Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա էլ Արևմուտքից դժգոհ
Մարտի 14-ի Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային բրյուսելյան հարթակի արդյունավետությանը:
Չնայած այն հանգամանքին, որ առավելապես հայկական կողմի ակտիվ մասնակցությամբ ու դերակատարությամբ գործընթացն ամբողջությամբ տեղափոխվել է արևմտյան հարթակ, իսկ ՀՀ իշխանությունները միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպություններ են ներգրավում ՀՀ-Արևմուտք հարաբերությունների խորացման համար, հայկական կողմը, կարծես, դժգոհ է երաշխիքների այն համակարգից, որը Բրյուսելը տրամադրում է բանակցող կողմերին: Նախ հիշեցնենք, թե ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Թեև Մյունխենում փետրվարին կայացած Փաշինյան-Բլինքեն-Ալիև հանդիպումից անմիջապես հետո ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարեց, թե շուտով Բրյուսելում Փաշինյան-Ալիև նոր հանդիպում է լինելու, Փաշինյանը ասուլիսում հայտարարեց, թե այս պահին հանդիպում նախատեսված չէ: Նա նշեց, որ հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին երաշխիքներ: «Եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է էսկալացիաներ արդարացնելու համար, դա մեզ համար ընդունելի չէ:
Բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան: Մենք էլ հասկանում ենք, և հրապարակային ասել եմ, որ պատրաստ եմ ինձ վրա վերցնել պատասխանատվություն՝ ստորագրել փաստաթղթեր, որոնք երազանքի փաստաթուղթ չեն լինի, բայց հայացք փախցնելու առիթ չեն տա»,- ասաց Փաշինյանը:
Նա իր մտահոգությունը հայտնեց բրյուսելյան ձևաչափի վերաբերյալ, որոնց շուրջ ակտիվ քննարկումներ են եղել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ:
«Այդ քննարկումների արդյունքում և ընթացքում և դրանից էլ առաջ մենք ֆունդամենտալ խնդիր ենք տեսել բրյուսելյան ֆորմատի մեջ: Խնդիրը հետևյալն է, որ մենք բազմաթիվ բաներ պայմանավորվել ենք, բայց համարյա ոչինչ չի իրագործվել: Ես 2021թ. դեկտեմբերի 14-ին բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում գրառում արեցի, որ պայմանավորվել ենք, որ Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղին գործարկում ենք, և երկաթուղին պետք է գործի երկրների օրենքներին համապատասխան, որոնց տարածքով անցնում է:
Այսինքն՝ դա ճշգրիտ արտահայտում էր մեր պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարություն եմ արել Կառավարության նիստին, մինչև հիմա երկաթուղու շինարարությունը չի վերսկսվել: Ի՞նչն է պատճառը, որ չի վերսկսվել: Որովհետև ուղիղ մեկ շաբաթ անց, երբ որ արդեն պայմանավորվածությունը պետք է գրավոր ձևով ստորագրվեր, Ադրբեջանը հրաժարվել է այդ պայմանավորվածությունը ստորագրելուց:
Բրյուսելյան ֆորմատի հետ կապված՝ մենք տասը, եթե չասեմ՝ տասնյակներով, գոնե տասից ավելի այդպիսի պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, որոնք չեն իրագործվել, ներառյալ՝ գերիների ազատ արձակման և վերադարձի վերաբերյալ: Կա երկրորդ նյուանսը. երբ չկան բանակցություններ, էսկալացիայի վտանգը մեծանում է: Բայց Բրյուսելը մեզ ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք ոչ միայն չեն նվազեցնում էսկալացիայի վտանգը, այլև ավելացնում են: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ սեպտեմբերի 13-ի լայնածավալ հարձակումը տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումից 13 օր հետո:
Հիմա ո՞րն է մեր վերաբերմունքը. մենք ասում ենք՝ համաձայն ենք այդ ֆորմատով աշխատանքը շարունակելու համար, բայց եկեք, ուրեմն, այն, ինչ պայմանավորվել ենք, սկսենք կետ-կետ իրագործել: Եթե 10-ից ավելի պայմանավորվածություններ կան, որոնք չեն իրագործվում, ի՞նչ իմաստ ունի նոր բան պայմանավորվելու շուրջ աշխատանքներ կատարել: Այդ պայմանավորվածությունները վերաբերել են Լեռնային Ղարաբաղին, սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների ազատ արձակմանը և այլն»,- նշեց Փաշինյանը:
Նա նաև առաջարկեց շարունակել Պրահայի քառակողմ ֆորմատով, և եթե Ադրբեջանը դեմ է Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը, ապա հնարավոր է ընդլայնել ձևաչափը և ներառել, օրինակ, Գերմանիային, ԱՄՆ-ին:
Ըստ էության առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը հրապարակային, մանրամասն քննադատություն է հնչեցնում Արևմուտքի հասցեին, ըստ էության մեղադրելով անարդյունավետ բանակցությունների և բանակցային պայմանավորվածությունների կատարմանը հետևել չկարողանալու մեջ:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նախ նշեց, որ հայկական կողմը դժգոհ է՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Արևմուտքից և մնացած բոլորից, քանի որ քաղաքականության մասին պատկերացումներն այնպիսին են, որ ինչ-որ մի այլ երկիր պետք է ավելի շահագրգռված լինի ՀՀ շահերով այնպես, ինչպես սեփական երկրի շահերի դեպքում: Այնուհետև նա պարզաբանեց, թե ինչու են ՀՀ իշխանությունները դժգոհ Արևմուտքից։
Ըստ նրա՝ Հարավային Կովկասում Արևմուտքի շահը միայն Ռուսաստանի ազդեցությունը վերացնելն է՝ հակամարտությունները ամեն գնով լուծելու ճանապարհով, իսկ դրա կարճ ճանապարհը երկար բանակցությունները չեն, այլ այն, որ պատերազմից հետո ռեգիոնում ձևավորված ուժային հավասարակշռությունն իր բոլոր դրսևորումներով իր գործն անի:
Նրա խոսքով, փոխարենը ՀՀ իշխանություններն աշխատեին Ռուսաստանի հետ՝ որպես դաշնակից, հասկանալով այն խնդիրները, որոնք այսօր ունի ՌԴ-ն, սկսեցին շատ ավելի լուրջ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, մերժել ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի առաջարկները՝ ակնկալելով, թե Արևմուտքը պետք է պաշտպանի ՀՀ շահերը:
«Իսկ Արևմուտքն Ադրբեջանի հետ լուրջ էներգետիկ շահեր ունի, և կարծում եմ՝ առավելագույնը, ինչ տեղի ունեցավ՝ ԵՄ դիտորդների տեղակայումն էր ՀՀ տարածքում: Բայց ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը չեն պատրաստվում երկար ժամանակ տրամադրել այս բանակցություններին, նրանց արագ լուծումներ են հարկավոր: Իսկ Ադրբեջանը ցանկացած հարթակում կարողանում է իր դիրքորոշումներն առաջ մղել, և պարզ էր, թե ինչու ռուսական հարթակն այդքան էլ չգոհացրեց Ադրբեջանին ԼՂ կարգավիճակի պատճառով։ Իսկ թե ինչու Հայաստանը սկսեց մերժել ՌԴ միջնորդությունը՝ անհասկանալի է: Ուստի այն, ինչ տեղի է ունենում, լիովին սպասելի էր:
Որևէ միջնորդ, բացի Ռուսաստանից, այս ռեգիոնում չի ցանկանալու ստանձնել երաշխավորի դեր, իսկ ՌԴ-ն դա, լավ թե վատ, իրականացրել է: Բայց կողմերը ներկայումս իրենք են ընտրել բանակցել Արևմուտքում և դժգոհ են մնացել այդ բանակցություններից, իսկ Ռուսաստանը դեռ ոչինչ չի պատրաստվում առաջարկել կամ պարտադրել կողմերին, քանի որ, բացի Հարավային Կովկասից, շատ ավելի լուրջ խնդիրներ ունի: Հարավային Կովկասում ձևավորված ուժային հավասարակշռությունը գործոն է թե Ռուսաստանի, թե Արևմուտքի համար, սա փաստ է և սրանով է պայմանավորված Երևանի դժգոհությունը բոլորից, որն արդարացված չէ, քանի որ դրա փոխարեն՝ պետք է աշխատել, հասկանալ, թե ինչ է կատարվում աշխարհում»,- ասաց Ստանիսլավ Տարասովը:
Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը կարծիք հայտնեց, որ պայմանավորվածությունները չեն կատարվում, քանի որ Ադրբեջանն իր օրակարգն է թելադրում և առաջ է մղում միայն այն, ինչով հետաքրքրված է: Իսկ միջնորդները, ըստ նրա, այս աշխարհաքաղաքական տուրբուլենտության փուլում ունակ չեն ապահովել բանակցային կայունություն:
«Եթե գործեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչն անհնար է, կարելի էր ակնկալել, որ բանակցային գիծը գոնե կայուն կլիներ, Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ավելի արդյունավետ կլիներ: Նույնիսկ Հաագայի դատարանի որոշումն է Ադրբեջանն անտեսում, ու դա չի կարող որևէ հետևանք ունենալ: ՀՀ իշխանություններին թվում է, որ Արևմուտքը պետք է ամեն բան թողնի և զբաղվի Հարավային Կովկասի խնդիրներո՞վ. ցավոք, այս ռեգիոնը միայն այս փուլում Արևմուտքի համար ունի այն կարևորությունը, որն ունի, բայց նույնիսկ դա հաշվի առնելով՝ Արևմուտքը Հարավային Կովկասում և հատկապես այս հակամարտությունում աշխատելու ձևը չի գտել, ու կարծում եմ՝ չի էլ ցանկանում:
Ինչպես Շոլցն ասաց, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ կարգավորեն իրենց հարաբերությունները, ամենակարևորն Արևմուտքի համար սա է, իսկ թե ինչպե՞ս դա տեղի կունենա, կարող է քննարկվել ու կարգավորվել կողմերի միջև, այդ տարբերակը շատ հարմար է Արևմուտքին: Իսկ Ռուսաստանը, ինչպես ցույց տվեց հետպատերազմյան շրջանը, կրկին ունենալով գլոբալ խնդիրներ, կարողացավ որոշակիորեն աշխատել պայմանավորվածությունների շրջանակում, թեև դա ևս լիարժեք չէր, սակայն ռեգիոնում աշխարհաքաղաքական ազդեցությունը հենց դա է, երբ կա հարցերը կարգավորելու ունակություն և փորձ»,- ասաց նա: