Թուրքիայում և Սիրիայում ավելի քան 820 հազար մարդ երկրաշարժերի հետևանքով զրկվել է ապրուստի միջոցներից
Ավելի քան 658 հազար մարդ Թուրքիայում և շուրջ 170 հազարը Սիրիայում զրկվել են ապրուստի միջոցներից փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով: Նման տեղեկություն է հայտնել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)՝ կոչ անելով շտապ օգնություն ցուցաբերել տուժածներին և կանխել աղքատությունը։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում ավելի քան 658 հազար աշխատող չի կարող վաստակել օրվա հացը», – նշել են զեկույցի հեղինակները՝ հավելելով, որ երկրի իշխանությունների տվյալներով՝ «ավելի քան 150 հազար աշխատատեղ պիտանի չԷ օգտագործման համար»։
ԱՄԿ-ի գնահատումներով՝ տարերքից տուժած շրջաններում աշխատողներից յուրաքանչյուրն ամսական միջինը կորցնում է ավելի քան 230 դոլար, իսկ, ընդհանուր առմամբ, ներկայիս ճգնաժամի հետևանքով եկամուտների կորուստները կազմում են ամսական մոտ 150 միլիոն դոլար:
«Գնահատումների համաձայն՝ Սիրիայում, որտեղ 12 տարվա քաղաքացիական պատերազմն արդեն վիթխարի վնաս է հասցրել տնտեսությանը և աշխատաշուկային, երկրաշարժերի հետևանքով մոտ 170 հազար աշխատակից կորցրել է աշխատանքը», – ասված է զեկույցում։
Դա «ուղղակիորեն ազդել է մոտ 154 հազար տնային տնտեսությունների և ավելի քան 725 հազար մարդու վրա», տուժել է մոտ 35 հազար միկրո, փոքր և միջին ձեռնարկություն։ Փորձագետներն արձանագրել են, որ ժամանակավոր գործազրկությունը «հանգեցրել է աշխատանքային եկամուտների ընդհանուր կորուստների, որոնք համարժեք են ամսական առնվազն 5,7 միլիոն դոլարի»:
ԱՄԿ-ն, որը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցներից է, կանխատեսում է աղքատության աճ Թուրքիայում և Սիրիայում, եթե երկրաշարժերի պատճառով եկամուտներից զրկված բնակիչներին անհետաձգելի և նպատակային աջակցություն չտրամադրվի։
«Զբաղվածության աջակցումը կենտրոնական դեր Է խաղում այս արհավիրքին հաջող և համապարփակ արձագանքման համար», – հայտարարել Է ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոն:
«Մարդիկ կարող են սկսել վերականգնել իրենց կյանքը միայն այն դեպքում, եթե նրանք վերականգնել են գոյության միջոցները: Մենք պարտավոր ենք ապահովել…, որ սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի սկզբունքներն ամուր խարսխված լինեն վերականգնման և վերակառուցման գործընթացում», – ընդգծել է նա: