«Անհեթեթ տեղեկություն է, սխալվել է Freedom House-ը». Նիկոլ Փաշինյան
«Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, ո՞նց կարող է նման բան լինել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում նշել է, որ ՀՀ կառավարությունը լրտեսական ծրագրեր է օգտագործել լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներին գաղտնալսելու համար:
Հարցն ակնհայտորեն անակնկալի բերեց Փաշինյանին, և ինքը սկսեց ճշտող, բայց հարցի բովանդակությանը չառնչվող հարցեր տալ.
«Ինչ-որ մեկն ասել է, որ մենք ի՞նչ ենք օգտագործել, տնտեսական ծրագրե՞ր»:
«Ո՛չ, դուք օգտագործել եք լրտեսական սարքեր»,- պատասխանեց լրագրողը:
«Դա այնքան անհեթեթ տեղեկություն է, սխալվել է Freedom House-ը…
Ինչ վերաբերում է գաղտնալսումներին և հետապնդումներին, ես հիշում եմ, որ մի շրջան կար, երբ ընդդիմադիրներն ինչ-որ SMS-ներ էին հրապարակում, ասելով, որ իշխանությունը մեր դեմ ինչ-որ ծրագիր է օգտագործում: Ես ուղղակի հարկ չհամարեցի, որ իմ ու իմ ընտանիքի անդամների հեռախոսների սքրինշոթերը հրապարակեմ, որ այդ նույն SMS-ներից ստացել ենք նաև մենք»:
Անդրադառնալով Freedom house-ի այլ դիտարկումներին, թե իշխանությունը խոսում էր բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, բայց 2 գործարար իշխող խմբակցության անդամ են, անկախ կառույցներում՝ ԲԴԽ և ԿԸՀ, նշանակված են նախկին ՔՊ-ականները, Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Տեսեք, մենք նաև որոշակի քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել և այդ պատասխանատվությունը պետք է կրենք մինչև վերջ: Եթե դուք ասեք, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, ես դա կհամարեմ փաստ, դուք ասում եք՝ կուսակցության նախկին անդամն է այնտեղ գործուղվել, գործուղվել է՝ որպես երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվի, որովհետև մենք, այդ թվում՝ 2021 թվականի ընտրություններում, տեսել ենք ընտրությունների արդյունքները կեղծելու փորձեր, իսկ ընտրությունների արդյունքները և ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է:
Ինչ վերաբերում է դատական համակարգին, մինչև այդ փաստը, մեզ ասում էիք՝ բա դուք դատական համակարգում բարեփոխումներ էիք խոստանում, խոստանում էիք, որ էս կլինի, էն կլինի, բա ինչի՞ այդ ամեն ինչը չեղավ: Հենց որ մենք 4 տարի չարչարվում ենք և դեռ շարունակում ենք չարչարվել ու դեռ երկար շարունակելու ենք չարչարվել, որ Հայաստանում իրոք անկախ դատական համակարգ լինի, ասում եք՝ ձեր նախկին կուսակցականն է, բա ո՞ւմ նախկին կուսակցականը լինի: Բա մենք էդ էինք ասում, 2018-ից այդ գիծն ենք տանում, որ դատական համակարգը պետք է լինի անկախ, ու շարունակում ենք այդ գիծը տանել առաջ:
Ես էլ հակառակ վիճակագրությունը բերեմ, որ նույն Եվրոպական միության զեկույցների համաձայն՝ «Արևելյան գործընկերության» երկրների շարքում Հայաստանը բացարձակ առաջատար է անկախ դատական համակարգի ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում, և այդպես շարունակ»:
Լրագրողի դիտարկմանը, որ Freedom House-ի նույն զեկույցում անդրադարձ կա նաև 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, երբ հետապնդումներ սկսվեցին այն համայնքապետերի նկատմամբ, որոնք ընտրվել էին ոչ իշխանության քվոտայով, Փաշինյանն այսպես արձագանքեց.
«Այդ դեպքերում քրգործերը հարուցված են եղել շատ վաղուց, ասենք՝ 2019 թվականին, 2020 թվականին, 2021 թվականին: Երեք տարի մամուլը իրավապահ համակարգին քննադատում էր, ասում էր՝ քրգործերը հարուցել եք, ոչ մի գործողություն չեք անում: Հետո այդ քրեական գործերը գնացել են, և ինչ-որ պահի հասունացել է պահը, որ պետք է լինեն կոնկրետ գործողություններ: Եթե ձերբակալեին կամ կալանավորեին ընտրություններից առաջ, ասելու էին՝ կալանավորեցին, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենան: Կալանավորեին ընտրություններից հետո, պետք է ասեին՝ կալանավորեցին, որովհետև իրենց կուսակցության ներկայացուցիչը չի ընտրվել: Չկալանավորեին, ասելու էին՝ այդ քրեական գործը որպես ազդեցության լծակ՝ պահել են, որպեսզի իրենց կառավարելիության տիրույթում պահեն որևէ մեկին: Ես գիտեմ ճշմարտությունը մեր իրավապահ համակարգի, մեր պետական համակարգի, մեր թիմի գործողությունների մոտիվացիայի մասին: Այդ մոտիվացիան հետևյալն է՝ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ: Ընտրվել է, չի ընտրվել, մեր կուսակցությունից է, մեր կուսակցությունից չի, մեր թիմից է, մեր թիմից չի, ունեն երկրորդական նշանակություն, որոնք այդ կարգի պրոցեսների վրա ազդեցություն ունենալ չեն կարող»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում