Արևմուտքի դիտարկումն այն է, որ ռեգիոնում խաղաղության դեպքում անվտանգության երաշխիքների կարիք չի լինի. Եվրոպացի վերլուծաբան

Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանություններն ակտիվորեն շրջանառում են «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» թեզը: Թեև ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին ՀԱՊԿ առաքելություն Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղարն այցելում է ՀՀ և սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ, Հայաստանը հրաժարվում է թե՛ ՀԱՊԿ զորավարժություններից, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից, ՀՀ իշխանությունները Հայաստան-ՀԱՊԿ ճգնաժամային հարաբերությունների ողջ պատասխանատվությունը գցում են ՀԱՊԿ-ի վրա՝ հող նախապատրաստելով այդ կառույցից ՀՀ-ի դուրս գալու համար:

Սակայն ՀՀ-ՀԱՊԿ ճգնաժամային հարաբերությունների վերջին տարիներին զուգահեռ՝ քննարկվում է այն հարցը, թե անվտանգային ինչ երաշխիքներ ունի Հայաստանն Արևմուտքից, քանի որ նույնիսկ կիսատ ՀԱՊԿ և ռուսական երաշխիքներն ունեն որոշակի դերակատարություն:

Իսկ ինչի՞ է պատրաստ այս հարցում Արևմուտքը, եթե, ինչպես ՀՀ իշխանություններն են պնդում՝ «ՀԱՊԿ-ը դուրս գա Հայաստանից»:

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ անվտանգության հարցում ռուսական և արևմտյան մոտեցումներն էականորեն տարբերվում են:

Նրա խոսքով՝ ներկայումս Արևմուտքը՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը, ձգտում են կարգավորել ռեգիոնալ հակամարտությունները, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերություններն ու Ղարաբաղյան հակամարտությունը, որոնք անվտանգության ուղիղ երաշխիքների անհրաժեշտությունը կչեզոքացնեն, իսկ ռուսական ռեգիոնալ քաղաքականությունը մշտապես կապակցել է հակամարտությունների չկարգավորվածությունը և անվտանգության երաշխիքները՝ պահելով իր ազդեցությունը:

«Սրանք բոլորովին տարբեր կոնցեպտներ են, միմյանց հակասող: Եթե հաջողվի ռեգիոնում խաղաղություն հաստատել, ապա անվտանգության երաշխիքների կարիք չի լինի, հենց այդ պատճառով Արևմուտքն իսկապես հետաքրքրված է բանակցություններով: Այնուամենայնիվ, հասկանալով Հարավային Կովկասի առանձնահատկությունները, ԵՄ-ն քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկեց՝ հուսալով, որ սա որոշակի անվտանգային մեխանիզմ կդառնա Հայաստանի Հանրապետության համար:

Արևմուտքի դեպքում գործն ավելի բարդ է ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության հեռանկարների դեպքում, ինչպես կարող ենք տեսնել վերջին տասնամյակի ընթացքում, անդամակցության հեռանկարներ տրվում են, սակայն Արևմուտքի ներքին բարդ գործընթացների ու տարաձայնությունների, ֆինանսական խնդիրների պատճառով հեռանկարը չի վերածվում անդամակցության կայացած փաստի:

Բայց մինչ դա, պետք է նաև հասկանալ, որ Հայաստանը դիտարկվում է՝ որպես ՌԴ դաշնակից երկիր, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ, Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմի ֆոնին բոլորը գիտեն, թե ինչպես են խորացել այս բաժանարար գծերը: Արևմուտքը դիտարկում է, որ կա՛մ երկրները ագրեսիայի դեմ են, կա՛մ Ռուսաստանի հետ: Հասկանալի պատճառներով Հայաստանը չի կարող դիտարկվել լիովին արևմտյան ճամբարում, քանի դեռ անդամակցում է այս կառույցներին, որոնք չեն էլ գործում:

Մյուս կողմից՝ հասկանալի է նաև, որ որքան էլ ՀՀ-Արևմուտք հարաբերություններում կան բազմաթիվ նորություններ, խորություններ, ՀՀ-ն չի կարողանում կտրուկ աշխարհաքաղաքական որոշումներ կայացնել աշխարհաքաղաքական հարաբերությունների այս բարդագույն փուլում: Ուստի այս իրավիճակում խոսել հստակ արևմտյան անվտանգային երաշխիքների մասին՝ չի ստացվում»,- ասաց Ստյուարտը:

Նա, որպես օրինակ, խոսեց Վրաստանի դիրքավորման մասին Ուկրաինայի պատերազմի ֆոնին՝ նշելով, որ Վրաստանի այս դիրքավորումը ևս չընկալվեց Արևմուտքում, և Վրաստան-ԵՄ հարաբերություններն այսօր բավականին լարված են, իսկ Վրաստանի արևմտյան հեռանկարները՝ կասկածելի:

«Սակայն Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներն այնքան կարևոր ու առանցքային են, որ ԵՄ-ն որոշում կայացրեց՝ կոնտինգենտ ուղարկել Հայաստան։ Այսինքն՝ հատուկ դեպքերում ԵՄ-ն պատրաստ է նաև որոշակի մեխանիզմների գործարկման: Բայց գլոբալ տեսակետն այն է, որ հակամարտությունները կարգավորվեն, և ռեգիոնն անվտանգային կախվածությունից դուրս գա ու բնականոն աշխարհաքաղաքական հարաբերություններ հաստատի, պարտադիր չի, որ դա լինի բլոկային համագործակցություն՝ հատկապես, երբ ներկայումս Արևմուտքն իր ողջ ռեսուրսով կենտրոնացած է այն հարցի վրա, որպեսզի Ուկրաինան չպարտվի»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս