«Սպարապետն ասաց՝ խնդրում եմ, մեր նոր բանակի մասին ինչքան կարողանում ես՝ գրիր. հենց այս զրույցից հետո սկսեցի զինվորական երգերի շարք գրել». Արթուր Գալստյան
1990-ականներին, երբ նոր էր ձևավորվում անկախության ամենամեծ ձեռքբերումը՝ Հայկական բանակը, նոր երգերի կարիք կար: Հենց այդ օրերին գրվեցին ու հիթեր դարձան «Զորամաս 60913»-ը, «Պարոն հրամանատարները», «Ներքին գործերի քայլերգը», «Դիրքերում ամեն ինչ կարգին է». այս երգերի հեղինակը երգիչ-երգահան Արթուր Գալստյանն էր:
168.am-ը զրուցել է Արթուր Գալստյանի հետ, լսել նրա անցած ուղու մասին, տեղեկացել, թե այսօր ինչով է զբաղվում 90-ականների սիրելի հիթերի հեղինակը:
«Ամեն ինչ սկսվել է «Արձագանք» ստուդիայից. 1990-ականների սկզբից երաժշտական կարիերայի սկզբում ինձ համար այցեքարտ դարձավ «Ով է նա» երգը: Դրանից հետո 1994 թվականին արդեն գնացի բանակ, ու ծնվեց «Զորամաս 60913» երգս։
Մեկնեցի Սիսիան: Այդ ժամանակ երկու կողմ կար, որ պահում էր Սիսիանի զորամասը՝ Նախիջևանի սահմանը և Վարանդան (Ֆիզուլին). մեր զորամասով պահպանում էինք Վարանդայի (Ֆիզուլիի) դիրքերը, որտեղ մեզ հետ ծառայություն էր իրականացնում նաև մի կամավորական ջոկատ, որի հրամանատարը Դուշմանն էր: Իր տարեդարձն էր, երբ հանդիպեցի Զինուժի նկարահանող խմբին: Իրենք ինձ իմ՝ «Ով է նա» երգով գիտեին ու զարմանքով հարցրին՝ էստեղ ի՞նչ գործ ունես, ասացի՝ եկել եմ հայրենիքս պաշտպանեմ: Խոսեցինք նաև բանակային երգերի պակասի մասին, ասեցին՝ նոր բանակի մասին երգեր գրի: Այս զրույցից հետո գրեցի «Զորամաս 60913»-ը, որը հենց «Զինուժ»-ում էլ ձայնագրեցինք»,- պատմեց երգիչը:
Արթուր Գալստյանը հուզմունքով հիշեց, որ բանակին նվիրված երգերի ու կատարումների համար իրեն մշտապես ոգևորել է Վազգեն Սարգսյանը:
«Գառնիի տաճարի մոտ պետք է մահապարտների գնդին նվիրված մեծ համերգ լիներ, բայց մինչև համերգը մեծ բախտ ունեցա հյուրընկալվելու մեր Սպարապետին և զրուցելու: Նա ինձ ասաց՝ քո երգերը երիտասարդությունը սիրում է. խնդրում եմ, մեր նոր բանակի մասին ինչքան կարողանում ես՝ գրիր: Ու հենց այս զրույցից հետո սկսեցի զինվորական երգերի շարք գրել։ Առաջինը եղավ «Պարոն հրամանատար»-ը, որը, ի դեպ, մինչև բանակ գնալս սկսել ու կիսատ էի թողել, որովհետև խառը ժամանակներ էին:
Երբ բանակի մասին նոր երգ էի ձայնագրում, Սպարապետն այդ երգն արդեն գիտեր: Սպարապետի և երկու նախագահների մասնակցությամբ արխիվային կադրերը, որոնք համացանցում մեծ տարածում գտան, 1998 թվականին Ազատության հրապարակում կազմակերպված համերգից էին»։
Երգահանը 2002թ. ստեղծել է փոքրիկ ստուդիա և համերգային շոու՝ «Գալ.Ա Մյուզիք» անվանումով։
«Նախաձեռնությունը համախմբեց նոր կատարողների, որոնք իմ հեղինակային նոր երգերով, ձայնագրություններով հասցրեցին սիրվել ոչ միայն Հայաստանում: 2004թ. ԱՄՆ-ում և Հայաստանում թողարկվեցին այդ երգերի ձայնասկավառակները, շրջագայություններով հանդես եկանք Հայաստանում և արտերկրում»,- հիշում է նա:
Ի դեպ, չնայած բազմաթիվ հնարավորություններին՝ Արթուր Գալստյանը երբեք չի ցանկացել մշտական բնակություն հաստատել արտերկրում:
«Ես միշտ ասել եմ՝ եթե նույնիսկ բոլորը թողնեն գնան, ես մնալու եմ, որ իմանան՝ այստեղ միշտ մարդ կա»,- ասաց նա:
Արթուր Գալստյանը, շուրջ 8 տարի է՝ համագործակցում է լյուքսեմբուրգցի երգչուհի, երգահան Մարի Դալիա Վան Մարկի հետ:
«Մի քանի տարի առաջ ծանոթացա բելգիա-շվեյցարա-հայկական ընտանիքի հետ. չորս աննման փոքրիկներ, որոնք իրենց մայրիկի՝ Մարի Դալիա Վան Մարկի և հայրիկի՝ Փոլ Վան Մարկի հետ Հայաստանին և հայերին նվիրված երգեր են երգում: Այդ գեղեցիկ երգերի հեղինակը Մարին է. նա նաև «AfterApril24th2015» բարեգործական շարժման հիմնադիրն է, որի նպատակն է օգնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ ապրել բարեկեցիկ կյանքով և չլքել հայրենիքը: Երգերի գործիքավորումները ես արեցի, ձայները գրվեցին Գերմանիայի և Լյուքսեմբուրգի ստուդիաներում: Լյուքսեմբուրգում նկարահանվեցին նաև տեսահոլովակները: Մարիի հետ 2018 թվականին նաև համերգներով եղել ենք Արցախում: Ունենք շատ ծրագրեր, նախագծեր և երգեր: Նրանք ինձ աջակցել են իմ բոլոր նախաձեռնություններում»,- նշեց նա:
44-օրյա պատերազմը ստեղծագործողի համար մեծ հարված է եղել
«Շատ մեծ ցավ եմ ապրել, ու 44-օրյա պատերազմից հետո, երբ բոլորիս մոտ մեծ էր ընկճվածությունը, հիասթափությունը, գրեցի մի երգ՝ «Կանգնի՛ ոտքի, Հայաստան, բայց չեմ հանրայնացրել դեռ: Այդ երգով ուզում եմ ասել, որ առաջին անգամը չէ մեր ազգը տեսնում նման իրավիճակներ, բայց չի ծնկել, ուրեմն էլի չպետք է ծնկի: Մինչ այդ Մարին ևս 44-օրյա պատերազմին նվիրված երգ գրեց՝ «Ստոպ» անվանումով, որը գործիքավորեցի, ու երգեցին ամբողջ ընտանիքով միասին։
Այսօր էլ շատ մեծ ցավ է ինձ համար 100 օրից ավելի տևող Արցախի շրջափակումը, բայց համոզված եմ՝ սա էլ կհաղթահարենք: Հաղթանակի համար մեզ պետք է միասին լինել. պառակտումը շատ է հիմա: Վազգենի նման առաջնորդներ էլ կծնվեն. ինձ թվում է՝ առաջնորդների ծնունդն իր ժամանակն ունի: Մենք մեծ ներուժ ունեցող ազգ ենք, ու վստահ եմ, այդ առաջնորդները լինելու են»,- ամփոփեց Արթուր Գալստյանը: