Բաժիններ՝

Վարչական ակտերի դիտավորյալ չկատարման համար կարող է սահմանվել քրեական պատասխանատվություն. նոր փոփոխություն՝ Քրեական օրենսգրքում

Այս տարվա մարտի 13-ին Իրավական նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրանց կատարմանը խոչընդոտելու համար։

Նախագծի քննարկման վերջնաժամկետն է մարտի 29-ը:

Նախագծով առաջարկվում է՝

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածում.

  • վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 507. Դատական ակտը կամ հարկադիր կատարման ենթակա այլ ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը»։

  • լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Oրենքով նախատեսված հարկադիր կատարման ենթակա այլ՝ սույն հոդվածի 1-ին մասում չներառված ակտի կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաև հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանի կամ նրա իրավասու անձի կողմից այն չկատարելը, եթե դրա կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցների գործադրմամբ, կամ տվյալ ակտով արգելված գործողություն կատարելն այդ արգելքի գործողության ժամանակահատվածում՝

պատժվում է տուգանքով՝ հնգապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը ութսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` 6 ամիս ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:

3) 2-րդ մասում «1-ին» բառից հետո լրացնել «կամ 1.1-ին մասերով» բառերը։

Գործող իրավական կարգավորումներով քրեական պատասխանատվություն ենթադրվում է միայն դատական ակտերի չկատարման կամ կատարման խոչընդոտելու համար, եթե կատարումը հնարավոր չէ հարկադիր կատարման միջոցներով։ Այնինչ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու արդյունքում հարկադիր կատարման ենթակա են ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, այլև այդ թվում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը, քանդման մասին վարչական ակտը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատախազի որոշումը։

Ըստ նախագծի հեղինակների՝ վերը նշված հարկադիր կատարման ուղարկվող որոշումները լինում են ոչ միայն գույքային բնույթի, այսինքն՝ բռնագանձման ենթակա, այլև ոչ գույքային բնույթի․ օրինակ՝  վերը նշված հանձնաժողովների կողմից տրված հանձնարարությունները, կամ որոշակի գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնք կատարման ենթակա են անձամբ պարտապանի կամ վերջինիս ներկայացուցչի կողմից և հնարավոր չէ կատարել հարկադիր կատարման միջոցների կիրառմամբ։ ԴԱՀԿ-ն կայացնում է որոշում, որի համաձայն՝ պարտապանը պարտավոր է սահմանված ժամկետում ապահովել նշված մարմինների կողմից կայացված վարչական ակտով սահմանված գործողությունների (հանձնարարությունների) կատարումը։ Պարտապանը սահմանված ժամկետում հրաժարվում է ապահովել դրանց կատարումը՝ արդյունքում հարկադիր կատարման ենթակա ակտերը մնում են անկատար։

Կրկնում ենք, խոսքը վերաբերում է ոչ գույքային բնույթի որոշումներին, այսինքն՝ եթե, օրինակ, կա տեղափոխման կամ շինությունը քանդելու որոշում, բայց այն չի կատարվում:

Այս պարագայում հարկադիր կատարողը ներկայումս չունի որևէ լծակ՝ ազդելու պարտապանի վարքագծի վրա կամ այլ միջոցներով ապահովելու այդ ակտերի հարկադիր կատարումը (բացառությամբ, եթե պարտապանը խոչընդոտում է հարկադիր կատարողի օրինական գործողություններին, որի դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն) և դա այն պայմաններում, երբ օրենսդրության զարգացումը միտված է ոչ միայն դատական ակտերի, այլև վարչական ակտերի հարկադիր կատարման պարտադիրության ապահովմանը։

Դրա համար առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն հարկադիր կատարման ենթակա այլ ակտերի չկատարման կամ դրանց կատարմանը խոչընդոտելու համար։ Ի դեպ, նախագծի հեղինակը հենց Հարկադիր կատարման ծառայությունն է:

Տեսանյութեր

Լրահոս