Ովքեր են ավելի հակված տուբերկուլյոզի. մանրամասնում է բժիշկը
Ցանկացած սուր հիվանդություն բացասաբար է անդրադառնում մարդու իմունիտետի վրա, ինչի հետևանքով մարդն ավելի զգայուն է դառնում տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ տուբերկուլյոզի նկատմամբ։
shantnews-ի փոխանցմամբ՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի գլխավոր ֆտիզիաթոլոգ Ելենա Բոգորոդսկայան։
Նրա խոսքով՝ ոչ բոլոր վարակվածներն են հիվանդանում տուբերկուլյոզով, մեծ մասամբ հիվանդանում են այն մարդիկ, ովքեր ունեն ֆիզիոլոգիական, բնածին կամ ձեռքբերովի իմունային անբավարարություն, կամ ժամանակավոր իմունային անբավարարություն՝ կապված որևէ այլ հիվանդության կամ վիճակի հետ։
«Տուբերկուլյոզի ռիսկի ամենանշանակալի խմբերը բժշկական ռիսկի խմբերն են, նրանք, ովքեր ունեն ՄԻԱՎ վարակ, որևէ այլ ծագման իմունային անբավարարություն, օրինակ՝ օրգանների փոխպատվաստումից հետո, կամ մարդիկ, ովքեր ունեն օնկոհեմատոլոգիական հիվանդություններ կամ ստանում են իմունոսուպրեսանտ թերապիա, մարդիկ, ովքեր տառապում են հոգեկան հիվանդությամբ, թմրամիջոցների չարաշահման խանգարումներով, շաքարային դիաբետով, աղեստամոքսային տրակտի կամ թոքերի քրոնիկ ոչ սպեցիֆիկ հիվանդություններով»,- ասել է Բոգորոդսկայան։
Բժիշկը նշել է, որ ռիսկային խմբերի թվում են նաև անօթևանները, ինչպես նաև նրանք, ովքեր շփվել են տուբերկուլյոզով կամ թաքնված տուբերկուլյոզային վարակով հիվանդի հետ։