Բաժիններ՝

«Արս Լունգա» դուետը թողարկել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա»-ի երկրորդ մասը

«Արս Լունգա» դուետը, որի հիմնադիրներն են թավջութակահար Արամ Թալալյանն ու դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը, մարտի 24-ին հանրությանն է ներկայացնելու «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» նախագծի երկրորդ մասը:

Անթոլոգիայում տեղ են գտել ստեղծագործություններ դաշնամուրային տրիոյի համար՝ ջութակ, թավջութակ, դաշնամուր: Այն բաղկացած է 12 ձայնասկավառակից և ընդգրկում է հայ կոմպոզիտորների 41 դաշնամուրային տրիո:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջուլիետա Վարդանյանն ասաց՝ «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով և բովանդակությամբ միակն է: Այն ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի և ավանդույթների լայն շրջանակ` 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը, այդ թվում երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, որոնք, մասնակից լինելով ծրագրի ընթացքին, իրենց մի շարք ստեղծագործություններ նվիրել են «Արս լունգա» դուետին:

«2013 թվականին ավարտել ենք նախագծի առաջին մասը, սակայն աշխատանքներն սկսել էինք դեռևս 2011-ից: Երկու տարում շատ բուռն գործունեություն ծավալեցինք և կարողացանք ձայնագրել վաթսուն կոմպոզիտորի ստեղծագործություն՝ թավջութակի և դաշնամուրի համար: Դրանք կատարվել և ձայանգրվել են ժամանակակից տեխնիկայի վերջին պահանջներին համապատասխան: Կոմպոզիտորների ցուցակում ընդգրկված են ոչ միայն հանրությանը հայտնի անուններ, այլև սփյուռքահայ, կին, ժամանակակից և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ»,-նշեց նա և հավելեց՝ առաջին նախագծի շրջանակում ևս թողարկել են 12 ձայնասկավառակ:

«Արս լունգա» դուետն ստեղծվել է 2009 թվականին: Այն ակտիվ գործունեություն է ծավալել, շրջագայությունների մեկնել, մասնակցել համերգների և փառատոնների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Շատ էին հրավիրում հայկական երաժշտություն ներկայացնելու: Մեկ ամսվա մեջ ամենաքիչը երկու անգամ նոր ծրագիր էինք պատրաստում: Արդյունքում մեր նվագացանկը կազմված էր բազմաթիվ հայ կամերային երաժշտության ստեղծագործություններից: Դրա բնական շարունակությունը դարձավ անթոլոգիայի իրագործումը»,-պատմեց Ջուլիետան:

Վարդանյանն ու Թալալյանը սկսել են հավաքել բոլոր նոտաները, այն, ինչ հնարավոր է եղել գտնել գրադարաններից, գտել են նոտաներ, որոնք տպագրված չեն եղել:

«Մեծ անհրաժեշտություն էր այդ ամենը մեկ տեղում հավաքել, գտնել նոտաներ, որոնք երբևէ չէին կատարվել: Որոշեցինք այդ ամենը հասանելի դարձնել և՛ տեղի, և՛ դրսի երաժշտասերներին»,-նշեց դաշնակահարուհին:

Ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք տրամադրվել են աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոններին, երաժշտական քոլեջներին և ինստիտուտներին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն պրոպագանդող ռադիոկայաններին:

«Մեր նպատակն էր անթոլոգիան հասանելի դարձնել բոլոր երաժշտական հաստատություններին և հնարավորինս լայն տարածում ապահովել: Բավականին մեծ լսարան ունեցավ, քանի որ մենք շատ էինք շրջագայում և այն տանում էինք տարբեր երկրներ ու հանձնում բարձրագույն երաժշտական հաստատություններին և ռադիոկայաններին: Մեզ միշտ շնորհակալություն են հայտնել, զարմանքի, հիացմունքի խոսքեր ասել»,-պատմեց Վարդանյանը:

Խոսելով դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարբերությունների, մտածողության յուրահատկությունների մասին, դաշնակահարուհին ասաց՝ նույն ժամանակաշրջանի կոմպոզիտորների մեջ նույնատիպ ոճային երանգներ հանդիպում են, օրինակ՝ դասականների պարագայում, որովհետև հիմնական երաժշտական ստանդարտներ են եղել, որոնց հետևել են, սակայն նրանցից մեծանուններն ունեն յուրահատուկ ձեռագիր: «Նրանցից են Խաչատրյանը, Բաբաջանյանը, Խուդոյանը, ժամանակակիցներից՝ Տիգրան Մանսուրյանը և այլք: Նրանք կայացած երաժիշտներ են և հստակ խոսք և ասելիք ունեն: Շատ ավելի բազմազան է մոդեռն երաժշտությունը: Այն ավելի հակասական է. կան գործեր, որոնք վերադառնում են ակունքներին՝ պահպանելով մեղեդայնությունը, կան ստեղծագործություններ, որոնք չպատրաստված լսարանի համար այնքան էլ ընկալելի չեն: Մեզ համար անթոլոգիայի ձայնագրումը մեծ փորձառություն էր, հեշտ չէր, քանի որ կարճ ժամանակամիջոցում շատ գործեր կարողացանք ձայնագրել: Մեծ փորձություն էր, մեծ հաջողություն էր ու հնարավորություն»,-շեշտեց Ջուլիետան:

Ըստ նրա՝ անթոլոգիան հանրագիտարանային նշանակություն ունի, քանի որ ներառում է ոչ միայն սկավառակներ, այլև երկլեզու տեքստային մաս:

Վերադառնալով անթոլոգիայի երկրորդ մասին՝ դաշնակահարը նշեց, որ այն լրացնում է առաջին մասին: Այն ևս ուղակվելու է Հայաստանի և երկրի սահմաններից դուրս գործող երաժշտական հաստատություններին:

Երկար է տևել նախագծի երկրորդ մասի իրագործումը, քանի որ տարբեր փուլերում բազմաթիվ դժվարություններ են հաղթահարել: Ինչպես արդեն ասվեց, այն կազմված է դաշնամուրային տրիոներից՝ թավջութակին ու դաշնամուրին ավելանում է ջութակը: «Եթե մենք խախտեինք այս ու ջութակի փոխարեն նաև այլ գործիքներ կիրառեինք, ծավալը շատ մեծ կլիներ, ուստի կենտրոնացանք այս կազմի վրա: Գտանք 41 տրիո և սկսեցինք ձայնագրել, սակայն գործընթացն ընդհատվեց, քանի որ ֆինանսավորման խնդիր կար: Երկու կամ երեք տարի նախագիծը կանգ էր առել, հետո դիմեցինք Լիխտենշտայնի «Արվեստի և երաժշտության միջազգային ֆոնդ»-ին: Դա բացառիկ հնարավորություն էր: Դեռ նման բան չի եղել, որ այդ ֆոնդը ֆինանսավորի հայկական նախագիծ, բայց մեզ աջակցեցին և կարողացանք ավարտել նախագիծը»,-մանրամասնեց դաշնակահարուհին:

Նախագծի երկրորդ մասի իրականացման համար դուետը հրավիրել է Հայաստանում և երկրից դուրս բնակվող շնորհալի և անվանի հայ ջութակահարների:

Ջուլիետա Վարդանյանը հավաստիացրեց, որ կշարունակեն համերգներով հանրահռչակել հայ հեղինակների գործերը, որոնց նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

«Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը` համալրելով այն հայ կոմպոզիտորների այլ կամերային ստեղծագործություններով. դաշնամուրային տրիո, կվարտետ, կվինտետ և այլն:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս