Չարաշահումները դուրս են գալիս ջրի երես. Մինչև ո՞ւր կձգվի շղթան

Քովիդի դեմ պայքարելու համար կառավարությունը պետական բյուջեից հսկայական գումարներ է ծախսել։ Միայն 2020թ.՝ շուրջ 26,5 մլրդ դրամ։ Եվս գրեթե այդքան էլ՝ հաջորդ տարի։

Ընդհանուր առմամբ ծախսվել է ավելի քան 100 մլն դոլար։ Թե ո՞ւր են գնացել այդ գումարները և ինչպիսի՞ արդյունավետությամբ են ծախսվել ու ծառայել Քովիդի դեմ պայքարին, վկայում են այն հազարավոր մահերը, որոնք գրանցվեցին։

Մեկ շնչի հաշվով մահացության ցուցանիշով Հայաստանն աշխարհի վատագույն երկրներից մեկն է։

Ծախսվեցին հսկայական գումարներ, իսկ արդյունքներն ահա այդպիսին էին։

Օգտվելով նրանից, որ չկար պատշաճ հսկողություն պետական միջոցների իրացման նկատմամբ, չարաշահել ու յուրացրել են հատկացված միջոցները, իրականացրել են անհիմն ծախսեր ու վատնումներ։

Սրա մեղավորը ոչ միայն ներքին օղակներն են, ովքեր սովորաբար դառնում են քավության նոխազ, այլ նաև բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են եղել Քովիդի դեմ պայքարի համար՝ սկսած Նիկոլ Փաշինյանից ու իր տեղակալ Տիգրան Ավինյանից, վերջացրած առողջապահության երկու նախարարներով՝ Արսեն Թորոսյանով ու Անահիտ Ավանեսյանով։

Վերևների թողտվությամբ, գուցե նաև իմացությամբ է, որ ներքևները չարաշահել են իրենց լիազորությունները։

Իսկ որ չարաշահումներ եղել են, կասկած չկա։ Դրա վկայություններից մեկն էլ Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունն էր, որը վերաբերում էր Քովիդի դեմ պայքարի առաջին փուլին, երբ առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանն էր։ Դրա հետ էին կապված նաև իրավապահ մարմինների վերջին գործողություններն ու ձերբակալությունները, ընդհուպ՝ առողջապահության նախկին փոխնախարարի մակարդակով։

Հերթը նաև մյուսներին կհասնի՞, թե՞ ոչ, առաջիկայում կերևա։ Արդեն տևական ժամանակ շրջանառվում են լուրեր, որ գլխավոր դատախազը պատրաստվում է մտնել Ազգային ժողով իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությամբ։ Նման լուրերը, բնականաբար, պատահական չեն հայտնվում. դրանք հատուկ են դրվում շրջանառության մեջ՝ հասարակության ուշադրությունը կարևոր իրադարձություններից շեղելու, երբեմն էլ՝ ինչ-որ մարդկանց ինչ-որ բաներ հասկացնելու համար։ Սա այս իշխանությունների սիրած զբաղմունքն է, որը, 5 տարի է՝ կիրառում են։

Քրեական գործը, որը հարուցել են ու որի շրջանակներում տարբեր մարդկանց են կալանավորել, կապված է մեկ դրվագի հետ՝ պաշտոնական փաստաթղթերում կեղծ տվյալների ներառում, ինչի արդյունքում ֆինանսական խոշոր միջոցներ են յուրացրել։

«Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Մասնավորապես՝ բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր նրանք բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել առողջապահության նախարարություն։

Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ին անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119 մլն 5 հազար դրամ»,- կատարված խուզարկություններից ու ձերբակալումներից հետո հայտարարեց Հակակոռուպցիոն կոմիտեն։

Բայց սա ընդամենը մի փոքր դրվագ է չարաշահումների ու յուրացումների այն ամբողջ շղթայում, որը տեղի է ունեցել Քովիդի ժամանակ։ Կասկած չկա, որ ցանկության դեպքում այդպիսի բազմաթիվ փաստեր կհայտնաբերվեն բազմաթիվ բժշկական հաստատություններում ուսումնասիրություն կատարելու պարագայում։ Եվ ոչ միայն այդպիսի փաստեր։

Քովիդի դեմ պայքարելու նպատակով հատկացված հսկայական գումարների իրացումը, ըստ էության, հսկողությունից դուրս է եղել։ Ինչպես ուզել, այնպես էլ ծախսել են պետական միջոցները։ Հրատապ միջոցառումների անվան տակ գնումները կատարել են հայտնի տարբերակով՝ մեկ անձից գնման եղանակով, որն ամենամեծ կոռուպցիոն ռիսկն է պարունակում։ Նորություն չէ, թե ի՞նչ է նշանակում մեկ անձից գնում, և ինչպիսի՞ մեծ չարաշահումների հնարավորություն է այն տալիս։

Աշխատավարձ ու պարգևավճար են տվել նախարարության ենթակայության տակ գործող կազմակերպությունների, որոնք որևէ իրավական ակտով ներառված չեն եղել կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունների ցանկում։ Եվ ոչ միայն նախարարության ենթակայության տակ գտնվողներին։ Մեծ գումարներ են հատկացրել նաև նախարարության համակարգից դուրս գտնվողներին։ Խոսքը հարյուրավոր միլիոն դրամների մասին է։

Երբեմն էլ աշխատավարձի փաստացի ծախսերից ավելին են հատկացրել, քան պիտի հատկացնեին։

Չարաշահումների մեկ այլ մեծ դաշտ կարող է բացվել հիվանդների բուժման վրա կատարված ծախսերի առումով։

Սա ընդհանրապես հատկացված միջոցների իրացման ամենաընդգրկուն հատվածներից մեկն է, որը Քովիդի ժամանակ գրեթե դուրս է եղել վերահսկողությունից։

Զարմանալի չէ, որ տարբեր բուժհիմնարկներում բուժման ծախսերը երբեմն խիստ տարբեր են եղել։

Ծախսերի արդյունավետության գնահատման նպատակով Հաշվեքննիչ պալատն այդպիսի մի հաշվարկ էր իրականացրել։ Պարզվել էր, որ Քովիդից մեկ հիվանդի բուժման միջին արժեքը 2020թ. կազմել է 378,1 հազար դրամ։

Սա էլ, իհարկե, կասկածելի բարձր թիվ է, բայց եղել են նաև այնպիսի բուժհաստատություններ, որոնք դրանից կրկնակի ավելի շատ գումար են ծախսել մեկ հիվանդի բուժման վրա՝ ընդհուպ 745 հազար դրամ, առանձին ամիսներին՝ նույնիսկ 1,3-1,4 մլն դրամ՝ մեկ հիվանդի բուժման համար։

Ծախսե՞լ են, թե՞ ուղղակի այդպես են ներկայացրել՝ դա էլ դեռ հարց է։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը ժամանակին խուսափել էր Հաշվեքննիչ պալատին տրամադրել նախարարի հրամանով հաստատված՝ բուժման սակագների հաշվարկի մեթոդաբանությունն ու հիմնավորվածությունը։ Թե ինչո՞ւ, հավանաբար հասկանալի է։

Դա համավարակի շրջանակներում ծախսված միջոցների հնարավոր չարաշահումների հետ կապված ամենակարևոր հարցերից մեկն է, որի պատասխանը դեռևս բաց է մնում։ Ու եթե այս ամենը հերթական թատերականացված ներկայացումը չէ, ապա կասկած չկա, որ առաջիկայում շատ ավելի մեծ ֆինանսական միջոցների չարաշահումների ու յուրացումների վերաբերյալ բացահայտումներ կարող են լինել, ոչ միայն մանր, այլև խոշոր «ձկների» մակարդակով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս