ԱՄՆ-ը կխորացնի՞ ռեգիոնալ ռազմական անհավասարակշռությունն Իրանի զսպման պատճառաբանությամբ

Չնայած Հարավային Կովկասում արևմտյան ակտիվության վերաբերյալ Ռուսաստանից հնչող դիվանագիտական դժգոհություններին, հայ-ադրբեջանական սահմանին ու Ղարաբաղյան շփման գծում միջադեպերին ու ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին, ԱՄՆ-ը վերջին օրերի ընթացքում ամենօրյա ռեժիմով անդրադառնում է Երևան-Բաքու գործընթացին և ԱՄՆ ներգրավվածությանը ռեգիոնում:

Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո՝ օրերս, ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով խաղաղության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել:

«Հնարավորություն կա։ Չեմ ուզում չափազանցնել, բայց կա բարենպաստ հնարավորություն՝ իրապես ավարտին հասցնելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»,- ասել էր ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը:

Նա հիշեցրել էր, որ հանդիպել է Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ «Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- ասել էր Բլինքենը:

Նրա խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատմանը, և այլն»։

«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյո՞ք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը»,- ասել է Բլինքենը:

Միաժամանակ նա նշել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։

«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա»,- ասել է պետքարտուղարը։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ սրան զուգահեռ՝ Բլինքենը խոսել էր «Ազատության աջակցության ակտի» 907 բանաձևի փոփոխման մասին՝ ասելով. «Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ, որը պաշտպանության կարիք ունի»։

Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արձագանքելով Բլինքենի դիտարկումներին, թվիթերյան միկրոբլոգի իր էջում երկար դադարից հետո գրառում արեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ «Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- նշել է նա: Ավելին, այս գրառմանն արձագանքել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեծապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կազմակերպման գործում: «Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության ուղղությամբ գրանցված առաջընթացով։ Մենք շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջն այդ առաջընթացի վերաբերյալ»,- գրել է Պատելը՝ նկատի ունենալով Փաշինյանի երեկվա գրառումը:

Ռուս միջազգայնագետ Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի համար Հարավային Կովկասում կարևոր երկու հարց կա՝ Ռուսաստանն ու Իրանը՝ հատկապես ներկայումս, երբ ռուս-իրանական հարաբերությունները բավականին կառուցողական փուլում են:

«Հենց այս երկու երկրների պատճառով և ԱՄՆ կամ Արևմուտքի ազդեցությունը այստեղ խորացնելու նպատակով ակտիվ առաջ է մղվում Երևան-Բաքու կարգավորման արևմտյան օրակարգը, որում կարծես Երևանը հետաքրքրված է, և հավելյալ հետաքրքրություն գործընթացի նկատմամբ կարող է լինել Ադրբեջանի մոտ, եթե 907-րդ փոփոխության հարցում Ադրբեջանը հասնի նրան, ինչի համար մշտապես պայքարել է: Իսկ ԱՄՆ-ը Ադրբեջանին աջակցել է մշտապես հենց Իրանից պաշտպանության կամ Իրանին զսպելու նպատակով: Այս թեման ներկայումս էլ ավելի ակտուալ է դարձել, քանի որ կա ադրբեջանաիրանական լարվածություն Հարավային Կովկասում Իրանի աճող դերակատարության պատճառով:

Իրանը ռեալ զսպող դերակատարություն ունի տարածաշրջանում, սակայն, միևնույն ժամանակ, Իրանը դեմ է արտատարածաշրջանային ուժերի այսչափ ներկայությանը Հարավային Կովկասում, որի մասին անընդհատ խոսում է, այդ թվում՝ Երևանում, թեև Երևանը հետաքրքրված է այս մասով»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը:

Նրա խոսքով, ամերիկյան կողմը, որպես գերտերություն, երկար չի զբաղվելու այս հարցում Երևանի ու Բաքվի առանձին կարիքներով, այլ ձգտելու է հասնել վերջնարդյունքի Խաղաղության համաձայնագրի ստորագրման տեսքով:

«Երբ Բլինքենը խոսում է ճնշումների մասին, պետք է խոսել նաև այն մասին, թե արդյո՞ք այդ ճնշումներն ազդում են, եթե չեն ազդում, ապա միգուցե հետագա գործընթացը և՞ս անկայուն ընթացք ունենա, այդ դեպքում հետաքրքրական է, թե Երևա՞նն ինչ դիրքորոշում կունենա: Կարծում եմ՝ հուսալի գործընթաց չկա, որքան էլ լավատեսությունը մեծ է, և գլխավոր պատճառներից մեկը Ռուսաստան-Արևմուտք պատերազմն է, դրանից բխող աշխարհաքաղաքական ծանր հետևանքներով, վերադասավորումներով: Այս անկայունության փուլը կարճ չի տևելու»,- ասաց նա:

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ շրջանառվել է Ռուսաստանի կողմից կողմերին զենք վաճառելու թեման, իսկ ներկայումս, եթե ԱՄՆ-ն, լինելով միջնորդ, կարող է մեծացնել սպառազինության տրամադրումն Ադրբեջանին՝ թեկուզ Իրանի զսպման պատճառաբանությամբ, դա շարունակում է խախտել ռեգիոնալ ռազմական բալանսը, հատկապես, երբ այդ նույն երկիրը ՀՀ-ին զենք չի մատակարարում:

Իսկ ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ եթե այդ վերոնշյալ փոփոխությունը լիովին վերացվի, ապա ռեգիոնում ռազմական անհավասարակշռությունը կշարունակի խորանալ, ինչը հակամարտությունների չկարգավորվածության պայմաններում չափազանց ռիսկային է:

Սակայն խնդիրը, նրա խոսքով, պետք է բարձրացնեն ռեգիոնի երկրները, քանի որ ԱՄՆ-ը բոլոր գոտիներում իր խնդիրներն է լուծում:

«Բնականաբար, սա շատ ոգևորիչ իրավիճակ է երկրի համար, որը ստանում է, սակայն լավ նորություն չէ այն երկրի համար, որը չի ստանում նման սպառազինություն, ավելին՝ մյուս կողմից խնդիրներ ունի այն անվտանգային կառույցում, որի գոտում գտնվում է: Սակայն ԱՄՆ-ում մշտապես հայկական համայնքն այս ուղղությամբ պայքարել է, կարծում եմ՝ դա կշարունակվի»,- 168.am-ի հետ զրույցում նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս