
Սիսիանի 34/04 ընտրատեղամասում 1723 ընտրողից քվեարկեց 743-ը

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ էին։
Ընտրապայքարի էր դուրս եկել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ճիշտ ժամը 20:00-ին ավարտվեց քվեարկությունը։
Փակվեցին ընտրատեղամասերը:
Սիսիան քաղաքի 34/04 ընտրատեղամասում ընտրողների թիվը 1723 է, քվեարկությանը մասնակցել է 743 ընտրող:
Նախորդ տարի սեպտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների ժամանակ այս ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել էր 850 ընտրող: Այսինքն՝ 107-ով ավելի, քան այսօր:
Նշենք, որ լրատվամիջոցները և դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Սիսիան համայնքում՝ կուտակումներ ընտրատեղամասերի տարածքում, ուղղորդումներ և այլն: Քիչ անց կմեկնարկի ձայների հաշվարկը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին Սիսիան խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ոչ մի ուժ չէր հավաքել ավագանու կազմում մեծամասնություն կազմելու և համայնքի ղեկավար ունենալու համար անհրաժեշտ 51 տոկոսը։