«Հայակեր Ալիևի սպառնալիքներին Փաշինյանը պատասխանում է բլթոցներով». Մարիամ Ավագյան

Օրեր առաջ ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները դիմեցին Նիկոլ Փաշինյանին, Պուտինին և Ալիևին՝ մասնավորապես Ալիևից պահանջելով ապահովել հայ փախստականների վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր:

Այս հայտարարությանը Հայաստանում ԼՂ-ից տեղահանվածների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները կոշտ արձագանքեցին՝ կոչ անելով զերծ մնալ արկածախնդիր նախաձեռնություններից։

Ի տարբերություն Հայաստանում փախստականների խնդրով զբաղվող ՀԿ-ների կոշտ դիրքորոշման, Արցախում գործող ՀԿ-ների՝ Ալիևին դիմելու պահանջը Կառավարության նիստում ողջունեց Նիկոլ Փաշինյանը՝ դրված պահանջը համարելով արդարացի։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը Արցախի հանրապետությունում փախստականների խնդրով զբաղվող ՀԿ-ների՝ Ալիևին դիմելու պահանջը համարեց պարտադրված հայտարարություն, որի տակ մարդկանց ազգանուններ են հայտնվել՝ առանց այդ մարդկանց իմացության։

Կարդացեք նաև

«Ինձ մարդիկ գրեցին, որ իրենք տեղյակ չեն եղել, բայց իրենց անունները այդ հայտարարության տակ հայտնվել են։ Այս հայտարարությունը ես համարում եմ արտաքին կառավարման հետևանք»,- ասաց Ավագյանը՝ կոչ անելով այդ ամենով հանդերձ՝ խմբերի չբաժանել Հայաստանում և Արցախում փախստականների խնդրով զբաղվողներին, որովհետև բոլորին միավորողը նույն խնդիրն է։

«Այսօր իշխանություններն ուզում են, բայց չգիտեն՝ որտեղից սկսեն զբաղվել փախստականների խնդրով, մինչդեռ այդ հարցով պետք է զբաղվի հենց պետությունը։ Երբ Ալիևը ակտիվացնում է Արևմտյան Ադրբեջանի այդ դավադիր թեզը, այս իշխանությունը այդ ժամանակ նոր հասկանում է, որ պետք է տեղից շարժվի՝ առանց հարցը քննարկելու մասնագետների հետ»,- ասաց Ավագյանը՝ շեշտելով՝ երբ Ադրբեջանում ստեղծվել է փախստականների հարցով քաղաքական մարմին, Հայաստանում ոչ միայն նման մարմին չի ստեղծվել, այլև փախստականների խնդիրների բարձրաձայնումը՝ ինչպես Փաշինյանի, այնպես էլ՝ այլ պաշտոնյաների մակարդակով մնում է անպատասխան։

«Բայց չէ՞ որ պետությունն է պարտավոր տիրություն անել, ոչ թե խոսել ինքնակազմակերպման մասին։ Ինքնակազմակերպվելու և դատարան դիմելու մեզ արված կոչերն աբսուրդ են։ Ալիևը կազմակերպված է աշխատում միջազգային հարթակների հետ, մեր մոտ որևէ մեխանիզմ չկա։ Հիմա էսպես բլթոցներով հակադարձել Իլհամի կազմակերպած գործող մեխանիզմներին, դա աբսուրդ է։ Փաշինյանի հակադարձումները բլթոցներ են, որովհետև մշակված չեն՝ որպես մեխանիզմներ»,- ասաց Ավագյանը։

Նրա խոսքով՝ հայի անվտանգությունը որևէ միջազգային մեխանիզմ չի կարող ապահովել. այս իշխանությունը ժամանակը վատնում է, որովհետև այդ անվտանգության հարցով ոչ միայն ռազմավարություն չի մշակում, այլև մեր փոխարեն և մեր անունից ինչ-որ բաներ են պայմանավորվում։

«Լավ, ՄԱԿ-ի հանձնակատարի հետ ի՞նչ եք խոսել, մենք ո՞նց ենք վերադառնում Ադրբեջանի ենթակայության տակ տարածք. իմ կողքը Արարատ Միրզոյանը կարողանալո՞ւ է կանգնեցնել ՄԱԿ-ի մի զինվոր՝ ավտոմատը ձեռքին, որ իմ անվտանգությունը պաշտպանի։ Պատկերացրեք՝ ես հայտնվեմ Բաբանցում. Քանի՞ ՄԱԿ-ի զինվոր է իմ անվտանգությունն ապահովելու»,- ասաց Ավագյանը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր

Լրահոս