Սրանք ասում են, թե Արցախը պիտի Ադրբեջանի հետ երկխոսի, բայց իրենք Արցախի հետ կապված անհեթեթ որոշումներ են ընդունում․ Տիգրան Թորոսյան
Բավական հաճախացել են նոր էսկալացիայի մասին խոսակցությունները, ընդ որում՝ պաշտոնական մակարդակով, ինչն ահաբեկության է նմանվում։ Չի կարելի նման բան անել, քանի որ, երբ երկրի իշխանությունները խոսում են էսկալացիայի, պատերազմի վտանգի մասին, միաժամանակ պիտի ասեն նաև, թե երկիրն ինչպե՞ս է պաշտպանվելու և հետ մղելու այդ հարձակումը, հակառակ դեպքում այն դառնում է սպառնալիք ժողովրդի նկատմամբ։ Դա անընդունելի է և չպետք է հարիր լինի որևէ իշխանության։ Խաղաղության պայմանագիր ձևակերպումը շատ է չարչրկվել, բայց դա խաղաղություն բառով չի որոշվում։ Խաղաղություն հաստատելը չափազանց բարդ խնդիր է, որը ենթադրում է բազմաթիվ ուղղություններով լուրջ աշխատանք՝ սեփական բանակի, սահմանների ամրապնդման, միջազգային ասպարեզում գործընկերներ գտնելու, միջազգային կազմակերպություններում համապատասխան փաստաթղթեր ձևավորելու ուղղությամբ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը:
«Տարբեր ուղղություններով աշխատանքի բացակայությունը կամ բացասական արդյունքները չեն կարող արդարացնել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի կնքման նկատմամբ հավատը։ Դա դառնալու է թուղթ՝ անկախ նրանից, թե ինչ է գրված դրանում, քանի դեռ դու չունես թշնամուն դիմակայելու հնարավորություններ։ Միայն թշնամին կարող է անընդհատ սպառնալ ու հարձակվել և ի վերջո զավթել թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի մի մասը։ Նման թշնամուն պետք է համարժեք պատասխան տալ, իսկ եթե ոչ, դու ստիպված անելու ես այն ամենը, ինչն այդ թշնամին թելադրելու է։ Սա այն ձեռագիրն է, որը մենք տեսնում ենք արդեն երկուսուկես տարի, այն, ինչ տեսանք նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո։ Որևէ կետ, որը քիչ թե շատ վերաբերում է հայության շահերին, չի կատարվում, իսկ մնացած կետերը կատարվել են վայրկյանի ճշգրտությամբ։ Սա էլ խաղաղություն հաստատելու հայտարարություն էր, որը ոմանք երբեմն պայմանագիր են հռչակում։ Հաջորդը սրանից ավելի լավը չի լինելու, հետևանքներն էլ են ավելի վատը լինելու»,- ասաց խորհրդարանի նախկին խոսնակը:
«Ամեն մի նոր զավթումից և հաջողությունից հետո թշնամին ավելի է ոգևորվում և ավելի մեծ պահանջներ է դնում։ Նրանք, ում թվում է, թե Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներով Ադրբեջանը կբավարարվի, սխալվում են։ Երևանում ապրող ցանկացած մարդ պիտի հասկանա, որ այդ հատվածները զավթվում են այն տարածքից, որի վրա ինքն ապրում է։ Այդ կերպ զիջելով ամեն ինչ՝ մի օր հերթը վստահաբար Երևանին է հասնելու։ ՀՀ-ն Ադրբեջանի և ՄԱԿ-ի ցանկացած այլ պետության տարածքային ամբողջականությունը ճանաչել է, երբ անդամակցել է ՄԱԿ-ին։ Սա բացարձակ ճշմարտություն է, քանի որ նա, ով չի ճանաչում ՄԱԿ-ի անդամ-պետությունների տարածքային ամբողջականությունը, չի կարող ՄԱԿ-ի անդամ դառնալ։ Բայց սա բացարձակապես կապ չունի Արցախի հետ»,- նշեց Թորոսյանը:
Քաղաքական գործչի պնդմամբ՝ ՀՀ-ն իրավունք չունի զբաղվելու Արցախի խնդրով, ընդ որում՝ մի կողմից՝ ասվում է, որ Արցախի և Ադրբեջանի միջև պիտի ուղիղ բանակցություններ տեղի ունենան, մյուս կողմից՝ սրանք Արցախի հետ կապված որոշումներ են ընդունում. «Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Քաշաթաղի, Քարվաճառի և Ակնայի շրջանների տարածքը զիջելը հենց Արցախի փոխարեն որոշում կայացնել է նշանակում։ ՀՀ որևէ պաշտոնյայի համար ՀՀ Սահմանադրությունն արդյո՞ք որևէ լիազորություն նախատեսում է, որ ՀՀ սահմաններից դուրս որևէ որոշում կայացնի։ Իհարկե ոչ, հետևապես պետք է ընտրել՝ կա՛մ գործ չունես Արցախի հետ, կա՛մ Արցախը քեզ լիազորում է, որ ինչ-ինչ հարցերում դու ներկայացնես իր շահերը։ Չկա ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, բայց կա այլ իրավիճակ, երբ անընդհատ տարատեսակ անհեթեթ ձևակերպումներով ու մոտեցումներով հայտարարություններ են արվում Արցախի դեմ»:
«Վերջին շրջանում շատ է խոսվում, այսպես կոչված, Ալմա Աթայի հռչակագրի մասին, որով ստեղծվեց ԱՊՀ-ն, և դա, ցավոք սրտի, հաճախ շահարկում է ՌԴ ԱԳ նախարարը՝ հայտարարելով, թե այդ հռչակագրով ՀՀ-ն փաստորեն ընդունել է, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում։ Սա մի քանի առումներով բացարձակ անհեթեթություն է։ Եթե այդպես էր, ի՞նչ էիք անում՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, չէ՞ որ ձեր ստորագրած փաստաթղթերում հռչակվում էր, որ խնդիրը պիտի լուծվի երեք սկզբունքների հիման վրա»,- ամփոփեց Տիգրան Թորոսյանը: