Թուրքիան մեզ տալիս է օրինակը, թե ինչպես պետք է ՌԴ-ի հետ աշխատել. Արա Սահակյան
«Դեպի ո՞ւր է գնում տարածաշրջանը. նոր զարգացումներ» թեմայով քննարկմանը Հայաստանի խորհրդարանի նախկին փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանն արձանագրել է, որ ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում նվազել է:
«Այս իշխանության վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ նաև իր խորքում ստորության, երախտամոռության երանգ ունի՝ օգտվել դաշնակցի նեղ վիճակից»,- նշել է նա՝ հավելելով, որ Թուրքիան մեզ տալիս է օրինակը, թե ինչպես պետք է ՌԴ-ի հետ աշխատել, երկու երկրները նրբորեն իրականացրեցին անհամաձայնությունները համաձայնեցնելու ուղեգիծը, այսինքն, համաձայնեցրեցին բոլոր այն կետերը, որտեղ կա անհամաձայնություն:
«Եվ այսօր ՌԴ-ն Թուրքիայից կարողացել է պոկել հետևյալը. Թուրքիան պրոուկրաինական դիրքորոշում ունի, բայց ընդգծված հակառուսական դիրքորոշում չունի: Մենք ուզում ենք Եվրոպայի հետ մերձենալ, բայց դա չի նշանակում, որ պետք է ոչնչացնես գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ ՀԱՊԿ-ը: Մենք ՌԴ-ի հետ կարող ենք գնալ այդ ճանապարհով, որ մենք ՀԱՊԿ-ից չենք պահանջում դատապարտող բանաձև, բայց պահանջում ենք ռազմական աջակցություն: Կամ Եվրոպայի հետ աշխատելիս, այո, համագործակցում ենք ինստիտուցիոնալ ինչ-ինչ բարեփոխումների հարցում, բայց մեր առջև մի դրեք ՌԴ-ի հետ կապերը խզելու պայման»,- նշել է Արա Սահակյանը:
Ըստ նրա, ՀՀ իշխանությունները հիմք ընդունելով պատերազմի արդյունքները, հստակ ցույց են տալիս՝ պարտված ենք, և այն, ինչ անում ենք, նպատակը նոր պատերազմը կանխելն է և նոր կորուստներից խուսափելը:
«Ես կարծում եմ, որ սա ամենավտանգավոր ճանապարհն է, և սա ամենաարագ ձևով է մոտեցնում մեզ նոր աղետների»,- շեշտել է Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում