկայումս կարող ենք կորցնել ամեն ինչ: Այսինքն՝ ներկայումս շարունակել հավատալ հեքիաթների և մտածել զգացմունքներով, սրտով՝ կարող է հանգեցնել մեծ ողբերգության»,- ասաց Խաչիկյանը:

Նա նշեց, որ հայաստանյան այն քարոզիչները, որոնք ֆինանսավորվում են որոշակի երկրներից, մշտապես ամեն խնդիր փորձում են բարդել Ռուսաստանի վրա և ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին:

Արթուր Խաչիկյանը գտնում է, որ՝ այո՛, այնտեղ խնդիրներ կան, կան սխալներ՝ կապված ՌԴ քաղաքականության հետ, որոնց մասին կարելի է խոսել:

«Բայց, չգիտես՝ ինչու, ամեն ինչում մեղադրում են մեկ կողմին, իսկ մյուս կողմին չեն մեղադրում մի բանում, որն ավելի բացասական երևույթ է: Փաստացի ամերիկյան կողմը հայտարարել է, որ օգնելու է Ադրբեջանին ռազմական առումով, որ պետք է ազատվել 907 բանաձևից, որը սահմանափակում է այդ աջակցության տրամադրումն Ադրբեջանին, նա հենց այդպես էլ ասաց, որ իրենց դա հարկավոր չէ այլևս: Իսկ մենք կարծում էինք, որ թավշյա հեղափոխությունը, կամ չգիտեմ           ինչպիսի նյութով էին այն որակում, մեզ կապահովի դեմոկրատ աշխարհի աջակցությունը:

Մենք լիովին տապալվեցինք, այդ ռազմավարությունը լիովին տապալվեց, պարզվեց, որ մեր օգտին հանդես է գալիս Իրանը, իսկ Իրանն անվանել արևմտյան դեմոկրատիա՝ աբսուրդ է: Այսինքն՝ մեր օգտին հանդես է գալիս Իրանը, որը դաշինքի մեջ է Ռուսաստանի հետ, մեզ դա դուր չի գալիս, այսինքն՝ մենք մերժում ենք իրողությունը, իսկ իրականությունն այն է, որ մեր բնական դաշնակիցն Իրանն է, նա է մեզ պաշտպանում, իսկ Ռուսաստանն ինչ-որ չափով է պաշտպանում, բայց մենք այնպես ենք փչացրել այդ հարաբերությունները, որ թե ինչ կլինի հետո՝ շատ բարդ է պատկերացնել: Իսկ մենք ցանկանում ենք լինել միության մեջ այնպիսի տերությունների հետ, որոնք օգնում են մեր թշնամուն: Սա աբսուրդ է: Սա լիակատար ոչ կոմպետենտություն է: Սա կա՛մ ոչ կոմպետենտություն է, կամ պարզապես ծրագիր է, սա պարզապես Հայաստանի հանձնման ծրագիր է»,- ասաց Խաչիկյանը:

Նա նաև նշեց, որ ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդներն իրենք մի քանի օր առաջ խոստովանեցին այն, ինչի մասին ինքը խոսում է երկու տարի, որ ոչինչ անել չեն կարող, նրանք չեն կարող կանգնեցնել ադրբեջանական ուժերին, եթե վերջիններս որոշեն հասնել և մտնել Ջերմուկ, նրանք չեն կարող պաշտպանել բնակչությանը:

«Ոչ ոք չի խոսում էթնիկ զտման մասին, միայն մի քանի ամիս առաջ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասն ասաց, որ այնտեղ կարող է ցեղասպանություն լինել: Այստեղ ժամանող էմիսարներից որևէ մեկը չի խոսում այդ մասին: Մենք ապրում ենք անհասկանալի իրականությունում, մեզ կարծես փորձում են հիպնոսացնել, մենք հրաժարվում ենք տեսնել իրականությունը, իսկ իրականությունն այն է, որ մեր դաշնակիցը Իրանն է ու մասամբ՝ Ռուսաստանը: Ցանկանում ենք դա մենք, թե ոչ, այստեղ այդպես է լինելու: Բաժանարար գծերն այդպես են անցնելու: Իսկ ԱՄՆ-ը, Իսրայելը, որոնք միմյանց համար հսկայական ռազմավարական գործընկերներ են, Ադրբեջանի կողմում են գտնվում, այնտեղ է Բրիտանիան, Թուրքիան, նայեք, թե ինչ կարող է այստեղ լինել: Որոշ փորձագետներ ասում են, որ Իրանի նկատմամբ հարձակումը գուցե հետաձգվի, բայց այն վերջիվերջո լինելու է: ԱՄՆ-ը ու Իսրայելը թույլ չեն տա և հայտարարել են այն մասին, որ չեն կարող թույլ տալ, որպեսզի Իրանն ունենա միջուկային զենք»,- մեկնաբանեց Արթուր Խաչիկյանը:

Նրա խոսքով՝ շատ հնարավոր է, որ Ադրբեջանը դառնա հակաիրանական գործողությունների պլացդարմ:

«Ես կարծում եմ, որ հարձակումը կլինի, ամեն դեպքում օդից հարվածներ կլինեն: Դժվար է ասել, թե երբ, գուցե կապ ունի նաև ներքաղաքական գործընթացների հետ, սակայն ԱՄՆ ներկայացուցիչը 10 օր առաջ հայտարարեց, որ 10 օր անց Իրանը կունենա միջուկային զենք, հենց Իրանն այս շեմը հաղթահարում է, նրա հետ խոսելն էականորեն բարդանում է:

Չեմ կարծում, որ երկար հետաձգեն դա: Եվ այս իրավիճակում՝ մեզ մոտ նման անորոշ իրավիճակ: Մի կողմից ասում ենք, որ չենք կարող ապահովել մեր անվտանգությունը, փաստացի այս Խաղաղության դարաշրջանը տապալվել է, մյուս կողմից՝ ասում ենք, որ չունենք դաշնակիցներ, ասում ենք, որ ՌԴ-ն սպառնալիք է մեզ համար, սա բացարձակ աբսուրդ է: Ընթանում է մեր ուղեղների լվացման ակտիվ արշավ: Մեր ուղեղները լվանում են այնպես, որ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում մեր շուրջը, և թե ինչ գործողությունների ծրագիր ունի իշխանությունը նման պայթյունավտանգ իրավիճակում:

Ռեգիոնում մեծ պատերազմի բարձր ռիսկ կա, ու դրան պետք է պատրաստվել, իսկ ինչպե՞ս պատրաստվել, եթե մենք տապալել ենք մեր դիվանագիտությունը, մենք չգիտենք՝ ում հետ ենք աշխատելու»,- ասաց քաղաքագետը՝ շարունակելով, թե տպավորություն է, որ մեզ ղեկավարում են մարդիկ, որոնք աշխատում են այլ երկրի համար, քանի որ նրանք մեր ազգային շահին ուղիղ հակասող քայլեր են անում:

Նրա որակմամբ, գործող կառավարությունը չգիտես՝ ում շահերն է ներկայացնում:

«Եթե սկսվի Իրանի ռմբակոծությունը, աշխարհի ուշադրությունը կշեղվի, Ադրբեջանը կարող է կտրել Զանգեզուրի միջանցքը մի քանի օրվա ընթացքում՝ ռազմական ուժի միջոցով, առավել ևս, որ մենք ոչինչ չենք անում, ցեղասպանության ենթարկել Արցախի ժողովրդին»,- ասաց Խաչիկյանը՝ հավելելով, որ Ռուսաստանը գտնվում է չափազանց բարդ իրավիճակում, քանի որ նրա դեմ մեծ հարձակում է նախապատրաստվում, Ադրբեջանն օգտագործում է այս հանգամանքը:

Ըստ վերլուծաբանի՝ Ռուսաստանի ուշադրությունն ամբողջությամբ լինելու է ուկրաինական ճակատում, և այստեղ ռազմական բախում ունենալ Ադրբեջանի ու նրա դաշնակցի հետ՝ գրեթե անհնար է:

«Այս ողջ դեմոկրատական քարոզչության փաստարկների փուչիկը պայթեց, դեմոկրատիան աջակցում է ավտորիտար Ալիևին, ԱՄՆ-ը օգնում է ավտորիտար Ալիևին՝ ՌԴ դաշնակցին»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս