«Խաղաղության օրակարգը մերը չի՛, մենք մեր տղերքի վրեժը լուծելու ենք». Մասիսի համայնքապետը՝ զոհված զինծառայողների ծնողներին
44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Միհրանի Խոմով-Սարգսյանը երեկ կդառնար 22 տարեկան: Այդ առիթով Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր հերոսին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին հերոսի ընտանիքի անդամները, ընկերները, հրամանատարը, զոհված զինծառայողների տասնյակ ծնողներ, ինչպես նաև Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ Միջոցառման ժամանակ համայնքի ղեկավարն անկեղծ խոսքով դիմեց ներկաներին.
«Վերջին պատերազմից հետո շատ քիչ եմ խոսում, որովհետև նայելով ձեր աչքերի մեջ, չգիտեմ՝ ինչ ասեմ: Գոնե մեր գործունեության մեջ փորձում ենք այնպես անել, որ դուք գնահատված լինեք ու հասկանաք, որ մենք՝ մեր թիմը, աշխատակիցները, հասկանում ենք, թե մենք ինչ ենք կորցրել: Շատ դժվար է խոսել էս տղերքի մասին: Իրականում մեր լավագույն կորիզն է գնացել, 90-ական պատերազմից սկսած՝ մինչև վերջին պատերազմը, վերջին դեպքերը…
Իմ կողմից շեշտվող մի փաստ կա, որ մենք ոչ ոքս իրավունք չունենք գնալ խաղաղության, խաղաղության օրակարգը մերը չի՛, մենք մեր տղերքի վրեժը հաստատ լուծելո՛ւ ենք»,- ասաց Դավիթ Համբարձումյանը: