Ինչի՞ վրա է ապագա «քաղաքապետի» հույսը
Իրեն Երևանի ապագա քաղաքապետ երևակայող Տիգրան Ավինյանն ամեն ջանք գործադրում է համոզելու, որ Երևանում մետրոյի նոր կայարան են կառուցելու։ Ասում է, ի հեճուկս բոլոր թերահավատների՝ Աջափնյակի կայարանը կառուցվելու է։
Եթե հավատալու լինենք սրանց, Աջափնյակի կայարանը վաղուց կառուցած պիտի լինեին։ Երևանի քաղաքապետի նախորդ ընտրության ժամանակ էին խոստացել կառուցել այդ կայարանը, և ոչ միայն՝ Աջափնյակի կայարանը։
Այս պահին ունենք այն, որ ավարտվել են կայարանի ընդամենը նախագծման առաջին փուլի աշխատանքները։ Ակնկալվում է, որ ամբողջական նախագիծը պատրաստ կլինի միայն տարվա վերջին։ Չնայած դա էլ դեռ հարց է։
Խոստացել էին, որ մետրոյի կայան, այն էլ՝ ամենաքիչը մեկ կայան, պետք է կառուցեն։ Ունենք այն, որ լավագույն դեպքում, տարեվերջին պատրաստ կլինի դրա նախագիծը։
Առնվազն ևս 4 տարի անհրաժեշտ կլինի նախագիծն իրականացնելու և շինարարական աշխատանքները կատարելու համար։ Բայց դրա համար դեռ պետք է լուծվի կայարանի կառուցման ֆինանսավորման հարցը։
Այն, ինչ Տիգրան Ավինյանը խոստանում է, ի հեճուկս թերահավատների, դատարկ խոստում է։ Դրա տակ բացարձակ փող չկա։ Իսկ կարևորն այս ամենի մեջ փողն է։
Քանի դեռ չի լուծվել կայարանի կառուցման ֆինանսավորման հարցը, մնացածը փուչիկ է։
Խոսքը ոչ թե միլիոնների, այլ տասնյակ, նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների մասին կարող է լինել, որը քաղաքապետարանը չունի։ Ուստի, մտադիր են կայարանը կառուցել վարկերով ու կրկին ժողովրդի հաշվին։ Իբր այս ընթացքում քիչ վարկեր են վերցրել ու ծրանրաբեռնել պետական պարտքը։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն այն եզակի ղեկավարներից է, ով նախկինում դեմ լինելով վարկեր վերցնելուն, իր իշխանության 4,5-5 տարիներին ամենաշատն է ծանրաբեռնել պետական պարտքը՝ ներգրավելով նոր վարկեր ու ֆինանսական միջոցներ։
Բյուջեի աննախադեպ աճերից, հարկերի հավաքման պատմական ռեկորդներից են խոսում, բայց այս ընթացքում հասցրել են պետության վրա հսկայական պարտքային բեռ կուտակել։ Չորսուկես-հինգ տարում՝ շուրջ 4 մլրդ դոլար։
Իշխանափոխության պահին Հայաստանի պետական պարտքը 6,7 մլրդ դոլար է, այսօր հասել է 10,7 միլիարդի։
Գրեթե 25 տարում նախորդ բոլոր իշխանությունները 6,7 միլիարդի պարտք են կուտակել, իսկ միայն Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը կուտակել է 4 միլիարդ դոլար, և դեռ շարունակում են մեծ տեմպով պարտք ավելացնել։
Ոչ միայն պարտքն են ավելացրել, այլև հասցրել են էապես թանկացնել։
Պարտքն ավելացրել են թանկ փողերով, ինչի հետևանքով այսօր ունենք աննախադեպ ծանր պարտքի բեռ՝ ոչ միայն անվանական արտահայտությամբ, այլև բարձր գնով։
Պարտքի միջին տոկոսադրույքը հասել է առևտրային վարկերի տոկոսադրույքներին։
Նախկինում 4 տոկոսի սահմաններում էր, հիմա դարձել է 6,3 տոկոս։ Վերջին տարիներին այնքան թանկ փողեր են վերցրել, որ պետական բյուջեն դրել են այսպիսի ծանր հարվածի տակ։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ են վճարում միայն պարտքի տոկոսները վճարելու համար։
Այսքանը քիչ է, այսուհետ ևս նախատեսում են պարտքեր ավելացնել։ Դրանց հաշվին էլ Տիգրան Ավինյանը մտադիր է կառուցել մետրոյի Աջափնյակի կայարանը։
Չնայած դեռ հարց է, թե այն որքանով արդյունավետ կարող է լինել, և արժե՞ արդյոք այդքան միլիոններ ծախսել այդ կայարանը կառուցելու համար։ Հիմնավորումները, որոնք ներկայացնում են կայարանի կառուցման համար, շատ թույլ են։
Նաև դա է եղել պատճառը, որ այսքան ժամանակ կայարանը չի կառուցվել, թեև շուրջ 30 տոկոս աշխատանքներն արված են։ Դրա վրա դեռ միլիոնավոր դոլարներ պիտի ծախսվեն, որոնք ուզում են անել պետությանը նոր վարկերի տակ դնելով։ Կարծես նախկիններն այդքան բան չէին գիտակցում կամ չէին կարող պարտքեր վերցնել ու մետրոյի կայարան կառուցել, սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը կամ Տիգրան Ավինյանը գային, որ կառուցեին։
Պետության փողերն ուզածի պես շաղ են տալիս, միլիոններով պարգևավճարներ են վճարում, թանկարժեք մեքենաներ գնում, գրասենյակներ վերանորոգում ու կահավորում, հազար ու մի անիմաստ ծախսեր են անում, իսկ երբ հերթը հասնում է մետրոյին, ուզում են վարկերով կառուցել։
Մինչև հիմա էլ Երևանի տրանսպորտի հետ կապված խնդիրները, որ ինչ-որ կերպ փորձել են լուծել, էլի վարկերով են արել։ Վարկեր են վերցրել ու ավտոբուսներ գնել։ Այսօր էլ այդ ավտոբուսները վնասով են աշխատում, չեն կարողանում փակել իրենց ծախսերը, ստիպված են քաղաքապետականի բյուջեից հարյուրավոր միլիոն դրամներ վճարել վնասները փակելու համար։
Սրա համա՞ր էին քաղաքային տրանսպորտը մասնավորից հետ վերցնում ու դարձնում համայնքային սեփականություն, որպեսզի քաղաքային բյուջեից հսկայական գումարներ վճարեն դրա պահպանման համար։ Մի կողմից՝ պետությանն են ծանրաբեռնել վարկերով, մյուս կողմից՝ քաղաքապետարանի բյուջեն։ Արդյունքում այնպես չէ, որ լուծել են ավտոբուսային տրանսպորտի խնդիրները, հիմա անցել են մետրոպոլիտենին։
Չորս տարում չեն կարողացել անգամ խոստացված կայարանի նախագիծն ավարտել, Տիգրան Ավինյանն արդեն երկրորդ-երրորդ կայարաններից է խոսում։
«Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում՝ «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ, և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը»,- մեկ տարի առաջ հայտարարում էր Երևանի քաղաքապետի իշխանական թեկնածուն։
Միջանկյալ կայարանի մասին նույնիսկ անիմաստ է խոսելը, իսկ ի՞նչ եղան էլեկտրական ավտոբուսները։
Չորս տարի է՝ քաղաքային իշխանություն են, տեսնում ենք, թե ինչ են արել։ Ընտրությունները մոտեցել են, նոր հիշել են Երևանի ու երևանցու խնդիրների մասին։ Փորձում են ընտրություններից առաջ տպավորություն ստեղծել, թե կատարում են իրենց խոստումը, մետրոյի կայարան են կառուցում։ Այնինչ՝ նոր կայարանի կառուցման վրա դեռ մեկ քար անգամ չեն դրել։ Ամեն ինչ այս պահին միայն թղթի վրա է։ Այնպես, ինչպես այն բազմաթիվ խոստումները, որոնք տվեցին 4-5 տարի առաջ, եկան իշխանության, ու տեսանք, թե ինչ արեցին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ